Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է՝ մենք պետք է զոհաբերենք այդ մարդկանց ինչ-որ դիվանագիտական խաղերի՞ն»․ Եվրախորհրդարանի պատգամավորը՝ արցախցիների մասին

Նոյեմբեր 03,2022 17:34

«Եվրոպան այս պահին ակնհայտորեն էներգաանվտանգության խնդիր ունի և  բավականին լուրջ»,- Aravot.am-ի հարցին՝ ԵՄ-ի ու Բաքվի միջև էներգետիկ համագործակցության հուշագրի ստորագրումը և Ադրբեջանին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա վոն դեր Լեյենի կողմից հուսալի գործընկեր անվանելը չի՞ կաշկանդի ԵՄ-ին Ադրբեջանի նկատմամբ հասցեական քայլեր իրականացնել, Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։

Նա հավելեց․ «Իմ երկիրը 40 տոկոսով կախված էր ռուսական գազից, Գերմանիան 60 տոկոսով էր կախված։ Այսինքն՝ հարյուր հազարավոր տնտեսություններ, գործարաններ կփակվեն ամիսների ընթացքում, հետևաբար ես գերազանցապես տեղյակ եմ իրավիճակի բարդությունից։ Սակայն մյուս կողմից չեմ կարծում, որ դա պետք է մեզ ստիպի փոխել քաղաքականությանը և այնպիսի քաղաքականություն վարել, որը կթերագնահատի իրավիճակի լրջությունը և հաշվի առնելով այն, թե ինչ է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տեղի ունենում, Ադրբեջանի քաղհասարակության հետ, քանի որ վերջինս սեփական իշխանությունների զոհն է․ խոսքի ազատություն, բազմակարծություն չկա այդ երկրում։ Սա մի բան է, որը Եվրոպան չի կարող մերժել և չի կարող աչքաթող անել։ Կարծում եմ, որ այս հայտարարությունը լավ հավասարակշռված չէր, և առևտրային հարաբերությունների բազմազանությունը չի կարող ստվեր գցել մեր՝ մարդու իրավունքների հանձնառությունների վրա, ինչպես նաև բազմակարծության և դիվանագիտական լուծումների մեր ջանքերի վրա»։

Մեր մյուս հարցին՝ քանի որ այսօր ակտիվորեն առաջ է մղվում խաղաղության օրակարգը, այս համատեքստում ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի կարգավիճակի հարցը, պատգամավորը պատասխանեց․ «Առաջին հերթին կարգավիճակի հարցը պետք է որոշեն արցախցիները։ Այն չի կարող պարտադրվել որևէ դիվանագիտական ձևով, առավել ևս դիվանագիտական շանտաժի միջոցով։ Արցախցիները լիարժեք իրավունք ունեն շարունակելու իրենց կյանքը՝ ըստ ավանդույթների, տեսլականի և ըստ իրենց ծագման։ Ուստի կոչ եմ անում մի լուծում գտնել, որը կապահովի այս հիմնարար իրավունքների  իրացումը։ Դա հարգանքն է նրանց նկատմամբ արդար  բանակցությունների, այլ ոչ ճնշման ու պարտադրանքի միջոցով»։

Այնուհետև Ֆաբիո Մասիմո Կաստալդոն վրդովվեց․ «Ի՞նչ է՝ մենք պետք է զոհաբերենք այդ մարդկանց ինչ-որ դիվանագիտական խաղերի՞ն։ Թե կարգավիճակն ինչ կկոչվի, կրկին կախված է նրանց ցանկության արտահայտումից և միջազգային ճնշումից նաև, որը կարող է գործադրվել այդ բանակցությունների արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի շահերը հաշվի առնվեն։ Դա առաջնահերթ է ցանկացած դիվանագիտական գործընթացում, որը կանդրադառնա Արցախի կարգավիճակին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930