Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահաբար Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները չափազանց կարևոր են, և այդ հնարավորությունը պետք է քննարկվի»․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Նոյեմբեր 03,2022 16:50

«Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի վերջին ամիսների ագրեսիան՝ ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության, որն իրականացրել են Ադրբեջանի իշխանություններն այն դաժանությունների հետ մեկտեղ, որ թույլ են տրվել հայ ռազմագերիների նկատմամբ»,- Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։

Եվրախորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ Եվրախորհրդարանի բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենի գլխավորած պատվիրակությունը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ նաև այցելել են Գորիս։

Ֆաբիո Մասիմո Կաստալդոն փաստեց՝ Ադրբեջանի կողմից իրականացվել են մարդկության դեմ հանցագործություններ, որոնց պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Նա կարևորեց տարածաշրջանում եվրոպական ներկայությունը և ճիշտ քաղաքական ուղերձներ հղելը։ Պատգամավորը դատապարտեց նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Ադրբեջանի կողմից։ Նրա համար անթույլատրելի է հայ ռազմագերիներին Ադրբեջանում պահելն ու բռնությունների, ճնշումների միջոցով սահմանների փոփոխության հասնելը։ Վստահեցրեց՝ շարունակելու են պայքարել, որպեսզի հասնեն ԵՄ-ի ավելի հասցեական վերաբերմունքի։
Անդրադառնալով ԵՄ-ի կողմից իրականացվող դիտորդական առաքելությանը հայ-ադրբեջանական շփման գծում՝ պատգամավորն ասաց․ «Այս առաքելությունը պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական։ Դիտորդների թիվը պետք է ավելացվի»։

Եվրահանձնաժողովի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև համագործակցության առիթով իտալացի պատգամավորն ասաց․ «Եվրոպան հիմա նախանձելի իրավիճակում չէ և ստիպված է բանակցել։ Բայց սա չպետք է արվի իրավունքի գերակայության և հիմնարար ազատությունների ու ժողովրդավարության հաշվին՝ պարզապես դիտարկելով ինչ-որ էներգետիկ կարիք։ Հայաստանն այս տարածաշրջանում ժողովրդավարության սյունն է։ Այն իրական ժողովրդավարություններից մեկն է»։

Նա նշեց, որ իրենք՝ որպես պատգամավորներ՝ իրենց ձայնը կներկայացնեն, որ եվրոպական հանձնաժողովի կողմնորոշվածության վրա ազդեցություն ունենան։ Այնուհետև ասաց՝ հուսով է՝ ՀՀ-ն մի օր կկարողանա միանալ եվրոպական ընտանիքին։

Հարցին՝ որևէ քայլ ձեռնարկվո՞ւմ է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման համար, Ֆաբիո Մասիմո Կաստալդոն պատասխանեց․ «Ակտուալ հարց է։ Իրականում ես վստահ եմ իրապես, որ ցանկացած աշխարհաքաղաքական տիրույթ Եվրամիության կարող է դիտվել ընդունելի, եթե երկակի ստանդարտներ չեն օգտագործվում։ Եթե նայենք իրավիճակի համատեքստը, ապա Ադրբեջանը փաստացի բռնազավթել է ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ, հետևաբար քանի որ այս հարձակումների ծանրությունը և դրանց հետևանքով առաջացած բռնազավթումը քննարկվում է Եվրահանձնաժողովի կողմից, կհանգեցնի այն իրավիճակի, որ ագրեսորը կհասկանա, որ պատժվելու է։ Այդ դեպքում կարող է զսպել իր գործողությունները։ Պետք է նաև տեղյակ լինել, որ ԵՄ աշխատակարգերում որոշումները կայացվում են ԵՄ խորհրդի կողմից՝ գործադիր ճյուղի՝ տարբեր երկրների նախարարների կողմից՝ համապատասխանաբար 27 երկրների համաձայնությամբ։ Մեկ երկիր կարող է վետո դնել և ցանկացած սանկցիայի կիրառում արգելել։ Սա նշանակում է, որ դժվար է համաձայնության գալ։ Առանձին, անհատական պատժամիջոցներ կլինեն պատասխանատուների համար, որոնք հրամայել են, օրինակ, գնդակահարել ռազմագերիներին, որոնք մարդկության դեմ հանցագործություններ են գործել։ Սա իմ անձնական դիրքորոշումն է։ Հուսով լինենք, որ մենք կկարողանանք գտնել կոնսենսուս կառավարությունների միջև։ Եվրախորհրդարանը միայն կարող է քաղաքական ուղերձով հանդես գալ։ Մենք պատժամիջոցներ գործադրելու լիազորություն չունենք։ Կարող ենք ընդամենը դիմել իշխանություններին՝ ԵՄ անդամ երկրների կառավարություններին և հայցել համապատասխան գործողություն։ Ցավոք, որևէ լծակ չունենք նրանց պարտադրելու։ Իմ կարծիքով՝ հաշվի առնելով տեղի ունեցած հանցագործությունները, վստահաբար պատժամիջոցները չափազանց կարևոր են, և այդ հնարավորությունը պետք է քննարկվի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930