Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանը կարող է ավելի ծանր պարտություն կրել Ադրբեջանում, քան Իրաքը 1990 թ. Քուվեյթի հետ պատերազմում». վերլուծություն Բաքվից. JAMnews

Նոյեմբեր 03,2022 12:05

JAMnews. Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը թափ է հավաքում։ Այսօր ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները զորավարժություններ են սկսել երկրի հարավում՝ Իրանի հետ պետական ​​սահմանի մոտ։ Սա կարող է լինել Ադրբեջանի հետ սահմանին իրանական բանակի վերջին զորավարժությունների պատասխանը։ Թեհրանն Ադրբեջանին արտաքին թշնամի է հայտարարել, և եթե Իրանը ներխուժի հարևան պետության տարածք, նրան ջախջախիչ պարտություն է սպասվում։ Այս կարծիքին է քաղաքական մեկնաբան Նասիմի Մամեդլին։

Ինչո՞ւ է Իրանը մտահոգ

«Աշխարհաքաղաքական նոր գործընթացների ֆոնին Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում արագացված տեմպերով աճում է»,- ասում է ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Նասիմի Մամեդլին։ Նրա խոսքով՝ թյուրքական պետություններում հնարավորինս արագ երկկողմ և բազմակողմ համագործակցություններ և դաշնակցային հարաբերություններ են հաստատվում․ «Իրանի ռեժիմը խորապես մտահոգված է այդ գործընթացներով։ Համագործակցության հնարավորությունից օգտվելու փոխարեն նա փորձում է արգելափակել այն։ Թեհրանի կողմից Կապանում հյուպատոսություն բացելը ցույց է տալիս նրա իրական մտադրությունը։ Նա բոլոր հնարավոր միջոցներով ցանկանում է խափանել Հայաստանի տարածքով Զանգիլանից Նախիջևան տանող միջանցքի բացումը։ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային կապի հաստատումը թույլ չտալու համար նա պատրաստ է հրաժարվել նույնիսկ իր գաղափարական սկզբունքներից»։

Մամեդլիի խոսքով՝ եթե ​​Ադրբեջանը ձերբազատվի ղարաբաղյան խնդրից և կայուն խաղաղության հասնի Հայաստանի հետ, կարող է դառնալ տարածաշրջանի ամենագրավիչ երկիրը։

«Սրա համար բավարար ռեսուրսներ կան։ Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի և Արևմուտքի հետ տնտեսական, առևտրային և քաղաքական հարաբերությունները կարող են էլ ավելի ընդլայնվել։ Իրանի վարչակարգը մտադիր է խափանել Իրանում բնակվող մոտ 40 միլիոն թուրքերի համար Ադրբեջանի վերափոխումը ձգողական կենտրոնի»,- հավելել է նա։

«Ամեն ինչ կարող է վատ ավարտ ունենալ հենց Իրանի համար»

Մամեդլին վստահ է, որ եթե ​​Իրանը որոշի ռազմական ագրեսիա իրականացնել Ադրբեջանի դեմ, ամեն ինչ կարող է վատ ավարտ ունենալ հենց Թեհրանի համար։

«Ադրբեջանում Իրանի ուղղակի ռազմական միջամտության հնարավորությունը կասկածելի է։ Այդ դեպքում եղբայրական Թուրքիան, Պակիստանը և նույնիսկ Աֆղանստանը համարժեք քայլեր կձեռնարկեն Իրանի դեմ։ Քիչ հավանական է, որ Իսրայելը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն և մահմեդական այլ երկրներ այդ հարցում մնան դիտորդի կարգավիճակում։

Իրանը կարող է ավելի ծանր պարտություն կրել Ադրբեջանում, քան Իրաքը 1990 թվականին Քուվեյթի հետ պատերազմում:

«Իրանական զորքերի մուտքը Հայաստան հնարավոր է երեք դեպքում»

«Առաջին հերթին, Հայաստանը պետք է նման խնդրանքով պաշտոնապես դիմի Իրանին։ Այդ դեպքում կառաջանա երկու խնդիր՝ հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և երկրի սահմանները դեռևս վերահսկվում են Ռուսաստանի կողմից։ Առանց Ռուսաստանի համաձայնության նման քայլն անհնար է։ Մյուս կողմից, Փաշինյանի կառավարությունը, որն իշխանության է եկել Արևմուտքի քաղաքական ու ֆինանսական աջակցությամբ և ձգտում է ԵՄ-ի հետ սերտ համագործակցության, ստիպված է որոշակի հեռավորություն պահպանել Իրանից։

Երկրորդ՝ դա հնարավոր է Ռուսաստանի ոչ պաշտոնական համաձայնությամբ և առանց Հայաստանի բացահայտ առարկության։ Իսկ դա կարող է Փաշինյանի իշխանությանը հեռացնել Արևմուտքից և նույնիսկ վերջ դնել այդ իշխանությանը։

Երրորդ՝ Ռուսաստանը պետք է թուլացած լինի այնքան, որ Իրանը մտնի Հայաստան՝ առանց նրա կարծիքը հաշվի առնելու։ Այս պահին դա անիրատեսական է։ Թեև Ռուսաստանը որոշ չափով թուլացել է, բայց ոչ այնքան, որ անզոր լինի Իրանի դեմ։ Կարճաժամկետ հեռանկարում դա իրատեսական չի թվում»,- ASNTA-ին տված հարցազրույցն ամփոփել է Նասիմի Մամեդլին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930