Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 3-ին հանդես է եկել պետական նախարարի պաշտոնում իր գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսով:
Արտակ Բեգլարյանը մի շարք ուղղություններով ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված համակարգային ձեռքբերումները, անդրադարձել առանձին խնդիրների ու բացթողումների՝ ճգնաժամային իրավիճակում առանձին ոլորտների կենսունակության ու հասարակության վարքագծի դիտանկյուններից: Հետպատերազմյան իրավիճակում ստանձնելով պատասխանատվությունը՝ Արտակ Բեգլարյանը առանձնացրել է հատկապես սոցիալական, կրթական, առողջապահական ու բնակարանային ոլորտներում իրականացված պետական քաղաքականությունը:
Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ Հայրենիքին ու ժողովրդին ծառայելու հնարավորության ու վստահության համար: Նա նշել է, որ շարունակելու է պետական ծառայությունը՝ պատրաստակամություն հայտնելով ստանձնել ցանկացած պատասխանատվություն իր կարողությունների ու փորձի շրջանակում: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ պատրաստ է առավելագույնս աջակցել պետական նախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի գործունեությանը:
Պետական նախարարի պաշտոնում իր լիազորություններն ավարտող Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ակտիվ համագործակցության և հանրային վերահսկողության միջոցները կենսունակ պահելու համար:
Կարդացեք նաև
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին