Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշողությունն էլ է կտավ»

Նոյեմբեր 03,2022 12:00

Ասում է նկարիչ Միքայել Հարությունյանը

– Վառ, գունեղ եւ ընդգծված: Այս ամենի արդյունքում՝ ինքնատիպ: Այս բնորոշումն ունեմ ձեր արվեստի համար: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք այս ճանապարհը: Խոսենք ձեր ընտրած մասնագիտության, ստեղծագործական ուղու մասին: Ովքե՞ր են նպաստել ձեր ձեռքբերումներին:

– Այս ճանապարհի ընտրության համար շնորհակալ եմ Աստծո նախախնամությանն ու ծնողներիս ուշադրությանը, առանց որի գուցե այլ՝ ինձ համար օտար ճանապարհներին լինեի: Սկզբում, երբ փոքր էինք, դաշնամուրի դասերի էինք հաճախում մեր հարեւան Սարգիս Քարտիկյանի մոտ: Ասում էին` ինձ մոտ ավելի լավ էր ստացվում նվագել, իսկ եղբայրս՝ Նորայրը, ով այսօր արդեն կոմպոզիտոր է, ինձնից ավելի լավ էր նկարում: Բայց հիշում եմ այն օրը, երբ որոշեցի էլ չշարունակել նվագել, ծնողներիս ասացի այդ մասին… Հիմա եմ հասկանում, որ ռիսկային որոշում էր, քանի որ այն ժամանակ վստահ չէի, որ մեկ այլ մասնագիտություն ինձ առավել էր դուր գալիս: Էլ չնվագեցի, փոխարենը ասացի, թե կնկարեմ ու այդ օրվանից մասնագիտություններով, կարելի է ասել, փոխվեցինք եղբորս հետ, ինքն էլ իր հերթին չշարունակեց նկարել: Երջանկություն է, երբ դեռ պատանի տարիքից ընդգծվում է ճանապարհդ, մասնագիտությունդ: Բարի մարդիկ շատ են եղել, ովքեր նպաստել են իմ ձեռքբերումներին, նրանք այսօր էլ իմ կողքին են եւ իմ պատմության անբաժան մասն են:

– Ուսումնասիրե՞լ եք դաշտը, ինչ խնդիրներ կան, արդյոք անհանգստացնող հանգամանքները շատ են։

– Կուզեի ոչ թե երկիրը կառչեր անհատներից, որոնք դժվարությամբ հասնում են մի մակարդակի, այլ երկիրը բարձրացներ այդ անհատներին եւ ինքն էլ օգտվեր արդյունքից… Բայց մյուս կողմից էլ շատ բան չեմ պահանջում երկրից այս փոփոխական էտապներում… Աշխատում եմ չկենտրոնանալ խնդիրների վրա:

– Ձեր արվեստում կա՞ն չափանիշներ:

– Առայժմ դրանում ազատ եմ, բայց միեւնույն է` ինչ էլ անեմ, իմ ձեռքի գործն է ստացվում…

– Ազատությունը շատ եք սիրում: Որտեղից ուր է գնում ձեր` երիտասարդ նկարչի արվեստը… եւ վերջակետ լինելո՞ւ է, թե՞ ազատասիրությունը երկար ճանապարհ կանցնի։

– Երբ նոր էի բացահայտում նկարչական նյութերը՝ ջրաներկ, յուղաներկ, այդ ժամանակ ինձ համար կարեւորն այդ նյութերով աշխատելուց հաճույք ստանալն էր, նյութերի հնարավորություններն էի փորձում ու այդքան էլ չէի կարեւորում թեման: Սակայն, դրան զուգահեռ, նկարելուց աշխատում էի տարբեր թեմաներով ու ոճերով, փնտրում էի, ձանձրանում, նորից ոգեւորվում, բայց հետո եկավ ժամանակ, երբ սկսեցի ուսումնասիրել իրապաշտական արվեստը, երկար տարիներ նվիրեցի ռեալիզմին: Դա ինձ շատ բան տվեց, կարեւոր հենք եղավ իմ հետագա ճանապարհի համար, որը, սակայն, ինքս էլ չգիտեմ, թե ուր կտանի ինձ, կունենա՞ վերջակետ, թե՞ ոչ։ Ես չեմ կարող ասել դա, սա առանց սահմանների մի պրոցես է ու այդ անկանխատեսելիությունն էլ է հետաքրքիր:

– Քննադատություններն ու կարծիքները վախեցնո՞ւմ են ձեզ…

– Քննադատություններից չեմ վախեցել երբեք, առաջին քննադատս միշտ ես եմ եղել, հետո հայրս: Դրա շնորհիվ ես գիտեմ այն խնդիրները, որոնց վրա պիտի աշխատեմ ու քննադատական խոսքը կամ խորհուրդն ինձ համար հիմնականում նորություն չեն լինում: Շատերի նման չեմ ասի, թե հաճելի է, ցանկալի է քննադատություն լսելը, բայց դրանցից չեմ էլ վախենում, փորձում եմ օգտվել: Կարծիքներն էլ միշտ հաճույքով եմ լսում:

– Չգիտեմ՝ առաջիկա ծրագրերի մասին սիրո՞ւմ եք խոսել:

– Ժամանակի ընթացքում ծրագրերն իրենք իրենց բացահայտում են, ուստի կնախընտրեմ թողնել դա իրենց վրա։

– Անհաջողություններ եւ հիասթափություններ եղե՞լ են ձեր կյանքում եւ հատկապես ստեղծագործական ոլորտում: Դրանք խանգարել կամ խանգարո՞ւմ են ձեզ:

– Իհարկե, բայց փառք Աստծո, այդ անխուսափելի խնդիրները երբեք բեկումնային չեն եղել ինձ համար։ Փոքր խնդիրներ եղել են, որոնք չեն շեղել ընթացքից:

– Երազանքներ, թե նպատակներ… թե՞ խաղաղ ազատությամբ ապրելու ձգտում… Ո՞րն է ձգում ձեզ: Գույներ, գույներ, գույներ… Ի՞նչ գույներ կան ձեր մտքում:

– Երազանքներ ու նպատակներ: Հենց սկզբից է այդպես եղել ու դժվար եմ պատկերացնում հակառակը: Այստեղ նորից պիտի կրկնեմ այն, որ երջանկություն է, երբ դու դեռ պատանի ես ու արդեն հստակ է քեզ համար ամեն բան, մնում է կարողանաս գնալ քո ճանապարհով:

– Գույների մեջ ապրո՞ւմ է հիշողությունը: Եվ, իհարկե, ի՞նչ արժեք ունի հիշողությունը ձեզ համար:

– Այո, ապրում է: Անխոս: Հիշողությունն էլ է կտավ: Դրա վրա քո անցյալն է պատկերված, քո պատմությունը, քո ընտրությունը տարբեր պահերին: Եթե այն անխռով է, ուրեմն դու երջանիկ ես, բայց եթե անգամ այդպես չէ, միեւնույն է, դա դու ես, որից փախչել չես կարող եւ իմաստ էլ չունի։ Ուստի այն չի կարող անարժեք լինել քեզ համար երկու դեպքում էլ: Հիշողությունը ամենաարժեքավոր պահոցն է, միայն թե երանի՜ միշտ անդորր եւ ուրախություն գտնես այնտեղ:

– Ունե՞ք սիրելի կտավներ, որոնք ձեր ստեղծագործություններն են։

– Երբ նկարը նոր եմ ավարտում, այդ վերջինը, գուցե, որոշ առավելություն ունենում է նախորդ նկարների համեմատ, բայց դա ժամանակավոր է: Շատ չանցած հասկանում եմ, որ դրանք իմն են ու չեմ համարձակվի տարբերություն դնել նրանց մեջ, անկախ այն բանից, թե մեկը տեխնիկապես ավելին է, քան մյուսը: Նման է երեխաներիդ հանդեպ վերաբերմունքին։

– Հիսուս Քրիստոսի խաչելությունը պատկերող նկարը, որ կոչվում է «Կատարվեց», վերջերս օծվեց Երուսաղեմում եւ իր մշտական տեղը գտավ Սուրբ Հարության Տաճարում՝ Քրիստոսի գերեզմանի մոտ՝ Երկրորդ կամ Հայկական Գողգոթայում: Ինչպե՞ս որոշեցիք նկարել, ինչպե՞ս հասցրիք Երուսաղեմ եւ կշարունակե՞ք հոգեւոր թեմայով նկարել։ Մի քիչ խոսենք այդ մասին։

– Այս նկարի պատմությունը ունի նախաբան, բայց ես կուզեի անդրադառնալ կարեւորին: Կանադայի hայոց թեմից Տեր Կոմիտաս քահանա Միրզախանյանի միջնորդությամբ ծանոթացա Երուսաղեմի Սբ. Հարության Տաճարի տեսուչ, Հոգեշնորհ Հայր Սամուել Ծայրագույն վարդապետ Աղոյանի հետ: Հայր սուրբից տեղեկացա, որ Հարության Տաճարի հայկական մասի համար Քրիստոսի խաչելության նկար է հարկավոր: Այդ հարցով դիմեցին ինձ, որ էսքիզներ ներկայացնեմ, քանի որ տեսել էին Մայր Աթոռի համար արած իմ աշխատանքները:

Էսքիզները հավանեցին, նկարը պիտի սկսեի: Ես, իհարկե, ավելի ուշ իմացա, թե որտեղ պիտի նկարը տեղ գտներ, իսկ դա՝ Երկրորդ Գողգոթան էր՝ Սբ. Հարության Տաճարում, Քրիստոսի գերեզմանի մոտ: Ապշել էի իրականությունից: Հիշում եմ՝ ինչքան ոգեւորված էի աշխատում, խունկ ծխում, հոգեւոր երաժշտություն լսում, սենյակը դարձրել էի մի փոքրիկ մատուռ: Ստեղծել էի մի միջավայր, որ կարողանայի ինձ էլ պատկերացնել որպես խաչելության ներկաներից մեկը: Դա կարեւոր էր, ես պիտի զգայի պահը: Ինձ նաեւ մեծապես օգնեց Հայր Սերոբը՝ Մխիթարյան միաբանությունից, ով ինձ խաչելությանը վերաբերող կարեւոր գիտական ուսումնասիրություններ էր ուղարկել Իտալիայից: Երկար կարող եմ խոսել այդ օրերից, իմ ապրումներից: Նկարն ավարտելուց հետո շատ մարդիկ են ցանկացել ձեռք բերել այն եւ բավական բարձր գնով: Բայց արդեն որոշել էինք, որ այդ նկարը, որ անվանեցի «Կատարվեց», պիտի նվիրաբերենք Երուսաղեմի Սբ. Հարության Տաճարին: Երկու տարի սպասեցի, սկզբում քովիդ, հետո ցավալի պատերազմ… ոչ մի կերպ չէր ստացվում կտավը հասցնել Երուսաղեմ:

Սակայն մոտ երկու տարի անց, անսպասելի հնարավորություն ստեղծվեց՝ սկսածն ավարտին հասցնելու: Ճանապարհին էլ խոչընդոտներ ծագեցին, բարեբախտաբար իմ լավ բարեկամ Հովհաննես Մարտիրոսյանի ջանքերով լուծվեցին նաեւ այդ խնդիրները եւ վերջերս էլ կայացավ նկարի այդքան սպասված օծումը՝ ձեռամբ Սբ. Հարության Տաճարի տեսուչ Հայր Սամուելի: Նկարն արժանացավ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի բարձր գնահատանքին եւ օրհնությանը: Ես դեռ չգիտեմ, թե ինչի համար արժանացա Աստծո ընձեռած այս մեծ պարգեւին ու բացառիկ հնարավորությանը… Իսկ այն, որ այս ամենը Տիրոջ նախախնամությամբ եւ ուղեկցությամբ կատարվեց՝ դրանում արդեն համոզվել եմ: Հետագայում էլ, վստահաբար շատ առիթներ կլինեն հոգեւոր թեմայի շուրջ աշխատելու:

Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
02.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930