«Այս պահին պաշտոնական տեղեկություն չունեմ, բայց չեմ բացառում նման խնդիրները։ Ձայների բաշխվածությունը մոտ էր, եւ գուցե որոշ թեկնածուների մոտ վերահաշվարկի հարց առաջանա»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով տեղեկություններին, որ ՔՊ վարչության անդամների ընտրության արդյունքները վերահաշվարկի են ենթարկվել՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նրա խոսքով՝ ինքն էլ է մամուլից իմացել, որ վերահաշվարկի արդյունքում ՔՊ վարչության երկու անդամներ՝ Հայկ Կոնջորյանը եւ Համբարձում Մաթեւոսյանը, փոխարինվել են, բայց դա չի կարելի համարել պաշտոնական տեղեկատվություն․ «Եթե եղել է վերահաշվարկ, ապա դա բացառիկ բան է կուսակցությունների պատմության մեջ»։
Հարցին՝ ՔՊ-ում տարաձայնություններ, թեւերի բաժանում կա՞, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Շատ մարդկանց թվում է, թե Փաշինյանի շուրջը հավաքվածները սուրբ են։ Չկա նման բան։ Ոնց հասարակությունն է հիվանդ, այդպես էլ հիվանդ ենք բոլորս։ Բոլորս էլ ունենք թերություններ։ Ես ինքս եմ բռնացրել, որ թիմակիցներիս տարաձայնությունները որոշ հարցերում ավելի խորն են, քան իմ եւ ընդդիմության։ Վերահաշվարկը ցույց է տալիս, թե մենք ինչքան լուրջ ենք վերաբերվում սրան։ Կուսակցության վարչության վրա որեւէ բիծ չպետք է լինի»։
Կարդացեք նաև
Հովիկ Աղազարյանը դժվարացավ մեկնաբանել տեղեկությունները, թե ՔՊ-ն բաժանվել է ավինյանականների եւ պապինյանականների միջեւ․ «Ես էլ աղազարյանական եմ»։ Հարցին՝ տեղեկություններ կան, որ ՔՊ վարչության կազմը ձեւավորվել է սկզբունքով, թե ով է ավելի հավատարիմ Նիկոլ Փաշինյանին, Աղազարյանն արձագանքեց․ «Ինձանից հավատարիմ Փաշինյանին չկա եւ ես չեմ ընտրվել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ