Լրահոս
Օրվա լրահոսը

Պրագմատիզմի պակասը

Նոյեմբեր 03,2022 10:00

Հայաստանյան հասարակությանը եւ քաղաքական գործիչներին պակասում է պրագմատիզմը, որը երբեմն պայմանավորված է սեփական «սկզբունքայնությունը» ցուցադրելու ցանկությամբ: Վերջին օրինակներից է Կարո Փայլանի այցը Հայաստան: Որպես «բացահայտում» մատուցվում է այն, որ նա «թուրքամետ» է, արտահայտում է Թուրքիայի շահերը: Իսկ ո՞ւմ շահերը նա պիտի արտահայտի: Դուք կհարգե՞իք որեւէ երկրի խորհրդարանի պատգամավորին, որը չի արտահայտում իր պետության շահերը: Իհարկե, այնպես չէ, որ Էրդողանը կանչել է Փայլանին եւ ցուցումներ է տվել, թե ինչ պետք է նա խոսի Հայաստանում: Ամեն ինչ, իմ կարծիքով, փոքր-ինչ ավելի բարդ է՝ Թուրքիայի քաղաքական կյանքում, վստահ եմ, կան տարբեր շերտեր: Ճիշտ այնպես, ինչպես՝ Ռուսաստանի: Այնտեղ կա Կոնստանտին Զատուլինի նման գործիչ, որն աշխատում է Հայաստանի հետ, եւ կա Սերգեյ Մարկով, որը կապեր ունի Ադրբեջանի հետ: Բայց երկուսն էլ արտահայտում են Ռուսաստանի, ոչ թե որեւէ այլ երկրի շահերը: Ճիշտ այնպես, ինչպես Կարո Փայլանը՝ Թուրքիայի: Կարծում եմ, այդ մարդկանց պետք է լսել եւ հնարավորինս օգտվել շփումներից: Բնականաբար, չհրճվելով նրանց «հայամետությամբ»:

Ազգանունը եւ հայկական ծագումը որոշիչ չեն՝ դրա հետ համաձայն եմ: Բայց եթե որեւէ մարդ իր մասին ասում է՝ «ես հայ եմ», դա նույնպես արժե օգտագործել: Հիմա պիտի «սարսափելի» բան ասեմ, որը մեր «եվրոպամետներին» պետք է որ դուր չգա: Մենք բոլորս գիտենք, թե ով է Մարգարիտա Սիմոնյանը՝ նա պուտինյան, «գեբելսյան ոճի» քարոզչության առաջամարտիկ է, որն արդարացնում է իր երկրի խելահեղ ագրեսիան Ուկրաինայի դեմ: Արդյոք դա՞ էր պատճառը, որ նրան Հայաստանում հայտարարել են «անցանկալի անձ», եւ արդյոք դրանո՞վ են պայմանավորված մեր իշխանության քարոզիչների անեծքները նրա հասցեին: Իսկ գուցե հնարավոր է որոշակի օգուտնե՞ր քաղել նրա հետ շփումներից:

Ներքին քաղաքական կյանքում նույնպես պակասում է պրագմատիզմը: Նկատի ունեմ, մասնավորապես, այն, որ ընդդիմադիր ուժերն իրար հետ ավելի շատ են բանավիճում, քան իշխանության հետ: «Բեւեռը», ՀԱԿ-ը եւ խորհրդարանական ընդդիմությունն այնքան են կենտրոնացած իրար վրա, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե դա շախմատի հավակնորդների մրցաշար է, որում սկզբից պետք է հաղթել, որից հետո միայն ուժերը չափել «չեմպիոնի» հետ: Հայաստանում մշտապես պայքար է մղվում «լավագույն» եւ «իսկական» ընդդիմություն լինելու դափնիների համար: Ահա եւ ստացվում է, որ Իշխան Սաղաթելյանը քննադատում է Լեւոն Տեր-Պետրոսյանին (ստանալով, բնականաբար, «պատասխան հարվածներ»), իսկ ոչ-խորհրդարանական ընդդիմությունն ամեն ինչ անում է՝ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի հանրահավաքը վարկաբեկելու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Թվային փողին անցնելու համար են այսօրվա բոլոր հակամարտությունները եւ դրանք քանի գնալու ավելի են ուժեղանալու: Մենք եթե ամուր լինենք, առանց կորուստների կարող ենք դիմագրավել այդ արհեստական արհավիրքներին: Ինչպե՞ս դառնանք ամուր: Ջուրը փոքրին, խոսքը մեծին, մեծերը փոքրերին պետք է սիրեն, կրթեն, դաստիարակեն, մարզեն եւ պատրաստեն ապագա մեծական կյանքին: Բայց մեր մեծերն իրենք դեռեւս կրթվելու, դաստիարակվելու, մարզվելու կարիք ունեն, որ օրինակ ծառայեն փոքրերի համար: Այսպիսով, ծնողները ծառայում են ընտանիքի փոքրերին եւ ապագա ծնող դաստիարակում: Նույն սկզբունքով համայնքները ծառայում են ջահել ընտանիքներին’ սիրում, կրթում, դաստիարակում, մարզում եւ պատրաստում ապագայում սեփական համայնքը կամ գործող համայնքը ղեկավարելու: Պետությունը ծառայում է ջահել նորաստեղծ համայնքներին, սիրում, կրթում, դաստիարակում, մարզում եւ պատրաստում նրանց մեծական պետական կառավարման: Վերպետական կառույցները ծառայում են նորաստեղծ ջահել պետություններին: Միայն ծառայելով փոքրերին եւ դաստիարակելով նրանց որպես ապագա մեծերի, հնարավոր է երկարաժամկետ հստակ օրակարգ մշակել եւ իրագործել այն: Ազգի բոլոր խելոքներ, միացե՛ք, մեր հաղթանակի երկարաժամկետ օրակարգը հանենք մրցադաշտ ու հաղթահարենք այլասերվածների երկարաժամկետ օրակարգը եւ տարածենք մեր օրակարգը աշխարհով մեկ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930