«Եղած արդյունաբերությունը, որը 30 տարի թալանվել է, մի մասն էլ պիտանի չի էլ, ի՞նչ ներուժ ու գին ունի։ Հենց «Նաիրիտից» սկսած»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ՀՀ 2023թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Վահան Քերոբյանը պատասխանեց, որ «Նաիրիտի» վերաբերյալ ունեն մի քանի բիզնես նախագիծ․ «100-150 միլիոն եվրոյի ներդրում են դրանք պահանջում եւ պարտքի զրոյացում։ Այսինքն, եթե կա ներդրող, եւ պետությունը համաձայնի եղած պարտքերը զրոյացնել, ապա հնարավոր է վերագործարկել եւ դա կլինի եկամտաբեր բիզնես»։
Սուքիասյանը հակադարձեց․ «Ես ուրիշ հարց տվեցի։ Մեր պոտենցիալն ի՞նչ արժեք ունի։ Եթե 150 միլիոն դնում են, ինչի՞ վրա են դնում, 20 միլիոն դոլարի՞, թե՞ 500-ի»։
«Նաիրիտի վրա»,-պատասխանեց Վահան Քերոբյանը։
Կարդացեք նաև
Սուքիասյանին պատասխանը չգոհացրեց․ «Բա չեք ասո՞ւմ, թե միլիոնն ինչի վրա եք դնում։ Արժեքը գնահատվա՞ծ է «Նաիրիտի», որ մարդուն շահագրգռես, ասես, որ այսքան հեկտարի վրա ունենք այսքան արժեք եւ գումար դնելուց կունենաք այսքան շրջանառություն։ Մյուս քիմիական գործարանները նույնպես»։
Վահան Քերոբյանն արձագանքեց, որ գնահատումներ ունեն եւ դրանք առանձին են․ «Այսօր ամենակարեւոր արժեքը մարդիկ են, որոնք դեռ կան։ Առանց նրանց ոչ մի բան չի աշխատի»։
Սուքիասյանն այս դեպքում համաձայնեց՝ ասելով, որ իրենք ժամանակին քննադատում էին Երեւանի կոնյակի գործարանը 30 միլիոն դոլարով ավելի քիչ է վաճառվելու համար 90-ականներին, որովհետեւ միայն աշխատուժն այդքան է գնահատվել։
Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվեց նաեւ չշահագործվող գործարանների ճակատագրից։ Քերոբյանն ասաց․ «Մոտ 510 գործարանների տվյալներ ունենք եւ մասնավորեցման պայմանագրերը նորից վեր ենք հանում՝ հասկանալու համար, թե մասնավորեցնողներն ինչ պարտավորություններ են ստանձնել։ Արմավիրում կա խաղողի մթերման, գինու մեծ գործարան, որը չի աշխատում։ Գյուղացիներն ուզում են աշխատի, որ կարողանան խաղողը մթերել։ Սեփականատերը շահագրգռված չի կամ ֆինանսական միջոց չունի, բայց մասնավորեցումը պարտավորություն է ենթադրում եւ մենք դա ուսումնասիրում ենք»։
Ապա Սուքիասյանը նշեց․ «Բոլոր պաշտոնյաները թվեր եւ ժամկետներ են ասում, կազմակերպությունների անուններ են տալիս, իսկ ձեր խոսելուց միշտ ասում եք, որ խոսել եք եւ պայմանավորվել։ Ինձ հաճելի չէ այս կարգի էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ։ Ոչ մի թիվ ու ծավալ չլսեցի, մինչդեռ այդքան հարց տվեցինք»։
-Պարոն Սուքիասյան, շնորհակալ եմ քննադատության համար, բայց իմ ողջ զեկույցը թվերի վրա էր՝ տնտեսական աճ, արտաքին առեւտրաշրջանառություն։ Դրանք թվե՞ր չեն։ Անվերջ կարող եմ թվեր ասել։
-Դա ոչ մի կապ չունի։
-Անգամ նկարներ կարող եմ ցույց տալ, թե որտեղ ինչ է սարքվում, որոնք հենց մեր նախաձեռնություններն են։ Եթե պետք է հավաքվենք, որ ես ձեզ հատ-հատ ասեմ, թե որ ընկերությունում ինչ է տեղի ունեցել․․․
Խաչատուր Սուքիասյանը ձայնը բարձրացրեց․ «Մենք տնտեսության ոլորտն էլ լավ գիտենք, ճյուղերն էլ։ Գիտենք ամսի քանիսից է Լարսում խնդիր, քանի միլիոն են մարդիկ կորցրել։ Պետական պաշտոնյան պետք է գնար Լարսում կանգներ ամեն ինչ աներ, որ մարդիկ գումարներ չկորցնեին։ Մարդիկ տները վարկի տակ են դնում եւ չեն կարողանում պաշտոնյայի հետ կապ հաստատել։ Հարց եմ տալիս, այլ պատասխան եք տալիս։ Շնորհակալություն, ես բավարարված եմ»։
Ուշագրավ է, որ երբ Վահան Քերոբյանը նիստերի դահլիճից դուրս եկավ եւ զրուցում էր լրագրողների հետ, Խաչատուր Սուքիասյանը, դահլիճից դուրս գալով, անցավ տեսախցիկների դիմացը կտրելով։
Լրագրողները Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին՝ Խաչատուր Սուքիասյանի հակակրանքը ձեր հանդեպ ինչո՞վ է պայմանավորված։ Վահան Քերոբյանը պատասխանեց, որ դա հակակրանք չի համարում, այլ քննադատություն, իսկ քննադատությանը նորմալ է վերաբերվում, որովհետեւ այն օգնում է ավելի լավը դառնալ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ