Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւոր է կոռեկտ քննարկումների դաշտի ձեւավորումը. «Ապագա հայկականը» համաժողովին ընդառաջ

Նոյեմբեր 03,2022 19:20

«Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի անդամները երեկ հանդիպեցին հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

«Ապագա հայկականը» նախաձեռնությունն ունի ավելի քան 100 հազար համանախաձեռնող՝ ավելի քան հարյուր  երկրներից: Նախաձեռնության նպատակն է՝ Հայաստանի եւ հայ ազգի կայուն զարգացման շուրջ ստեղծել կայուն գիտակցություն, Հայաստանի, որպես երկրի եւ հայերի, որպես ազգի համար: Նախաձեռնությանը կարող են միանալ բոլորը, այդ թվում նաեւ անհատները՝ ստորագրելով 15 կետերից բաղկացած զարգացման տեսլականի ցանկը, այն մշակվել է մոտ 300 մասնագետների կողմից:

Զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ զարգացման տեսլականների շուրջ համընդհանուր ըմբռնում ունենալու նպատակով, որոշվել է անցկացնել «Քաղաքացիական ասամբլեա» եւ այդ տարբերակով ստանալ ամբողջական մանրակերտ: Իռլանդիայում, այդ մոդելը դրական ազդեցություն է ունեցել քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, Անգլիայում, այն նույնպես դրական դերակատարում է ունեցել՝ Brexit-ից հետո, որպեսզի հասկանալի լինի, թե ո՞ւր է գնում երկիրը, Ֆրանսիայում էլ «դեղին բաճկոնների» ճգնաժամի ժամանակ է մոդելն աշխատել:

«Քաղաքացիական ասամբլեայի» հիմքով, 2023 թվականի մարտի 10-12-ին, կկայանա «Ապագա հայկականի» առաջին համաժողովը: Նախաձեռնության 15 նպատակներից համաժողովի համար ընտրվել են երեք թեմաներ՝ պատմական պատասխանատվություն, Հայաստան-Սփյուռք միասնականություն եւ բնակչության աճ: Թեմաներն ընտրվել են 100 հազար աջակիցների շրջանում արված հարցման արդյունքում:

«Համաժողովի առաջին սկզբունքը՝ դա միասնականությունն է: Համաժողովը նպատակ ունի ձեւավորել իրական միասնականություն, որտեղ մեկ դահլիճում, մեկ սեղանի շուրջ նստած են հայրենիքից եւ Սփյուռքից մասնակիցներ եւ քննարկում են ընդհանուր ծրագրերը»,- ասաց Արտակ Ապիտոնյանը՝ կարեւորելով նաեւ տարբեր քաղաքական դիրքորոշումներ եւ մոտեցումներ ունեցող մարդկանց միասնականությունը: Փորձ է արվելու այդ աշխատանքներին ներգրավվել նաեւ այն մարդկանց, ովքեր իրենց որոշակիորեն դուրս են համարում գործընթացներից: Հաջորդ կարեւոր սկզբունքը ներառականությունն է. Արտակ Ապիտոնյանը հավաստիացրեց, որ գործընթացը բաց է ՀՀ-ի, Արցախի եւ Սփյուռքի մեր չափահաս հայրենակիցների համար: Համաժողովին հնարավոր է մասնակցել նաեւ վիրտուալ հարթակում:

Երրորդ սկզբունքը՝ թափանցիկությունն է, որը նույնպես ապահովված է: Այժմ երեք փորձագիտական հանձնախմբերն աշխատում են, հանձնախմբերի աշխատանքին մասնակցությունը բաց է, ցանկացողները կարող են միանալ:

Չորրորդ սկզբունքը՝ հանրային արդյունքն է. «Համաժողովի բոլոր քննարկումները, բոլոր արդյունքները հանրության սեփականությունն են, դրանք կարող են օգտագործվել՝ առանց հատուկ թույլտվության: Իրականում, գործընթացի նպատակն է ձեւավորել ընդհանուր մասնակցային դաշտ եւ սա բերում է մեր հինգերորդ սկզբունքին, որն է՝ նոր մոտեցում, նոր արդյունքով: Մենք ցանկանում ենք ձեւավորել նոր մոտեցում. առաջինը՝ կոռեկտ քննարկումների դաշտի ձեւավորումն է: Այսօր, հաճախ նկատում ենք, որ քննարկումների փոխարեն ունենք ուղղակի միմյանց հայհոյանք կամ նվազագույն դեպքում՝ քննադատություն: Սակայն, քննարկում՝ ընդհանուր նպատակների ձեւավորման, ընդհանուր նպատակների ուղղությամբ աշխատելու դաշտ ստեղծելու համար, չի ձեւավորվում: Մեր նպատակն է՝ փորձել ձեւավորել այդ դաշտը: Եվ երկրորդ կարեւոր մոտեցումը, դա քաղաքացիական պատասխանատվության ձեւավորումն է»:

Ըստ Արտակ Ապիտոնյանի, թվում է թե այդ ինստիտուտը Հայաստանում կայացած է, սակայն, թե որոշումների կայացման մեջ, թե դրանց իրականացման մեջ, քաղաքացին մասնակցություն չունի եւ փորձը ցույց է տալիս, որ ներկայիս մոդելը, երբ քաղաքացին ընտրում է ներկայացուցիչներ, որոնք իր փոխարեն որոշումներ են կայացնում եւ իրականացնում են, քիչ է: Այժմ միտումները գնում են նրան, որ քաղաքացին մասնակցի որոշումների կայացմանը եւ պատասխանատվություն կրի դրանց համար: Բանախոսը հույս ունի, որ այս արդյունքների ձեւավորումը Հայաստանում կարող է մթնոլորտ փոխել՝ բերելով նոր մոտեցումներ եւ արդյունքներ: Գործընթացը երկարատեւ է, երբեմն նաեւ պահանջում է սերունդների հետ աշխատանք, բայց Արտակ Ապիտոնյանն ասում է՝ պետք է սկսել մեկ կետից, որտեղ բոլորս պատրաստ կլինենք նստել մեկ սեղանի շուրջ, խոսել միմյանց հետ, փորձել ձեւավորել միասնական տեսակետներ եւ գտնել հարթակներ՝ դրանք իրագործելու համար: Բանախոսը գտնում է, որ միայն այս տարբերակով է հնարավոր դիմագրավել առկա մարտահրավերներին եւ առաջ շարժվել:

Մարտին կայանալիք համաժողովը երեք փուլից է բաղկացած՝ փորձագիտական խմբերի քննարկումներ, հանրային քննարկումներ եւ համագործակցային ցանցի ձեւավորում: Ցանցում ներգրավվելու են եւ պետական, եւ մասնավոր, եւ բարեգործական, եւ այլ հարթակները: Ձեւավորվելիք ցանցում, «Ապագա հայկականը» չի ստանձնելու նախագահողի ֆունկցիա:

Նախագահողին նույնպես ընտրելու են մասնակիցները, հավանաբար, ռոտացիոն կարգով: Փորձագիտական հանձնախմբերի քննարկումների արդյունքում մշակվելու են առաջարկներ, հնարավոր զարգացման տարբերակներ, որոնք դրվելու են համաժողովի քննարկմանը: Համաժողովի, մասնակիցները՝ 100 մասնակից հայրենիքից եւ 100 մասնակից Սփյուռքից, տալիս են իրենց առաջարկները եւ եզրակացությունները, որոնց հիմա վրա էլ ձեւավորվում են արգացման երեք հնարավոր սցենարներ՝ ռազմավարական առաջարկների եւ քաղաքականություն վարելու մասով:

Մոդելը փորձարկվել է արցախյան համաժողովում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930