«Պարոն վարչապետ, այս նախագիծը կազմվել է ձեր հանձնարարականից հետո, որն այս տարի հնչեց Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցու ավանդատան արտաքին պատի վերականգնման հետ կապված»,– Նիկոլ Փաշինյանին զեկուցեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր կառավարության նիստի ընթացքում:
Կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 8,2 մլն դրամ հատկացվեց Բջնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման համար։
Նույն նախագծով ևս 2 մլն 771 հազար դրամ էլ հատկացվեց Հաղպատի վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների վերականգնման համար անհրաժեշտ գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար։
Դումանյանը հայտնեց, որ վանական համալիրի արևմտյան պարսպապատի աշտարակներից մեկից վերջին մի քանի երկրաշարժերից հետո քարաթափումներ են եղել, առաջացել են մեծ ճաքեր։ Աշտարակը վթարային վիճակում է, և առկա է փլուզման վտանգ։ Վնասվածքներ կան նաև մյուս աշտարակների և պարսպի որոշ հատվածների վրա։ Աշխատանքների կատարման համար նախևառաջ անհրաժեշտ են գիտանախագծային փաստաթղթեր: Նախագծման աշխատանքների համար հայտարարվել է մրցույթ։
Կարդացեք նաև
Բջնիի եկեղեցին նորոգելու մասին Փաշինյանը հանձնարարել էր կառավարության հուլիսի 7-ի նիստին՝ նշելով, որ հանգստյան օրերին այցելել է Բջնի ու արձանագրել, որ եկեղեցում պատի դիմաց փայտե սյուներ են հենել, որ պատը չփլուզվի։
Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանը հիշեցրեց, որ հանձնարարական էր տվել նաև Բջնիի ամրոցի վերաբերյալ` քանի որ համակից այգիները ծածկել էին պարիսպները, և որ հարկավոր է բանակցել դրանց սեփականատերերի հետ` հուշարձանն առավել ներկայանալի դարձնելու համար։ Ի պատասխան Փաշինյանի այն հարցի, թե ինչ է արվել այդ ուղղությամբ, Դումանյանը հայտնեց, որ ՏԻՄ–երը բջնեցիների հետ բանակցում են այգիների տարածքը գնելու, կամ դրանք այլ տարածքների հետ փոխանակելու շուրջ։ Բայց զուգահեռ քննարկվում է նաև հանրային գերակա շահ ճանաչելու տարբերակը։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ