Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ունենք կառավարություն, որը հստակ ոչինչ չունի: Կառավարության սկզբունքայնությունը միայն անսկզբունքայնությունն է». Արմեն Մանվելյան. «Փաստ»

Նոյեմբեր 03,2022 10:59

Նոյեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց ունեցավ Իրան:

Այցի բնույթը, նաև տնտեսական նշանակության հուշագրի ստորագրումը իրանագետ-էներգետիկ Արմեն Մանվելյանը մեծամասամբ PR քայլ է համարում՝ մի կողմից էլ չբացառելով, որ Հայաստանի իշխանությունները, միգուցե, Սոչիի հանդիպումից հետո որոշակի եզրակացություններ են արել:

Համադրելով իրական քաղաքականությունն ու այցի նշանակությունը՝ Մանվելյանն ընդգծեց. «Մենք ունենք մի կառավարություն, որը հստակ ոչինչ չունի: Կառավարության սկզբունքայնությունը միայն անսկզբունքայնությունն է: Իրենք անգամ իրենց ընտրողներին՝ հայ ժողովրդին առաջարկելու ոչինչ չունեն: Սա հաշվի առնելով՝ ասել, թե իրենք ինչ-որ քաղաքական կուրս են ձևավորում, չենք կարող: Իրականում շատ հնարավոր է, որ այդ այցը ևս ընդամենը խաղեր տալու փորձ էր: Իրենք խաղեր տալուց լավ են, այլ բան չեն կարողանում անել: Վերջին երկու տարիների արտաքին քաղաքականությունը ամբողջությամբ ձախողված է: Հատկապես հետպատերազմյան շրջանում իրենք բոլոր ճակատներում ձախողել են: Անխտիր բոլորի հետ են հարաբերությունները վատթարացրել»:

Արմեն Մանվելյանը շեշտեց, որ այս առումով մի քանի տասնյակ դիտորդների բերելն ընդամենը ժամանակի անիմաստ կորուստ է. «Արևմուտքին դուր գալու համար է սա, բայց արևմտյան քաղաքական կուրսը հստակ է: Արևմուտքի դաշնակիցը տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է: Ինչքան էլ իրենք Թուրքիայից դժգոհ լինեն, երբեք չեն հրաժարվի այդ երկրից, քանի որ տարածաշրջանում Թուրքիային այլընտրանք այլ երկիր չունեն: Իսկ Ադրբեջանն իր գազի ռեսուրսներով ու պաշարներով ԵՄ-ին պետք է: Անկախ Արևմուտքի հայտարարություններից, իրենք իրականում երբեք պրոհայկական չեն եղել ու չեն լինի: 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, օգտվել է այդ դաշինքի ռեսուրսներից: Արևմուտքի համար Հայաստանը երրորդական արժեք ունեցող երկիր է: Արժեքը միայն ՌԴ դաշնակիցը լինելն է, ու հիմա ամեն ինչ անում են ՌԴ-ին Հայաստանից կտրելու համար»:

Անդրադառնալով Իրանի հետ ունեցած հարաբերություններին, վերոնշյալ այցի շրջանակում էներգետիկայի և գազի ոլորտին առնչվող համաձայնագիրը երկարաձգելու մասին հուշագրի ստորագրմանը՝ Մանվելյանը հավելեց. «Այս իշխանությունների բոլոր գործողությունները կեղծիքի հիման վրա են: Այստեղ ավելի շատ PR, քան քաղաքական ու տնտեսական գործընթաց կա: Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների համատեքստում գազի ներմուծման, արտահանման այդ պայմանագիրը վաղուց էր կնքված, և այն վերակնքելն իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում: Գազը գալիս է Հայաստան, վերածվում էլեկտրաէներգիայի, հետ է գնում Իրան: Գազամուղը, որը կառուցվել է դեռևս Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, աշխատում է իր հզորության 15 տոկոսով: Այդ հուշագիրը կբերի՞ նրան, որ այն աշխատի 50 տոկսով: Ոչ , որովհետև ՀՀ-ն ավելի մեծ ծավալներով էլեկտրաէներգիա դեպի Իրան հետ ուղարկելու հնարավորություն չունի: Սա հերթական PR-ն է. ցույց են տալիս, թե ինչ-որ քայլեր են ձեռնարկվում, բայց այդ ամենից իրականում ոչինչ չի ավելանում: Սա այսօրվա իշխանությունների անձեռնահասության և անկարողության մասին վկայող հերթական փաստն է»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930