Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պայմանագրային զինծառայողները կարող են հավելավճար ստանալ՝ ատեստավորում անցնելու դեպքում. Պապիկյանի նոր նախագիծը

Նոյեմբեր 03,2022 17:22

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար ու դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից որակավորման ատեստավորման անցնելով:

Պապիկյանն ասաց. «Ժամկետային զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո հնարավորություն ունի դառնալ պայմանագրային զինծառայող՝ կնքելով հնգամյա պայմանագիր: Այս դրույթը նաեւ նրանց համար է: Մենք նրանց համար տալիս ենք 3 ամիս, առավելագույնը 4 ամիս, որ ատեստավորվի: Մինչ այդ ստանալու է այն աշխատավարձը, որը ստանում են սովորական պայմանագրայինները, որոնք դեռ չեն ատեստավորվել»:

Ատեստավորման կարգը ՊՆ-ն մշակել է, բայց դեռ քննարկման փուլում է. «Լինելու է ՊՆ նախարարի հանձնաժողով, որը բարձրագույն սպայական կազմի ատեստավորումն է անցկացնելու եւ մայորից բարձր զինվորական կոչում ունեցողները: ԳՇ-ի հանձնաժողովը մայորից ցածր  հատվածի շտաբային զինվորականության ատեստավորումն է անցկացնելու եւ կորպուսային ենք ունենալու»,- ասաց Պապիկյանը: Քննությունը լինելու է նորմատիվային, հաշվի է առնվելու տարիքը, առողջական վիճակը նույնիսկ:

Առաջին անգամ ատեստավորումը չանցնելուց հետո զինծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, ինչպես նաեւ դրա արդյունքներն ազդեցություն են ունենալու նաեւ պայմանագրային զինծառայողի կողմից տվյալ պաշտոնում հետագա պաշտոնավարման նպատակահարմարության որոշման վրա: Միաժամանակ, նպատակահարմար է համարվել հավելավճարի հաշվարկման նպատակով ատեստավորումն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ համապատասխան զինվորական պաշտոն զբաղեցնող զինծառայողների համար նախատեսել կամավոր հիմունքներով, իսկ օրենքով սահմանված զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված եւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող զինծառայողների համար՝ պաշտոնի նշանակվելու օրվանից հետո որոշակի ժամանակահատվածում՝ պարտադիր կարգով: Բացի այդ, ատեստավորման արդյունքներով հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները նույն պաշտոնում ենթակա են լինելու ատեստավորման երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:

Արմեն Խաչատրյան

ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը վստահ է, որ այս նախագիծը հանգեցնելու է նրան, որ պայմանագրային զինծառայող լինելու համար լինելու է նույնիսկ մրցույթ ու բարձրանալու է որակը:

Նա հետաքրքրվեց՝ աշխատավարձի համեմատ որքա՞ն է կազմելու հավելավճարը՝ մոտավոր հաշվարկով: Նախարարը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ 3 տարվա ընթացքում ամբողջ բարեփոխման համար 66 մլրդ դրամ են նախատեսում: Տարեկան միջինը ակնկալվելու է կառավարությունից 20 մլրդ դրամ:

Քրիստինե Պողոսյան

ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանն առաջարկեց, որ քննությունը հանձնեն ավտոմատացված կարգով՝ համակարգչով: Պապիկյանն ասաց, որ թեստ էլի կարող են հանձնել, բայց գործնական գիտելիքներ են պետք, որը թեստով չեն կարող պարզել: Բացի այդ, թեստով հրետանավորին չեն կարող առանց հրաձգության, առանց կրակելու քննությունը նշանակել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930