Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարվա Operalia-ի հաղթողը մեր երգչուհին է

Նոյեմբեր 03,2022 12:30

Մի քանի օր է՝ աշխարհի հեղինակավոր պարբերականներն ու կայքերը, ինչպես նաեւ համացանցը, ողողված են Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հոկտեմբերի 24-30-ը տեղի ազգային օպերային թատրոնում անցկացված Operalia մրցույթում առաջին մրցանակի արժանացած սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի լուսանկարներով։ Երիտասարդ երգչուհուն մեր հանդիսատեսը ծանոթ է օպերային թատրոնի, ֆիլհարմոնիկ, սիմֆոնիկ նվագախմբերի հետ ունեցած բեմելներից։ Երգչուհին 2019թ. ընդգրկված է Ազգային օպերային թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրում (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան)։ Վերջինիս մասնակիցների կազմում նա բազմաթիվ ելույթներ է ունեցել Երեւանում, մարզերում, Արցախում եւ Շուշիում, ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հյուրախաղերով հանդես եկել Չեխիայում ու Իտալիայում։

«Առավոտն» առաջին անգամ հմայիչ Ջուլիանային ներկայացրեց ընթացիկ տարվա ամռանը, երբ Վարշավայում կայացած Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան միջազգային մրցույթում մասնակից 28 երկրի 112 երգիչների մրցապայքարում երգչուհին արժանացավ Գրան պրիի։ Արվեստագետն ասել էր, որ հրավերներ է ստացել մի շարք հեղինակավոր թատրոններից, այդ թվում՝ Հռոմի, Ցյուրիխի, Մյունխենի… «Քովենթ գարդենից» եւ այլն։ Եղել են նաեւ համերգների առաջարկներ Լեհաստանից, Հունաստանից, Գերմանիայից… եւ Պլասիդո Դոմինգոյի կողմից՝ աշնանը մասնակցելու 1993թ. նրա հիմնած Operalia մրցույթին։ Հիշյալ մրցույթից հետո սոպրանոն հանդես է եկել մեր օպերային թատրոնի խաղացանկային՝ Ռախմանինովի «Ալեկո» ներկայացման մեջ, Զեմֆիրայի դերերգով։ Ի դեպ, երգչուհուն փոխանցել էինք, թե հանդիսատեսը նրա համար հիանալի կարիերա կանխատեսելուց բացի, վստահեցնում էր, որ դրան կնպաստի հմայիչ արտաքինը։ Այդ կապակցությամբ նա իր կարծիքն ունի. «Տաղանդը հմայքի հետ կապ չունի, հմայքն ընդամենը արտաքին փայլ է»։ Ի դեպ, Մոնյուշկոյի մրցույթից հետո, դարձյալ ամռանը, Իտալիայում կայացած Ֆիորենցա Չեդոլինզի մրցույթում հայ երգչուհին դարձյալ առաջինն է ճանաչվել։

Operalia մրցույթը ամեն տարի հարյուրավոր, գուցե հազարավոր հայտեր է ստանում։ Նախընտրական փուլում ժյուրին լսում է ներկայացված ձայնագրությունները, ընտրում դրանցից շուրջ 40-ը։ Միջազգային ժյուրին, որը նախագահում է Պլասիդո Դոմինգոն, լսում է ընտրված մասնակիցներին՝ քառորդ եզրափակչին մասնակցելու համար եւ ընտրում է 20 մասնակից՝ կիսաեզրափակիչ փուլի համար, իսկ եզրափակիչ փուլ է անցնում 10 երգիչ։ Ընդ որում, եզրափակիչ փուլը ներկայացվում է գալա համերգի ձեւաչափով՝ նվագախմբի ուղեկցությամբ եւ մաեստրո Դոմինգոյի ղեկավարությամբ։ Մի տեղեկություն եւս. մեր հանդիսատեսին քաջածանոթ կանադահայ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը այս մրցույթի առաջին հաղթողներից է եղել, այնուհետեւ ունեցել ենք մասնակիցներ, որոնք տարբեր տարիների արժանացել են տարբեր մրցանակների՝ Երեւանի օպերային թատրոնի մեներգիչ Առնոլդ Քոչարյան, Սանկ Պետերբուրգից՝ Միհրան Աղաջանյան, իսկ անցյալ տարի երկրորդ մրցանակի արժանացավ Հյուսթոնի օպերային թատրոնի երիտասարդ արտիստների ծրագրից Մանե Գալոյանը։ Մի հատկանշական փաստ եւս. արդեն 21 տարի մրցույթի գլխավոր հովանավորն է աշխարհահռչակ Rolex ֆիրման, որի մրցանակին է արժանանում մրցույթի հաղթողը։ Այսօր արդեն հեղինակավոր թատրոնների բեմերում են մրցույթի տարբեր տարիների հաղթողներ՝ այնպիսի գերաստղեր, ինչպիսիք են Ջոյս Դիդոնատոն, Խոսե Կուրան, Ռոնալդո Վիլազոնը, Աիդա Գարիֆուլինան, Փրիթի Յենդեն եւ այլն։ Այս ցանկում ոչ թե հավանաբար, այլ համոզված ենք՝ տեղ կգտնի նաեւ Ջուլիանա Գրիգորյանի անունը։

Երգչուհին դեռեւս չի վերադարձել հայրենիք։ Լեւոն Ջավադյանից տեղեկացանք, որ Ջուլիանա Գրիգորյանը մրցույթից հետո ոչ թե մեկ-երկու, այլ բազմաթիվ հրավերներ է ստացել։ Նա արդեն մասնակցել է երկարատեւ վերանորոգման աշխատանքներից հետո Բոլոնիայի օպերային թատրոնի բացման գալա համերգին, հիմա Ամստերդամում է, որտեղ Թագավորական թատրոնում պատրաստվում է մարմնավորել Լիույի կերպարը Վերդիի «Տուրանդոտում» (6 ներկայացում), որն իրականացրել է թատրոնների ցանկալի հյուր հռչակված ավստրիացի ռեժիսոր Բարրի Կոսկին, դիրիժորն է օպերային աշխարհում արդեն հայտնի անուն, 31-ամյա Վիոտտին։ Դեկտեմբերին էլ Ռավեննայում Ռիկարդո Մուտտիի ղեկավարությամբ մեր երգչուհին կմասնակցի Վերդիի Ռեքվիեմի կատարմանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930