Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան մեկ շաբաթ է՝ Հայաստանի ԱԳՆ-ն, բերանը ջուր առած, չի արձագանքում ռուսական նոտային. Զատուլին

Նոյեմբեր 03,2022 18:35

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Telegram-ի իր էջում հերթական անգամ անդրադարձել է Հայաստանի իշխանությունների կողմից իր մուտք արգելելու որոշմանը.

«Ինչպես հայտնի է, Բուբա Կիկաբիձեն, երբ Միմինո էր, կարծում էր՝ իր տարիները իր հարստությունն են: Իմ նկատմամբ բոլոր արգելքները, արտաքսումները և պատժամիջոցները՝ լինի դա Ուկրաինայի կողմից, Ադրբեջանի, Էստոնիայի կամ այլ, համարում եմ վաստակած: Նշանակում է, չեմ ստում և չեմ սխալվում, երբ խոսքը վերաբերում է նրանց վարքին, Ռուսաստանի նկատմամբ իրական վերաբերմունքին և ռուս մարդուն:

Հայաստանի հետ դեպքն առանձնահատուկ է: Արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Հայաստանի ԱԳՆ-ն բերանը ջուր առած, չի արձագանքում ռուսական նոտային, որով պահանջվում է բացատրություն իմ մուտքը Հայաստան «անցանկալի» հայտարարելու պատճառների և ճշգրտության մասին:

Ճիշտ է, Ռուսաստանում Հայաստանի այժմյան դեսպանը, նախկին պաշտպանության նախարարը, որը 90-ականներին նախագահ Քոչարյանի կողմից հեռացվել էր, իմ Սոչիի ընտրական շրջանում հայկական համայնքի հանդիպման ժամանակ ասել է, որ խնդիրն իմ մեջ չէ, այլ Ռոբերտ Քոչարյանի հետ իմ ընկերության: Կարելի՞ է սա համարել պաշտոնական բացատրություն:

Հետաքրքիր է իմանալ: Միայն ես չէ, որ ընկերություն եմ անում Քոչարյանի հետ. ի գիտություն, Ռուսաստանի նախագահը նույնպես: Ես ընկերություն եմ անում բազմաթիվ մարդկանց հետ Հայաստանում և աշխարհում. գուցե Հայաստանի իշխանությունները բարեհաճեն հայտնե՞լ՝ ում հետ է կարելի, և ում հետ չի կարելի ընկերություն անել, որպեսզի հնարավորություն ունենամ անհրաժեշտության դեպքում պաշտպանել Հայաստանը, Արցախը և հայ ժողովրդին:

Հայկական կողմից պաշտոնական բացատրությունների վակուումը լցնում է Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը: Երկու շաբաթվա մեջ երկրորդ անգամ այն բանից հետո, երբ նա ինձ շնորհակալություն հայտնեց Լազարյան ակումբի նիստին հրավերի համար և իր ենթակայի միջոցով արգելեց իմ մուտքը Հայաստան, նա լրագրողներին պատմել է, որ արգելքի մասին որոշումը վաստակած է, բայց ուշացած. ընդ որում մեկ շաբաթվա ընթացքում սեփական ԱԳՆ-ում չի հաջողվել պարզել՝ արդյոք Ռուսաստանն այդ առիթով բացատրություն պահանջել է, թե ոչ:

Պարոն Սիմոնյանն ու հայ պալատական բլոգերները պնդում են, որ ինքնիշխան Հայաստանի պատժիչ ձեռքը, Զատուլինի և Սիմոնյանի օրինակով, կընկնի ցանկացածի վրա, ով «կխախտի ինքնիշխանությունը» և «չի հարգի Հայաստանի սահմանները»: Չէի՞ք բացատրի՝ մեզնից ով, երբ և ինչպես «չի հարգել ինքնիշխանությունը» և «խաթարել է սահմանները»: Հստակ և բառացի:

Կասկածներ ունեմ, որ այնուամենայնիվ խոսքը Նիկոլ Փաշինյանի կառավարության և Ազգային ժողովի նրա բարեկամների քաղաքականության գնահատականի մասին է, որոնք արդեն տվել-անցել են Լյուդովիկոս 14-րդին: Նա կարծում էր, որ «պետությունը ես եմ», իսկ սրանք կարծում են, որ ոչ միայն Հայաստանը, այլև հայ ժողովուրդը, որտեղ էլ որ ապրի, ես եմ: Վերջակետ:

Գոնե գործը սահմանափակվեր միայն փառասիրությամբ ու ինքնասիրահարվածությամբ, բայց ախր խոսքը հայերի, Հայաստանի և Արցախի ճակատագրի մասին է: Եվ հայ-ռուսական հարաբերությունների մասին է նաև:

Երեկ ArmeniaReport-ի հեղինակը… բացահայտում է արել, թե ես Հայաստանը սիրում եմ ոչ թե հենց այնպես, այլ քանի դեռ այն դաշինքի մեջ է Ռուսաստանի հետ: Դա մահացու մեղադրանք է: Հետաքրքիր է, իսկ Լեռնային Ղարաբաղի դժբախտ հայերի՞ն ինչի համար եմ սիրում: Եվ ինչի՞ համար նրանց այդքան չեն սիրում Հայաստանի այսօրվա իշխանությունները, եթե թողնում են նրանց բարեգթությանը, ովքեր ցեղասպանությունը համարում են հորինված:

Խորհուրդ եմ տալիս զարգացնել հայտնաբերված ստեղծագործական մոտեցումը ոչ միայն մեզ՝ Ռուսաստանի նկատմամբ, այլև այլ երկրներից եկողների: Գուցե դրա համա՞ր է, որ ԱՄՆ Կոնգրեսում պարոն Սիմոնյանի զրուցակիցներն այդքան շատ են սիրում Հայաստանը Փաշինյանի օրոք, որովհետև հույս ունեն, որ այն Ամերիկայի հետ դեմ դուրս կգա Ռուսաստանին: Կասկածների տեղիք չի՞ տալիս:

Մի կողմ թողնենք սիրո նուրբ դրսևորումները: Ցանկանում եմ թեթևացնել Համլետների գործը, որոնք պատճառներ են փնտրում իր վերաբերմունքի, բառերի և գործողությունների համար: Ամեն ինչ պարզ է. մանկուց, բակից, դպրոցից տանել չեմ կարողանում դավաճանությունը: Կապ չունի՝ դա վերաբերում է մարդկանց միջև հարաբերություններին, թե՞ երկրների:

Ավելի լավ կլիներ Ալեն Սիմոնյանը լռեր, քան խոսեր ինձ պերսոնա նոն գրատա շնորհելու ուշացած որոշման մասին: Հիշում եմ՝ ինչպես խոսնակ ընտրվելուց հետո նա ինձ հրավիրեց ընթրիքի: Զրույցը ձգվեց, և ես արդեն պատրաստվում էի նստել մեքենան, երբ նա առաջարկեց ոտքով զբոսնել երեկոյան Երևանով: «Չէ՞ որ Դուք Հայաստանում այնքան հայտնի մարդ եք»: Մենք ջերմորեն հրաժեշտ տվեցինք միմյանց մարդկանց աչքի առջև, «Արմենիա» հյուրանոց հրապարակում:

Հանուն արդարության՝ քաջ մարդ է: Ախր Ալենը երևի թե լուրջ ռիսկի էր դիմում. չէ՞ որ գիտեր, որ այն ժամանակ էլ ընկերություն եմ անում Ռոբերտ Քոչարյանի հետ»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

https://t.me/konstantinzatulin/963?fbclid=IwAR0XMrU5wh_E9ufNfVQ9I-wK1OTgHoQcf5WagNCa6mR0kjwOXf1SQb7Ocms

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930