Ինչպես հայտնի է, ցինկն իմունային համակարգի օգնականն է վիրուսային վարակներին դիմագրավելու հարցում։ Այս հանքանյութն իր լուման ունեցավ նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի գործում, քանի որ վիտամին D-ի ու C-ի հետ միասին լայնորեն նշանակվում էր բժիշկների կողմից քովիդ 19-ով հիվանդ պացիենտների բուժման ժամանակ։
Իհարկե, վիրուսների դեմ պայքարն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը, և ինչպես փաստում են հետազոտությունները, օրգանիզմն ավելի լավ է կարողանում պայքարել վիրուսների դեմ, երբ արդեն իսկ բավարար չափով «զինված է» անհրաժեշտ վիտամիններով ու հանքանյութերով, այլ ոչ թե երբ դրանք սկսում է ստանալ հիվանդանալուց հետո միայն։ Ուստի հատկապես շնչառական վարակների ակտիվացման այս շրջանում շատ կարևոր է օրգանիզմի իմունային ակտիվության մասին հոգալը։
Ցինկն այս հարցում պարզապես հրաշալի օգնական է, քանի որ ունի ընդգծված հակավիրուսային, հակաբորբոքային, հակաօքսիդանտային և իմունախթանիչ ազդեցություն։ Այն կենսականորեն անհրաժեշտ հանքանյութ է, որը մասնակցում է օրգանիզմի կենսաքիմիական բազմաթիվ գործընթացներին։
Հիշյալ ազդեցություններից զատ ցինկը կարևորագույն դեր ունի տղամարդկանց սեռական առողջության համար․ այն մասնակցում է տեստոստերոնի արտադրությանը, նվազեցնում շագանակագեղձում առաջացող բորբոքային գործընթացների վտանգը, բարելավում սերմնահեղուկի որակը։ Մեծ է նաև ցինկի դրական ազդեցությունը կանանց վերարտադրողական առողջության վրա։ Այս հանքանյութը պատասխանատու է նաև արտաքին գեղեցկության համար, քանի որ ազդում է մազերի, մաշկի, եղունգների որակի վրա։
Կարդացեք նաև
Ցինկ պարունակող մթերքների ցանկը բավականին ընդգրկուն է, սակայն եթե օրգանիզմը սննդի միջոցով չի ստանում այն բավարար քանկությամբ, օգնության են գալիս սննդային հավելումները։
Դեղատներում վաճառվում են ցինկ պարունակող հավելումների մի քանի տարատեսակներ, որոնք տարբերվում են իրենց կենսահասանելիությամբ։ Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակը կօգնի ընտրել բժիշկը։
Ցինկով հավելումները խորհուրդ է տրվում ընդունել օրվա առաջին կեսին՝ ուտելուց մեկ ժամ առաջ կամ երկու ժամ հետո, սակայն դրանք չի կարելի խմել երկաթի ու կալցիումի, մագնեզիումի ու ֆոլաթթվի, ինչպես նաև որոշ հակաբիոտիկների, օրինակ՝ տետրացիկլինի հետ միաժամանակ։ Եթե կա այդպիսի անհրաժեշտություն, ապա այդ դեղամիջոցների ընդունման միջակայքը 4-5 ժամ պետք է լինի։
Փոխարենը ցինկը լավ է համադրվում А, B2 և B6 վիտամինների հետ։ Ցինկը բարելավում է վիտամին A-ի յուրացումը՝ նպաստելով վերջինիս փոխակերպմանն աչքի ցանցաթաղանթում։ Վիտամին В2-ը մեծացնում է ցինկի կենսահասանելիությունը, իսկ վիտամին В6-ը՝ կանխում ցինկի կորուստը։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։