Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար ու դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից որակավորման ատեստավորման անցնելով:
ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ հիմա արդեն տեսանելի է դառնում պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը, որովհետեւ պայմանագրային զինծառայողների միջին աշխատավարձը 120 հազար դրամ է ու նա ստիպված ձեռքի հետ նաեւ տաքսի է քշում, որ կարողանա ընտանիք պահել, իսկ այդպես որակապես չի աճում:
Հայկ Սարգսյանը գոհ էր, որ այս ճանապարհով են պայմանագրայինների աշխատավարձը բարձրացնում, ոչ թե հավասարապես բոլորինը բարձրացնում են, այլ պայման են դնում:
Կարդացեք նաև
Գագիկ Մելքոնյանն ասաց. «Եթե այս նախագծով շարժվենք, գերազանց կլինի: Ռազմական ինստիտուտում 4 տարի սովորելուց հետո բոլորը գնում են զորամասեր՝ որպես դասակի հրամանատարներ, իրեն չի արդարացնում, բայց ոնց որ նորից իրեն բրդելով ուզենանք դարձնենք վաշտի հրամանատար: Ավելի լավ է ռազմական ինստիտուտում մի տարի սովորեն, որ դառնան դասակի հրամանատար, հետո 21 տարի սովորեն, որ դառնան վաշտի հրամանատար: Եթե ուզենան գումարտակի հրամանատար դառնան, քննություն հանձնեն,1 տարի գնան կուրսերի: Մարդիկ, ովքեր դասակի հրամանատար չեն ձգել մինչեւ վերջ, թող դասակի հրամանատար մնան մինչեւ կյանքի վերջը, թե չէ 4 տարի սովորեցնում եք, բերում դարձնում եք դասակի հրամանատար, ինքը չի կարողանում առաջ գնա, ստիպված պիտի բրդվի, որ գնա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ