Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Դատավորներն օրինակ են ծառայում խորհրդականներին

Նոյեմբեր 03,2022 13:30

Լույս է տեսել «Դատական իշխանություն» ամսագրի հերթական համարը:

Գիտամեթոդական ամսագրի հերթական համարում, ինչպես եւ այս տարվա նախորդ համարում հրապարակումներով հանդես են եկել դատավորները, դատարանների աշխատակազմերից: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի հայցորդ Արտակ Կրկյաշարյանն իր «Զինվորական ծառայության պայմանների միջոցով յուրատեսակ բեկվող՝ զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների խախտման դեպքերի համահասարակական պատճառները», Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահ, Հայաստանի Հանրապետության դատավոր Էրնա Հայրիյանը «Օտարերկրյա ներդրումների միջազգային-իրավական կարգավորումները Հայաստանում. Հիմնախնդիրները եւ հեռանկարները» հրապարակումներով:

Մասնագիտական շրջանակները կարող են ծանոթանալ ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետի պաշտոնակատար, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի հայցորդ Մելիք Մելիքյանի՝ «Հանցագործության պրովոկացիայի քրեաիրավական առանձնահատկությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում» հրապարակմանը, նաեւ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրոս, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի օգնական Արիադնա Մելքոնյանի «Անձնական եւ ընտանեկան կյանքի էությունը ՄԻԵԴ-ի եւ ՀՀ օրենսդրության տեսանկյունից»:

Դատավորներից հետ չեն մնացել խորհրդականները, անգամ՝ վարչապետի խորհրդականը: ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի ասպիրանտ, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդական Տաթեւիկ Սարուխանյանը հանդես է եկել «Հաշտության համաձայնության իրավական բնույթն ու կնքման դատավարական հետեւանքները», իսկ ի.գ.թ., դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորի խորհրդական, Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս Գեւորգ Իսրայելյանը «Դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու համար պատասխանատվությունը՝ ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի կարգավորումների» հրապարակումներով: Ի դեպ, հրապարակումներին, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի որոշումներին կարող եք ծանոթանալ Դատավորների միության կայքէջում՝ «Դատական իշխանություն» խորագրի ներքո: Այն ընդգրկում է այս տարվա հուլիսից սեպտեմբեր ժամանակահատվածը:

Այս օրերին կարեւորվում է զինվորական ծառայությանն ու կանոնակարգային հարաբերություններին առնչվող ցանկացած հրապարակում: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ- զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի հայցորդ Արտակ Կրկյաշարյանն իր «Զինվորական ծառայության պայմանների միջով յուրատեսակ բեկվող զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների խախտման հասարակական դեպքերը» ուսումնասիրության մեջ գրում է հենց այդ մասին. «Զինված ուժերը հասարակության անքակտելի մասն են, նրա բնական շարունակությունը, մի յուրահատուկ «ծեփապատճեն», որն արտացոլում է ողջ հասարակության ձեռքբերումներն ու բացթողումները: Բայց եւ այնպես, Զինված ուժերը նաեւ բավական ինքնուրույն եւ յուրահատուկ օրգանիզմ է: Այս անհերքելի փաստերը թույլ են տալիս առանձնացնել դիտարկվող կարգի հանցավորության գործոնների այն խումբը, որը զինծառայողների միջեւ կանոնադրական փոխհարաբերությունների խախտման համահասարակական որոշիչների արտացոլումն է: Այս խմբին պետք է դասել հանցավորության ընդհանուր որոշիչները, որոնք առանձնահատուկ բեկվում են զինծառայողների յուրօրինակ կենսաձեւի, կենցաղի, հանգստի եւ այլ գործունեության ազդեցությամբ»: Նա նշում է զորակոչիկների շրջանում տնտեսական գործոնով պայմանավորված որոշ ազդեցությունների մասին, զորամասերի եւ ստորաբաժանումների զինպատրաստվածության թերի ֆինանսավորումը, որն ըստ հեղինակի. «Հանգեցնում է օրակարգի բնականոն կատարման խաթարման, որի զգալի մասը նախատեսված է ռազմական պատրաստվածության խնդիրների լուծման համար: Արդյունքում, զորակոչված զինծառայողների հիմնական մասը անգործ է մնում (կամ զբաղված ոչ այն գործով, ինչը ենթադրում են զինվորական ծառայության նպատակները) բավական մեծ ժամանակահատված:

Պարապությունը, «ազատ ժամանակի» առկայությունը ծայրահեղ վատ ազդեցություն է ունենում որոշ զինվորականների զինծառայության, զինվորական կոլեկտիվին ինտեգրվելու գործընթացի եւ այդ կոլեկտիվի մյուս անդամների հետ միջանձնային հարաբերությունների բնույթի վրա»: Ծանր հետեւանքների մեջ նա նշում է մի քանիսը, մասնավորապես, զինծառայողների միջեւ այն հակամարտությունների առաջացումը, որոնց հիմքում ընկած է մթերքի պակասը, ինչը հաճախ հանգեցնում է երկար ծառայության մեջ գտնվողների կողմից նորակոչիկների հարազատներից ստացված մթերքի յուրացմանը, նրանց գողության դրդելուն: Հեղինակն առաջարկել էր համապատասխանեցնել նորմատիվ-իրավական կարգավորումները ժամանակի պահանջներին` հաշվի առնելով քրեածին իրադրության բոլոր ակնհայտ եւ թաքնված կողմերը. «Այդ հանցագործությունների զգալի մասն ամեն տարի թաքցվում է»: Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի տեսության եւ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանն անդրադարձել էր կարեւորագույն մի խնդրի, սանկցիայի, որը կիրառվում է ինչպես դատական, այնպես էլ մինչդատական վարույթում: «Վարույթն իրականացնող մարմնին հարկադրաբար ներկայացնելը՝ որպես քրեադատավարական սանկցիա (գիտագործնական մեկնաբանություններ)», հեղինակը ներկայացնում է հարկադրաբար ներկայացնելու դատավարական կարգը, մասնակիցներ, որոնց չի կարելի հարկադրաբար ներկայացնել, մասնակիցներ, որոնց կարելի է ներկայացնել, որոշումների մասին, որոնք կարող են բողոքարկվել: Ի դեպ, հիշեցվում է, նշվում է՝ պատգամավորին, դատավորին, գլխավոր դատախազին (տեղակալին) եւ Մարդու իրավունքների պաշտպանին հարկադրաբար ներկայացնելու անթույլատրելիությունը։ Քրեական դատավարությանը երբեմն մասնակցում են անձեռնմելիությամբ օժտված անձինք (հատուկ սուբյեկտներ), որոնց համար ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված են ազատությունից զրկելու սպառիչ դեպքեր եւ հատուկ կարգ:

Վերջին ժամանակներս մենք առնչվում ենք կարեւորագույն մի խնդրի՝ դատական ակտը չկատարելուն: Խնդրին անդրադարձել էր իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորի խորհրդական, Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս Գեւորգ Իսրայելյանը («Դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու համար պատասխանատվությունը ըստ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի կարգավորումների»): Ըստ հեղինակի՝ Դատական ակտը չկատարելը կամ դրա կատարման խոչընդոտելը՝ որպես հանցավոր արարք, նորույթ չէ, դրա համար պատասխանատվություն նախատեսված էր նաեւ նախկին քրեական օրենքում: Սակայն օրենսգրքի 507-րդ հոդվածում նշված արարքի առանձին հատկանիշներ կարգավորված են նորովի: Սույն հետազոտությամբ մեկնաբանվում են այդ կարգավորումները: Հետազոտության արդյունքները, տեսական նշանակությունից զատ, կարծում ենք, ունեն նաեւ գործնական նշանակություն: Դրանք կարող են ուղեցույց հանդիսանալ հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների, ինչպես նաեւ խնդրո առարկա արարքներին իրավաբանական գնահատական տվող եւ պատասխանատվության միջոցներ կիրառող մարմինների համար՝ իրենց առօրյա գործունեության մեջ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930