Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր գլոբուսում բացակայում է մի մայրցամաք՝ Աֆրիկան չկա». Գուրգեն Արսենյանի դիտողությունները՝ Միրզոյանին

Նոյեմբեր 03,2022 16:58

ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր ԱԺ-ում 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ իրեն դուր է գալիս Արարատ Միրզոյանի աշխատանքը՝ որպես ԱԳ նախարար, բայց չի գոհացնում ու դուր չի գալիս այն բյուջեն, որը ունի հիմա ԱԳՆ-ն: Հիշեցնենք, որ ԱԳՆ- հայտ էր ներկայացրել մոտ 19 մլրդ դրամի, բայց ֆիննախը հաստատել է 16 մլրդ դրամ: Արսենյանն ասաց. «Մեծ դիսբալանս՝ անհամաչափություն է ստեղծվում: Այն աշխատանքը, ակտիվությունը, որը կար արտաքին դիվանագիտական դաշտում, պետք է իր արտացոլանքն ունենար ֆինանսական ապահովման դաշտում: Ձեր բյուջեն պիտի 25 մլրդ-ից պակաս չլիներ, հավակնոտ ծրագրեր դնեիք ու պետական ֆինանսավորման խնդիր չէիք ունենա»:

Արսենյանը դժգոհեց նաեւ, որ շատ քիչ է ԱԳՆ-ի աշխատակիցների աշխատավարձը. «Անբավարար է: Մարդկանց, ովքեր պատրաստ են դառնալ դիվանագետ, սպասարկել ՀՀ պետական շահերը արտերկրում, դա անբավարար աշխատավարձ է: Մենք իրականացում ենք գործողություն, որով բարձրացնում ենք ուսուցիչների աշխատավարձը, զինվորականների աշխատավարձը, դիվանագետների գործն ու դերը պակաս չի: Գտեք ուղիներ, որպեսզի բարձրացնեք աշխատավարձը: Ձեր գործունեության ընթացքում, ես խնդրում եմ, դուրս եկեք այն կարծրատիպից, որ ԱԳՆ-ն սփյուռքի հարցերով զբաղվող կառույց է: 20 տարի ԱԳՆ-ն եղել է սփյուռքի հարցերով զբաղվող կառույց, այսինքն, իր ակտիվությունը եղել է այնտեղ, որտեղ հայկական սփյուռք կա: Ձեր վերջին տարվա աշխատանքը բերել է նրան, որ ԱԳՆ-ն վերադարձել է իր հիմնական գործառույթներին ու սպասարկում է ՀՀ պետական շահերը, ոչ թե սփյուռքի, դրա համար կա սփյուռքի կոմիտե: Ձեր գլոբուսում բացակայում է մի մայրցամաք՝ Աֆրիկան չկա: Այդ երկրների վրա էլ ուշադրություն դարձրեք, կարեւոր են, դրա համար ռեսուրս պահանջեք: Նաեւ հետեւություններ արեք, թե վերջին 10-15 տարվա ընթացքում ինչ աշխատանք տարան մեր հարեւանները, մասնավորապես՝ Ադրբեջանը, որով միջազգային երկրներում հանրային գիտակցությունը Ադրբեջանի նկատմամբ սարքեցին դրական»:

Արսենյանին դուր չէր եկել, երբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Ուրուգվայում դեսպանատուն են բացելու. «Ուրուգվայում հայկական մեծ համայնք կա, դրա համար «լինենք այնտեղ, որտեղ հայկական մեծ համայնք կա», դա մի քիչ երկրորդ պլան մղեք: Գնացեք այնտեղ, որտեղ կարեւոր որոշումներ են ընդունվում, որտեղ որոշումներ ընդունելու գրավիտացիոն կենտրոններն են: Անտեսել աֆրիկյան մայրցամաքը պետք չի»:

Ըստ Արսենյանի, Միրզոյանը լրիվ ունակ է հավակնոտ խնդիրներ իր առաջ դնելու եւ իրականացնելու: Նրա խոսքով՝ ԱԳՆ-ի աշխատողներն էլ են տեսնում, որ իրավիճակ է փոխվել, առաջվա պես չի, որ «կաստա» էր գործում ու այդ «կաստայի» ցանկություններից այն կողմ ոչինչ չէր իրականացվում:

Արարատ Միրզոյանը արձագանքեց, որ ԱԳՆ-ի ֆինանսավորման հետ կապված ողջունում է Արսենյանի գնահատականը. «Վերջը դուք եք որոշում ընդունելու, պատգամավորներն են քվեարկելու եւ կարող եք նախաձեռնություն ցուցաբերել ու որոշում կայացնել այդ մասին»: Միրզոյանը նաեւ հավելեց. «Մենք ահռելի քանակի ավտոպարկ ենք թարմացրել: Խոսեցիք աշխատավարձերի մասին, տեղեկացնեմ, որ 2022-ի համար մենք այդ ճշգրտումն արեցինք ու այս տարի օտարերկրյա պետությունում մեր աշխատակիցների վճարման սխեման նորացված է: Մեր ներկայացուցիչները, դեսպանները դրսում ստանում են այլ գումար, քան նախկինում ստանում էին»: Միրզոյանն ասաց, որ այդ որոշումը կայացվել է նախկին նախարարի օրոք:

Ինչ վերաբերում է Աֆրիկային, նախարարն ասաց. «Շնորհակալ եմ, որ հիշեցրեցիք այս մայրցամաքի մասին: Մենք իրականում Եթովպիայում ունենք դիվանագիտական ներկայացուցչություն: Առաջիկայում ավելի ծավալուն կերպով կկարողանանք այնտեղ գործունեություն ծավալել»: Նա վստահեցրեց, որ Աֆրիկային ուշադրություն կդարձնեն, դա իրենց ծրագրերի մեջ մտնում է, բայց ամեն ինչ միանգամից չեն հասցնում անել:

Արսենյանն արձագանքեց, որ աշխարհում բան է փոխվում ու պետք է մենք դրան պատրաստ լինենք ոչ թե Հայաստանում, այլ՝ դրսում ունենալով գործիքակազմ. «Պակիստանի պես երկիրը 30 տարի է մեզ թշնամի է համարում, որեւէ գործողություն տեղի չի ունենում ուղղակի կամ անուղղակի, որ Պակիստանի նման պետությանը բերենք լոյալ վիճակի: Մենք համարում ենք՝ եթե Պակիստանը այդպես է կարծում, ուրեմն՝ վերջ: Իսկ դիվանագիտությունը ամենամեծ հնարավորություններ ունեցող փեշակն է, որի կիրառման արդյունքում կարելի է հասնել այնպիսի արդյունքների, որ զարմանալի թվա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930