Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության նորաձեւ մոդելը փորձարկվում է աշխարհի հնագույն երկրի տարածքում

Նոյեմբեր 03,2022 13:00

«Իշխանության», մասնավորապես, սեղանի գլխին նստած թամադայի առաջ դրված է երկու տեսակի կերակուր՝ ռուսական «բորշչ» եւ եվրոպական (պայմանականորեն) «պիցցա»: Դե «բորշչը» մոտ 100 տարի կերել ենք ու արդեն հոգնեցինք նույնահամ ճաշատեսակից, հիմա ուզում ենք փորձել հանրահայտ «պիցցան», որը վերջին շրջանում է թափանցել մեր խոհանոց…

Մի խոսքով. ռուսական փաստաթուղթն ասում է. Արցախը, որպես այդպիսին, կմնա առկախ մի որոշ ժամանակ, որի ճակատագիրը կլուծվի համաժողովրդական հանրաքվեով եւ այլն: Հայաստանը կունենա միջազգայնորեն ճանաչված իր 29.8 հազար քկմ սահմանագիծը, ասել է թե՝ այն տարածքները, որոնք զավթվել են ադրբեջանցի զինվորների կողմից, վերադարձվելու են իրական տիրոջն ու այդ զորքը դուրս է գալու Հայաստանի սահմաններից: Նախիջեւան-Աբրբեջան կապը կլինի ՃԱՆԱՊԱՐՀ եւ այն անցակետերի տեսքով կհսկեն ռուս խաղաղապահները: Հայաստանն էլ կապրի՝ ուրախ, անհոգ, կուշտ, երջանիկ…

Արեւմտյան փաստաթուղթն ասում է. Ղարաբաղը, որպես այդպիսին, մնում է Ադրբեջանի կազմում, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը եւ ասել է թե՝ այն տարածքները, որոնք զավթվել են ադրբեջանցի զինվորների կողմից, վերադարձվելու են իրական տիրոջն ու այդ զորքը դուրս է գալու Հայաստանի սահմաններից: Նախիջեւան-Ադրբեջան ցամաքային կապը կլինի ՄԻՋԱՆՑՔ, ադրբեջանցի զինվորի հսկողության գոտում: Դուրս մղել Ռուսաստանին՝ Հայաստանի սահմաններից (իսկ եթե Ռուսաստանին դուրս մղենք ու Արեւմուտքն էլ ձեռքերը լվանա պիղատոսավարի եւ մնանք թուրքական աշխարհների դեմ մեն-մենա՞կ…) եւ Հայաստանին կտրամադրենք անսահմանափակ քանակությամբ դոլարներ ու Հայաստանն էլ կապրի՝ ուրախ, անհոգ, կուշտ, երջանիկ…

Ահա՝ այն երկու փաստաթղթերի տարբերությունները: Սա իմ հասկացածն է, որը, վստահ եմ, շատ չի տարբերվում երկու կողմերի մտածումներից:

Իսկ որոշողը, այս դրությամբ, ցավոք, այնպես է ստացվել, որ ոչ ԱԶԳՆ է, ոչ էլ առավել եւս՝ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, այլ՝ մեկը, ով չգիտեմ ինչպես, բայց մտածել է, որ ինքն իրավունք ունի մենակով խաղալու մի ամբողջ ազգի ճակատագրի հետ ու խոռոչներ բացի այդ կնճռոտված ճակատին:
Այսօր Հայաստանում որոշվում է աշխարհի ուժեղ տղու կարգավիճակ-հարցը, Իրանը առայժմ տանում է մրցավարի դերը: Զգուշացնում է, որ խախտումներ չի կարելի, ով խախտեց՝ կպատժի…

Իսկ թե որտե՞ղ է փրկությունը, ասեմ: Փրկությունը հին բանախոսին նորով փոխարինելն է: Այդպիսով գոնե ժամանակ կշահենք ու մի խորը շունչ կքաշենք վերականգնվելու եւ ինքնակազմակերպվելու պայմանով: Գուցե ժամանակ անց կարողանանք նաեւ շահել: Իսկ եթե չպիտի շահենք, ուրեմն կորցնելու բան չունենք այլեւս, որովհետեւ արդեն ինչ պետք էր, այլեւս կորցրել ենք:

Արա ՆԱԽՇՔԱՐՅԱՆ
Հրապարակագիր,
ազատամարտիկ

«Առավոտ» օրաթերթ
02.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930