«Էներգետիկ ճգնաժամի պատճառով Եվրոպայի շատ երկրների արտադրություններ այսօր մրցունակ չեն եւ ունեն երկու նպատակ՝ այլ երկրներում նոր հարթակներ ստեղծել կամ սարքավորումները վաճառել այնպիսի երկրների, որտեղ էներգետիկ ճգնաժամ չկա։ Ձեր մոտ կա՞ նման ցանկ, դեսպաններն ու առեւտրային կցորդներն աշխատո՞ւմ են»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ՀՀ 2023թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Քերոբյանը նախ տեղեկացրեց․ «Հանդիպել եմ համարյա բոլոր եվրոպական դեսպանների հետ ՀՀ-ում եւ խնդիրը դրել իրենց առաջ, որ մենք հնարավորություն ունենք։ Բայց այսօր մեր հաջողությունների մեծ մասը ՌԴ-ից դուրս եկած ընկերությունների առումով է։ Եվրոպական որոշ ընկերություններ եւս ՌԴ-ից պետք է դուրս գային, եւ եկել են ՀՀ։ Ասել ենք, որ մենք նոր հարթակ կարող ենք դառնալ, որտեղ կարող են տեղափոխվել արդյունաբերական ընկերությունները։ Այսօր ամենամեծ խոսակցությունը Գերմանիայի հետ է, ավելի բան չեմ կարող ասել։ Մի քանի ցուցահանդեսի ենք մասնակցել։ Փորձում ենք ձեւավորել միջավայր, որում գերմանական արդյունաբերական ընկերությունները կարողանան ՀՀ-ում արդյունաբերական համալիրներ ստեղծել։ Նաեւ կանաչ ջրածնի արտադրության նախագիծ ունենք, որով արեւային էներգիան փոխակերպվում է ջրածնի»։
Վահան Քերոբյանի խոսքով․ «Ակնհայտ է, որ ՀՀ-ն ունի էներգետիկ մեծ ներուժ եւ իրացման աշխատանքները սկսված են։ Ունենք լավ թիմ, դրսում աշխատած հայ գիտնականներ ունեն բարձր կարողություններ»։
Խաչատուր Սուքիասյանն այնուհետեւ նկատեց. «Ղրիմի կամրջի պայթյունից հետո ՌԴ-ն որոշեց սքաներ տեղադրել սահմանում, որի միջով անցնում են մեքենաները։ Լավ գիտեք, որ Լարսում այդ սարքերի քանակը քիչ է եղել եւ խնդիրներ են առաջացել։ Ի՞նչ խոստումներ կան, որ սքաներները կավելանան, որ խնդիրներ չլինեն եւ բեռնափոխադրումների հոսքն ավելանա»։
Կարդացեք նաև
Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Երկու շաբաթ առաջ ՌԴ տնտեսական զարգացման նախարարին խնդրել եմ, որ հարցով հնարավորինս արագ զբաղվեն։ Խոստացել է, ժամկետ չեն նշել։ Բայց հարցը իրենց շահերից էլ է բխում։ Լարսը կարեւոր է նրանց համար նաեւ թուրքական եւ վրացական ապրանքների համար, ուստի շահագրգռված են վերականգնել Լարսի թողունակությունը։ Հերթերի ուղղությամբ հիմա էլ աշխատում ենք, որ հայկական բեռների հնարավորինս արագ անցումն ապահովենք։ Այսօր խնդիրը լուծված չէ, եւ հայ արտահանողները մեծ վնասներ են կրում՝ Լարսի ցածր թողունակության պատճառով»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ