Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու կամ երեք դասարանը մեկ դասարան դարձնելն այլևս ընդունելի չէ. Վահրամ Դումանյան

Նոյեմբեր 03,2022 13:16

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց նախագիծ, որով նախատեսվում է 62 մլն դրամ, ինչպես նաև մոտ 140 մլն դրամ ուղղել կառավարության պահուստային ֆոնդ:

Մասնավորապես, նախատեսվում է Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված 10 բնակավայրերում իրականացնել կրթահամալիրների շենքային պայմանների բարելավում:

ՀՀ կառավարության նիստում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ Աճանան, Օխտար, Արծվանիկ, Գեղանուշ, Սյունիք, Եղեգ, Ծավ, Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Վերին Խոտանան, Դավիթ Բեկ և Եղվարդ գյուղերում կկառուցվեն նոր մոդուլային տիպի դպրոցներ։

«Այս բոլոր դպրոցները լինելու են ոչ միայն զուտ դպրոցներ, այլև համայնքային մշակութային կենտրոններ, որտեղ այլ միջոցառումներ ևս պետք է անցկացվեն: Այսպիսով` բոլոր 13 համայնքներում կկառուցվեն միայն մոդուլային կրթահամալիրներ»,– ասաց նախարարը։

Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզում նախատեսվում է կառուցել 53 նոր կրթահամալիրներ, որոնք այս պահին գտնվում են նախագծային աշխատանքների փուլում։ Հայաստանում նախատեսվում է կառուցել ավելի քան 150 կրթահամալիր։

Համայնքների համար նախատեսված մոդուլային դպրոցները թույլ են տալու նույն շենքում ոչ միայն 12-ամյա կրթություն կազմակերպել, այլև ունենալու են կից մանկապարտեզներ։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ նախկինում գործող բազմահամակազմ դասարանների նախատեսման սկզբունքը՝ երկու կամ երեք դասարանը մեկ դասարան դարձնելը, այլևս ընդունելի չէ:

«Նոր կրթահամալիրները պետք է նվազագույնը ունենան 12 դասարան, ինչպես նաև 1-ական դասասենյակներ զինվորական պատրաստության, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության լաբորատորիաների համար»,-ասաց նախարարը:

Նախատեսվում է նաև գումարներ հատկացնել Արմավիրի մարզի Արգինեի միջնակարգ դպրոցին և Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոցի կառուցման ավարտական աշխատանքների համար:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930