Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն է, որ Սոչիում պայմանավորվածությունները ձեռքբերված են, և հերթը քաղտեխնոլոգիաներինն է, թե ինչպես մատուցեն հասարակությանը. Արմեն Մարտիրոսյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 03,2022 11:12

Սոչիում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի ու Վլադիմիր Պուտինի հերթական եռակողմ հայտարարությունը խնդրեցինք մեկնաբանել Հնդկաստանում եւ Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Մարտիրոսյանին։ Հարցրինք՝ արդյոք այս հայտարարությունը նախորդների կրկնությունը չէ՞, նոր միտք կա՞ այստեղ։

«Այդ հայտարարությունն ամբողջությամբ ընկալելու եւ վերլուծելու համար անհրաժեշտ է նախ անդրադառնալ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին, որ հեռավար տարբերակով տեղի ունեցավ, եւ, իհարկե, առավել հետաքրքիր էին Լուկաշենկոյի արտահայտությունները, մտքերը, գնահատականները, եւ, իհարկե, մեր լռությունը։ Դրան անմիջապես հետեւեց Սոչիի եռակողմ հանդիպումը։ Ես չգիտեմ՝ ՀԱՊԿ-ի այդ միջոցառումը հատուկ նախապատրաստել էին Սոչիից առա՞ջ, թե՞ դա պարզապես համընկել էր, այսինքն՝ մենք ենթադրո՞ւմ էինք, որ մեր դիրքերը կկարողանանք ամրացնել Սոչիից առաջ՝ որպես ՀԱՊԿ անդամի, եւ Սոչիում կզարգացնենք հաջողությունը, թե՞ դա պատահականություն էր։ Իմ կարծիքով՝ ՀԱՊԿ-ի հանդիպումը, մեղմ ասած, անարդյունավետ էր։ Ես ակնկալիքներ չեմ ունեցել, որ Սոչիի հայտարարությունում լինելու են որակապես նոր բաներ։ Եթե դեռ տեքստին չանդրադառնամ ու կոնցեպտուալ առումով ասեմ, ապա իմ անձնական մոտեցումը հետեւյալն է` կողմերի համար խնդիրներն արդեն քիչ թե շատ պարզ են, եւ խոսքն ավելի շատ ոչ թե քաղաքականության մասին է՝ հատկապես Հայաստանի պարագայում, այլ ավելի շատ վերաբերում է քաղաքական տեխնոլոգիաներին։ Այսինքն՝ հարցը, թե ինչպես ներկայացնել հանրությանն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում 3 երկրների առաջնորդների միջեւ, ինչպես դա իրականացնել։ Այսինքն՝ ավելի շատ քաղտեխնոլոգիա է, քան թե քաղաքականություն։ Բազմիցս նշվել է տարբեր փորձագետների եւ քաղաքական գործիչների, անգամ իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից, որ մենք որեւէ լծակ չունենք՝ գործընթացների վրա ազդելու համար։ Եթե դու լծակ չունես, նշանակում է հնարավորություն չունես քաղաքականությանը մասնակցելու, մշակելու, էլ չեմ ասում՝ իրականացնելու համար։ Այսինքն՝ ամեն ինչ կախված է նրանից, թե որքան մեծ է Ալիեւի ախորժակը, եւ որքան է Ռուսաստանը պատրաստ, իր շահերից ելնելով, զսպել թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը Հարավային Կովկասում։ Մենք այստեղ լավագույն դեպքում խնդրողի դերում ենք, սա ակնհայտ է, հետեւաբար՝ սպասել, որ Սոչիում պետք է լիներ ինչ-որ լուրջ, բովանդակային հայտարարություն, դժվար է»,- պատասխանեց Մարտիրոսյանը։

«Այստեղ կարեւորագույն սկզբունք է ամրագրվել` որ բոլոր վիճահարույց հարցերը, որոնք կարող են լինել, պետք է լուծվեն կողմերի տարածքային ամբողջականության եւ սուվերենության ճանաչման սկզբունքի վրա։ Այս փաստաթղթի ամենից կարեւոր թեզը սա է, իսկ մյուս հետաքրքիր բանն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հարց ընդհանրապես չկա։ Այսինքն՝ Ալիեւին հաջողվել է ամրագրել իր ասածը, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել է, եւ այդպիսի խնդիր այսօր գոյություն չունի։ Նույնիսկ «կոնֆլիկտ» բառը չկա տեքստում։ Այսինքն՝ եթե ինչ-որ անտեղյակ մարդ կարդա այս հայտարարությունը, կենթադրի, որ Ղարաբաղ ընդհանրապես չկա, եւ խոսքը վերաբերում է նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԽՍՀՄ փլուզումից հետո չեն կարողանում իրար մեջ սահմանազատում անել։ Ամենակարեւոր հարցը, սակայն, մնում է այն, թե ինչ են պայմանավորվել, որից մենք տեղեկություն չունենք, ընդամենը 3 մարդ գիտի։ Հաշվի առնելով նաեւ այլ աղբյուրներից իմ տեղեկությունները՝ ինձ մոտ տպավորությունն այն է, որ պայմանավորվածությունները ձեռքբերված են, եւ հերթը հիմա քաղաքական տեխնոլոգիաներինն է, թե ինչպես դա մատուցել հասարակությանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930