Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների կողմից տարածած ««Հայաստան» հիմնադրամի կանոնադրությունից փորձել են հանել Արցախի Հանրապետությունը» վերտառությամբ տեսանյութի և դրա վերաբերյալ մեկնաբանությունների.
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության նոր նախագծում, ինչպես նաև գործող կանոնադրությունում արցախահայությունը նշված է որպես շահառու, իսկ Արցախը շարունակում է ներկայացված լինել հոգաբարձուների խորհրդում: Հիմնադրամի գործող կանոնադրությունը կարող եք գտնել այս հղումով։
Միաժամանակ, հայտնում ենք, որ կանոնադրության նոր նախագիծը մշակվել է՝ այն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով։ Կանոնադրության նոր նախագիծը դեռևս քննարկման փուլում գտնվող աշխատանքային փաստաթուղթ է, որի վերաբերյալ ստացված բոլոր առաջարկությունները, այդ թվում նաև պարոն Արտակ Բեգլարյանից ստացվածները, կներկայացվեն Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամներից բաղկացած աշխատանքային խմբի քննարկմանը։ Աշխատանքային խմբի կողմից բոլոր առաջարկներն ամփոփելուց հետո կանոնադրության նոր նախագիծը կներկայացվի Հոգաբարձուների խորհրդի քննարկմանը և հաստատմանը։
Ուստի կոչ ենք անում զերծ մնալ Հիմնադրամի շուրջ վերստին անհարկի աղմուկ տարածելուց և շինծու մեկնաբանություններից։ Միևնույն ժամանակ հորդորում ենք մանրամասն ծանոթանալ Հիմնադրամի գործող կանոնադրությանը։
Կարդացեք նաև
1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 խոշոր ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 18 երկրներում գործող 19 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ