Հայկական ակումբային ֆուտբոլը անկախ Հայաստանի պատմության ամենաբարձր նշաձողն է սահմանել։ Երևանի Փյունիկը պայքարում է եվրագավաթային մրցաշարի խմբային փուլից դուրս գալու համար։ Դեռ ամիսներ առաջ նման սպասումներ ունեցողները կհամարվեին կա՛մ խելագար, կա՛մ անհույս ռոմանտիկ։ Բայց ֆուտբոլը պարտադրում է մեզ հավատալ հրաշքներին։ Չնայած դա էլ է քննարկելու թեմա. Փյունիկի վերջին ամիսների հաջողությունները հրաշքի, թե անկոտրում կամքի և կազմակերպված թիմային աշխատանքի արդյունք է։
Եթե հետհայացք նետենք անցյալին, ապա կարող ենք փաստել, որ Փյունիկը բնավորություն է ցույց տվել դեռ նախորդ մրցաշրջանի գարնանային հատվածին, երբ դարձավ Հայաստանի չեմպիոն՝ առաջնության միջնամասում ունենալով զգալի տարբերություն առաջատարի նկատմամբ։ Եթե ներքին առաջնության հաջողությանը քչերը ուշադրության արժանացրին, ապա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը հաղթահարելուց հետո նռնագույնները ավելի մեծ զանգվածի հետաքրքրությանն արժանացան։
Մրցակիցը Ռումինիայի բազմակի չեմպիոն Կլուժն էր։ Այո, այն Կլուժը, որը տարիներ առաջ խոշոր հսշվով պարտության էր մատնել Ալաշկերտին։ Սա նշանակո՞ւմ է, որ հայկական ակումբային ֆուտբոլը բարձրացել է նոր մակարդակի։ Այո՛, և դրանում կհամոզվենք ոչ միայն այս պատճառով։ Որակավորման փուլերի վերջին հաջողությունը երևանյան ակումբը գրանցեց Դյուդելանժի հետ դիմակայությանը։ Այդ հաղթանակը ևս հեշտ չտրվեց. Պատասխան հանդիպման խաղասկզբում Փյունիկը պարտվում էր երկու գոլի տարբերությամբ, բայց այս անգամ էլ ուժեղ բնավորությունը չլքեց Մելիքյանի սաներին։
Կարդացեք նաև
Հայտնվելով ՉԼ որակավորման երրորդ փուլում, Փյունիկը պատմություն կերտեց, դառնալով հայկական առաջին ակումբը, որը հասել է այդ մակարդակին։ Երանելի նպատակից մեզ ներքև իջեցրեց ՉԼ գավաթակիր Ցրվենա Զվեզդան։ Եթե Ցրվենային պարտվելը տրամաբանական և սպասելի էր, ապա Եվրոպա լիգայի որակավորման փուլում Շերիֆին զիջելը չափազանց ցավալի էր։ Փյունիկը հավասար պայքար էր մղում Մոլդովայի չեմպիոնի դեմ, որոշ հատվածներում անգամ գերազանցում։ Սակայն պարտության ափսոսանքը մեղմեց այն փաստը, որ եվրագավաթային գարունը երաշխավորված է։
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում մեզ բաժին հասան համեմատաբար անցանելի մրցակիցներ. Բազել, Սլովան Բրատիսլավա, Ժալգիրիս…
Այո, արդեն այսպիսի անվանի թիմերը անցանելի են համարվում Փյունիկի համար։ Ոչ միայն համարվում են, այլ երևանյան թիմը պայքարում է այս խմբից դուրս գալու համար։ Նռնագույնները արդեն իսկ տնային երկու հաղթանակ են տոնել Ժալգիրիսի և Սլովանի դեմ։ Այն Սլովանի, որին Փյունիկը տարիներ առաջ կրկին պարտվել էր խոշոր հաշվով։ Այո՛, հիշում ենք, որ հայկական ակումբային ֆուտբոլը նոր նշաձող է սահմանում։ Հաղթանակներից բացի ունեցանք նաև երեք պարտություններ. Երկուսը՝ վերոնշյալ թիմերի դեմ պատասխան խաղերում, իսկ մյուսը Բազելի դեմ առաջին խաղափուլի շրջանակներում։ Սակայն այդ պարտությունները մրցակիցներին հեշտ չի տրվել, Փյունիկը բոլոր խաղերում արժանի պայքար է մղել։
Ներկա պահին Եղիշե Մելիքյանի գլխավորած Փյունիկը հասել է եզրափակիչ խաղափուլին, որը կարևորագույն եզրափակիչ է ամբողջ հայկական ֆուտբոլի համար։ Ամեն ինչ Փյունիկի ձեռքերում է. Հաղթանակը կտա ամեն ինչ, այլ արդյունքը՝ միայն սփոփանքի խոսքեր։ Այդ եզրափակիչը կայանալու է Երևանում, նոյեմբերի 3-ին։ Բազելը անվանի ակումբ է, որը ժամանակին գլխացավանք է եղել ֆուտբոլային Օլիմպոսի մշտական բնակիչ-թիմերի համար։ Բայց հիմա շվեյցարական ակումբը իր լավագույն մարզավիճակում չէ։ Դա է վկայում խմբային փուլի վերջին մրցելույթները. Բազելը պարտվել է Սլովանին, պատասխան հանդիպումը ավարտվել ոչ-ոքի հաշվով, Ժալգիրիսը նույնպես կարողացել է հաշտությամբ ավարտել Բազելի դեմ խաղը։ Եվ վերջին արդյունքի շնորհիվ Փյունիկը հնարավորություն ունի դուրս գալ խմբից և հայտնվել Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում։
Սպասվում է, որ Հանրապետական մարզադաշտը լեփ-լեցուն կլինի։ Արդեն իսկ վաճառվել է շուրջ 9000 տոմս։ Հիշեցնեմ ևս մեկ անգամ. Նոյեմբերի 3-ին, ժամը 21։45-ին, Հանրապետական մարզադաշտ։ Անկախ արդյունքից պետք է արժանին մատուցել Փյունիկին՝ այսքան դրական զգացողություններ պարգևելու համար։
Լևոն Կիրակոսյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, Երրորդ կուրս