Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ուսանողները ամենաբարձր տեղերն են գրավել ճարտարապետության և դիզայնի ոլորտների դիպլոմային աշխատանքների միջազգային մրցույթում

Նոյեմբեր 03,2022 13:12

Երիտասարդ հայ ճարտարապետները և դիզայներները մրցանակային ամենաբարձր տեղերն են գրավել ՌԴ Կազան քաղաքում անցկացված Ճարտարապետության և դիզայնի ոլորտներում դիպլոմային աշխատանքների միջազգային ստուգատես-մրցույթում: Նրանց շնորհավորելու նպատակով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կազմակերպվել է պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Ղուլարյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը, խորհրդական Արտավազդ Թարխանյանը:

Կոմիտեի ղեկավարը շնորհավորել է ուսանողներին, դասախոսներին, ինչպես նաև համալսարանի ղեկավար կազմին՝ միջազգային ասպարեզում մասնագիտական բարձր նվաճումների համար: Երիտասարդ մասնագետներին հաջողություն մաղթելով աշխատանքային գործունեության ընթացքում՝ Արմեն Ղուլարյանը համոզմունք է հայտնել, որ նրանք իրենց ունակությունները և ձեռք բերած գիտելիքները կկիրառեն Հայաստանի բնակավայրերի կառուցապատման պատասխանատու գործում՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը:

Կազանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի կազմակերպած մրցույթին մասնակցել էին ճարտարապետական 58 բուհեր, որոնցից 5-ը՝ ԱՊՀ երկրներից: Ներկայացված 699 աշխատանքներից 20-ի հեղինակը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների բակալավրի, մագիստրատուրայի ուսանողներն ու շրջանավարտներն էին: Բուհի ռեկտոր Եղիազար Վարդանյանի խոսքով՝ տարիներ շարունակ միջազգային այս մրցույթին հաջողությամբ մասնակցած հայաստանյան մասնագիտական բուհն այս անգամ աննախադեպ արդյունք է գրանցել. ավարտական 20 աշխատանքից 18-ը զբաղեցրել են առաջին տեղ, իսկ երկուսը՝ երկրորդ: Աշխատանքներից մի քանիսը հակիրճ ներկայացվել են նաև պարգևատրման արարողության ժամանակ, որի ավարտին Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և համալսարանի ռեկտորը միջազգային մրցույթի դիպլոմներն են շնորհել աշխատանքների հեղինակներին և նրանց ղեկավարներին: Վերջիններս պարգևատրվել են նաև Քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագրով:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930