Լրահոս
Օրվա լրահոսը

Այս հոդվածով Ադրբեջանը սպառնում է նոր էսկալացիայով. ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը Բաքվի մշտական քաղաքականությունն է. Տաթևիկ Հայրապետյան

Նոյեմբեր 03,2022 15:11

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանում խիստ անհանգստացել են Կոպիրկինի, Նիկոլ Փաշինյանի և Ռուբեն Վարդանյանի հայտարարություններից: Մասնավորապես, այս քարոզչական հոդվածում արտացոլված են ադրբեջանական ղեկավարության մտահոգություններն առ այն, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է թողնվի ապագային: Քարոզիչ հոդվածագրի համոզմամբ, «դա բացառապես Ադրբեջանի ներքին գործն է», իսկ Մոսկվայի հայտարարությունները գալիս են փաստելու, որ իրենք բացեիբաց անտեսում են Ադրբեջանի դիրքորոշումը: Հիշեցնեմ նաև, որ Ալիև–Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել էր, թե իբրև «հարցը փակված է»:

Բայց բոլոր կողմերից եկող հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանին չի հաջողվել «փակել հարցը», իսկ նրանք ձախողել են գերազանցապես, որովհետև մեր հայրենակիցները անգամ դաժան պատերազմից հետո ետ են վերադարձել իրենց տները: Բաքուն ակնհայտորեն արել ու անում է ամեն հնարավորը, որ Արցախում հայ չապրի, նրանք դա չեն էլ թաքցնում, Սուսի ու Աղավնոյի վերջին դեպքերը, երբ այնտեղ ապրող հայերն Ալիևի կողմից հռչակվեցին որպես «ռազմական հանցագործներ» դրա վառ ապացույցներից են:

Ուշագրավ է, որ հոդվածագիրը վերջում գրում է. «Մոսկվան բանակցություններում առաջարկելով իր տարբերակները ՝ շարունակում է կտրվել իրականությունից, ընդ որում՝ հօգուտ Հայաստանի։ Այսպես զարգացան իրադարձությունները Կազանում 2011 թվականին, երբ երկար համաձայնեցումներից հետո սեղանին հայտնվեց լրջորեն «ճշգրտված» փաստաթուղթ՝ հօգուտ Երևանի։ Կամ էլ 2016-ի ապրիլյան մարտերից հետո, երբ ՌԴ-ն կրկին առաջարկում էր պայմանագրի իր նախագիծը, որը դե ֆակտո Ղարաբաղը դարձնում էր ադրբեջանական տարածքում երկրորդ հայկական պետություն՝ իր ինքնապաշտպանական ուժերով և արտաքին հարաբերությունների ունենալու իրավունքով։ Եվ միևնույն ժամանակ հայկական կողմին «նվիրեցին» Քարվաճառն ու Լաչինը։ ՌԴ–ում դեռ չեն հասկացել, որ հիմա ոչ թե 1922 և նույնիսկ 1992, այլ 2022 թվականն է: Երբ արդեն իսկ Հարավային Կովկասի քաղաքական գործընթացները թելադրում են Բաքուն և Անկարան, այլ ոչ թե Մոսկվան՝ Երևանի ձեռքերով։ Եվ սա այն հարցը չէ, որը կարելի է թողնել ապագա սերունդներին»:

Այս հատվածում ուշագրավ է, որ «Լավրովի պլանը» ներկայացվում է որպես պրոհայկական, ընդ որում՝ շարունակ պնդումներ են արվում, նաև Նիկոլ Փաշինյանն է դա ասել, որ անորոշ կարգավիճակով Արցախի ապագայի վերաբերյալ առաջարկին նա 2020 թ. պատերազմից առաջ չի համաձայնել, բայց փաստացի՝ դրան դեմ է եղել նաև Ադրբեջանը: Ուստի ապացուցվում է իմ պնդումը, որ Բաքուն ցանկացած դեպքում գնալու էր ռազմական էսկալացիայի ճանապարհով: Այս հոդվածով Ադրբեջանը սպառնում է նոր էսկալացիայով, ընդ որում՝ եթե հետևենք սոցիալական ցանցերում տարածվող թեզերին ևս՝ կտեսնենք նման միտում:

Ամեն դեպքում ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը Բաքվի մշտական քաղաքականությունն է, հուսամ՝ այս գործընթացները ճիշտ են գնահատվում նաև ՌԴ–ում և համարժեք հետևություններ են արվում:

Թեև ամենակարևորն այն է, որ մենք պատրաստ լինենք անհրաժեշտության դեպքում ինքներս մեզ պաշտպանել, մնացածն՝ ածանցյալ է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930