Քիչ առաջ ավարտվեց Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Ավագանու անդամների միաձայն որոշմամբ՝ Իջևան համայնքի ծնողազուրկ և հաշմանդամություն ունեցող երեխաներն անվճար կհաճախեն կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններ։ Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ խոսքը վերաբերում է և՛ միակողմանի, և՛ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին։
«Կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններ ասելով մենք նկատի ունենք ոչ միայն մանկապարտեզներն ու նախակրթարանները, այլև արվեստի և երաժշտական դպրոցները։ Այս պահին ունենք նման հաստատություններ հաճախող ծնողազուրկ 55 և հաշմանդամություն ունեց 9 երեխա, իհարկե ընթացքում այս թվերը կարող են փոփոխվել»,-նշեց Ղալումյանը։
Կարդացեք նաև
Հավելենք, որ ընդունված որոշումը կգօրծի 2023թ-ի հունվարից։ Ավագանու արտահերթ նիստի օրակարգի 2-րդ հարցը Տավուշի մարզի, Իջևան համայնքի «Ենոքավան բնակավայրի հողօգտագործման գլխավոր հատակագծի մշակում, քաղաքաշինական կանոնադրության և կառուցապատման կանոնակարգման պլանի մշակում» նախագծի մշակման առաջադրանքի նախագիծը համաձայնեցնելու մասին էր։ Վերջին հարցը վերաբերում էր սուբվեն ծրագրերի հատկացումներին։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ