Ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը, որը վերջերս բնակություն է հաստատել Արցախում և նշանակվել Արցախի պետնախարար, հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ» պարբերականին: Հարցազրույցի՝ Արցախին վերաբերող հատվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.
– Բաքվի ու Երևանի միջև ընթանում են ինտենսիվ բանակցություններ, երբեմն թվում է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը մրցակցում են այս բանակցություններում առավել հաջողակ միջնորդի հեղինակության համար, բայց այսպես թե այնպես, բոլորն արդեն բարձրաձայն ասում են, որ մինչև տարեվերջ կարելի է հասնել խաղաղության պայմանագրի: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կարող է այդ պայմանագիրը նշանակել Արցախի համար, եթե հաջողվի դրան հասնել:
– Մենք բոլորս պետք է հասկանանք, որ երբ մենք խոսում ենք Արցախի ճակատագրի մասին, պետք է հենվել Արցախի ժողովրդի կարծիքի և որոշումների վրա: 1988թ. սկսվեց ժողովրդի ինքնադրսևորման գործընթացը, մարդիկ հայտարարեցին, որ այլ կերպ են տեսնում իրենց տեղը խորհրդային տարածությունում: Ինձ թվում է՝ միանշանակ դրված է միայն մեկ հարց. Արցախի ապագան, այս հողում ապրող մարդկանց ապագան պետք է որոշվի, լուծվի նրանց մասնակցությամբ: Եվ այդ առումով ցանկացած բանակցություններ, որոնք այսօր ընթանում են, չեն կարող լինել առանց Արցախի:
– Բայց դրանք ընթանում են առանց Արցախի:
Կարդացեք նաև
– Դա այն բաներից է, որը ես անընդունելի եմ համարում: Ես կարծում եմ, որ դա ճիշտ չէ: Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը մանդատ չունի Արցախի փոխարեն որոշելու՝ ինչպես պետք է նրանք ապրեն: Եվ այս առումով միջազգային հանրությունը պետք է հասկանա. այն մարդասիրական աղետի համար, որ այստեղ կարող է տեղի ունենալ, պատասխանատվությունն ընկնելու է բոլորի վրա:
Այս առումով ռուս խաղաղապահների առկայությունը շատ կարևոր զսպման տարր է: Եվ եռակողմ հարաբերությունների պահպանումը անվտանգության երաշխավորների, Արցախի հողում ապրող մարդկանց և մեր հարևանների միջև բանակցությունների միակ հնարավոր մոդելն է:
Ուստի Հայաստանի Հանրապետությունը պետք է իր բանակցությունները վարի իր հարաբերությունների (Ադրբեջանի հետ- «Կոմերսանտ»), սահմանագծման, սահմանազատման, միջանցքների շուրջ, բայց Արցախի ճակատագիրը պետք է որոշվի իրենց կողմից: Արցախի ճակատագիրը պետք է որոշվի այստեղ` մեզ հետ:
– Սոչիում տեղի ունեցան բանակցություններ Երևանի և Բաքվի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Դրա արդյունքում ընդունվել է համատեղ եռակողմ հայտարարություն, որում Ղարաբաղի թեման ընդհանրապես չի հիշատակվում: Կցանկանայի լսել Ձեր գնահատականը և՛ բանակցությունների, և՛ դրա արդյունքում ընդունված հայտարարության վերաբերյալ:
– Ցավոք, բանակցությունները չի կարելի հաջողված համարել: Եզրափակիչ տեքստում չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որը մնում է բաց: Բացի այդ, որևէ տեղ չի խոսվում, որ ռուս խաղաղապահները կշարունակեն ապահովել խաղաղություն և կմնան Արցախում՝ զսպելով կողմերին ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, մինչև որ չգտնվի քաղաքական լուծում: Բացի այդ, այնտեղ չկա հայտարարություն, որ միջազգային միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցի լուծմանը կներգրավվեն ներկայացուցիչներ հենց Լեռնային Ղարաբաղից:
Այն, ինչ կա փաստաթղթում, որևէ կերպ չի կարող ձեռնտու լինել ինձ, Արցախի և նրա ժողովրդի համար: Հույս ունեմ, որ Սոչիի ձևաչափով բանակցությունները կշարունակվեն և ցանկալի արդյունք կտան: Մենք պետք է մեր բոլոր գործողություններով ցույց տանք. Արցախի հետ կարելի է և պետք է հաշվի նստել: Քանի որ կա սուբյեկտ, պետք է առաջ գա նաև սուբյեկտայնություն: Դա այն նպատակներից մեկն է, որը ես իմ թիմի հետ դնում եմ մեր առջև Արցախում:
– Ադրբեջանը ղարաբաղյան հարցն իր համար լուծված է համարում, և որքանով ես եմ հասկանում, Բաքուն ելնում է նրանից, որ անգամ այն իր վերահսկողությունից դուրս հատվածը, որտեղ հիմա մենք գտնվում ենք, Ադրբեջան է: Եվ հետագայում արդեն հարաբերությունները պետք է դասավորել հայկական և ադրբեջանական համայնքների միջև: Ինձ թվում է՝ այստեղ կա բավականին պայթյունավտանգ խնդիր, և կցանկանայի լսել Ձեր կարծիքը՝ ինչպե՞ս ես տեսնում նման փոխզիջման հնարավորությունը:
– Ես ասացի. իմ բանաձևն է ապրել կողք կողքի, բայց ոչ միասին: Հույս ունեմ, որ ողջամտությունը կգերակայի Ադրբեջանի ղեկավարության մոտ, քանի որ նրանց նույնպես նոր զոհեր պետք չեն: Եվ ընդհանուր առմամբ հեշտ չի լինի բացատրել աշխարհին, եթե նրանք փորձեն ռազմական ճանապարհով ոչնչացնել այստեղ ապրող բնակչությանը, որոնք ասում են, որ մենք Ադրբեջանի մաս չենք, երբեք չենք եղել Ադրբեջանի մաս: Այստեղ իսկապես բավականին կոշտ երկու դիրքորոշում կա, որոնք համատեղելի չեն: Խնդիրը հասկանալի է: Ազգի ինքնորոշման իրավունքը և դրա շուրջ հարցերի ողջ համալիրը հակադրության մեջ է մտնում տարածքային ամբողջականության հետ:
Պետք է ասել, որ տարածքային ամբողջականությունը, որը քննարկում է Ադրբեջանը, նույնպես բազմաթիվ հարցեր է առաջացնում, քանի որ Խորհրդային Միության փլուզման պահին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը դե յուրե Ադրբեջանի մաս չէր: Այս ամենը պետք է քննարկել, վիճել, բայց ինձ թվում է, այդ ամենն անիմաստ է, եթե չկա երկու ժողովուրդների կամքը: Չնայած նրան, որ մենք տրամագծորեն տարբեր դիրքորոշումներ ունենք, մենք պետք է հնարավորություն գտնենք խոսելով շոշափել այն հավասարակշռությունը, որը երկու կողմերին թույլ կտա պահպանել խաղաղությունը:
Ավելի լավ է վատ խաղաղություն, քան լավ պատերազմ: Ես խորապես համոզված եմ, որ ադրբեջանցի ժողովրդի համար էլ, որը նույնպես ունի բազմաթիվ բարդություններ, բազմաթիվ խնդիրներ տնտեսության մեջ, սոցիալական ոլորտում և իր քաղաքների ու գյուղերի զարգացման հարցում, պատերազմի նոր ալիքը, նոր թվով մարդկանց կորուստները, որոնք հասկանալի չէ՝ ինչի համար են զոհվում, անիմաստ է:
Մենք պայքարում ենք մեր հողի համար, մենք պայքարում ենք նրա համար, որտեղ ապրում ենք: Ադրբեջանցու համար, որն այստեղ չի ապրել և չի ապրում, սա միանգամայն այլ պատերազմ է: Դա նույնպես պետք է հասկանալ: Կան երկրների օրինակներ, որոնց ցանկացել են գրավել հսկայական կայսրություններ, և նրանց մոտ ոչինչ չի հաջողվել: Մարդիկ իրենց երկրի համար պայքարում են այլ կերպ, քան պարզապես երբ դու կռվում ես ելնելով ինչ-որ տնտեսական, քաղաքական շահերից կամ ամբիցիաներից:
– Այն, ինչ հիմա դուք ասում եք, բնականաբար, պահանջում է զրուցել Բաքվի, և հնարավոր է, անգամ Թուրքիայի հետ: Դուք ունե՞ք փորձ: Գուցե դուք արդեն ինչ-որ ձևով գծանշել եք այդ շփումները:
– Դուք գիտեք, ես երբևէ չեմ եղել որևէ պետական ապարատում, չնայած ներդրումային բանկիրի հիմնական գործառույթը բանակցություններն են: Իմ փորձը բիզնեսում ցույց է տալիս, որ ես կարող եմ պայմանավորվել շատ տարբեր մարդկանց հետ: Եվ ես հույս ունեմ, որ այդ փորձը կիրառելի կլինի, քանի որ իմ երկրի կողմից կա կամք ու ցանկություն: Երբ կա ազնիվ և ամբիցիոզ նպատակ, և երբ կա ներքին պատրաստակամություն ներգրավվել 100 տոկոսով, ամեն ինչ կստացվի:
– Ես չեմ հասկանում՝ տեխնիկապես ինչպես կարող է Ստեփանակերտը ներգրավվել բանակցություններում կամ բանակցություններ սկսել Բաքվի հետ:
– Ադրբեջանը չի կարող ասել, որ խնդիրներ չկան, քանի որ, այնուամենայնիվ, այստեղ ապրում է մոտ 120 հազար մարդ և ապրում են նրանք այլ օրենքներով, այլ անձնագրով և ամբողջ կառավարման համակարգն այստեղ այլ կերպ է գործում: Ուզում են նրանք դա, թե ոչ՝ նրանք պետք է ընտրեն կոնտրգործընկերներ, որոնց հետ կխոսեն այն մասին, ինչի այստեղ կատարվում է:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ