ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ գնահատականների հետ, որ այսօր ՔՊ-ն ՀՀԿ-ի ճանապարհով է գնում՝ կուսակցական աշխատանքում կրկնելով այն, ինչ ՀՀԿ-ի վերաբերյալ նախկինում քննադատել էր։ «Դա ասում է հանրապետական մամուլը չէ՞ հիմնականում»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր հարցադրում արեց Ալեն Սիմոնյանը։ Ըստ նրա՝ ՀՀ-ում ավելի բաց եւ ժողովրդավար կուսակցություն, քան ՔՊ-ն է, չի եղել։
Մեկնաբանելով այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն օրերս ընտրվել էր ՔՊ վարչության նախագահ՝ այն դեպքում, երբ ժամանակին քննադատում էր երկրի ղեկավարի՝ կուսակցության ղեկավար ընտրվելու մոտեցումը, Ալեն Սիմոնյանն ասաց․ «ՀՀ-ն խորհրդարանական երկիր է։ Մենք մեծ դժվարությամբ ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին համոզել համաձայնվել։ Առաջին անգամ էր։ Մշտապես նա հրաժարվել էր։ Ես եմ եղել թեկնածությունն առաջադրողներից եւ պնդում եմ դա»։
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանը նաեւ աբսուրդ որակեց տեղեկությունները, թե ՔՊ-ն բաժանվել է Սուրեն Պապիկյանի եւ Տիգրան Ավինյանի կողմնակիցների միջեւ։
Հարցին՝ 2018թ․-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի աջակցությամբ գալիս էր իշխանության, նախկինների իշխանությունը ժողովրդավա՞ր էր, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Եթե ժողովրդավար լինեին, մենք իշխանության այդ ժամանակ չէինք գա»։ Մեկ այլ հարցի՝ եթե Սերժ Սարգսյանը բռնապետ էր, ժողովրդի ճնշման արդյունքում ինչո՞ւ հրաժարական տվեց, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Իսկ ո՞նց կարող էր հրաժարական չտալ, եթե ողջ Հայաստան․․․մարտի մեկին ինքն ու Ռոբերտ Քոչարյանն այդ քայլին գնացին, որ իշխանություն լինեն։ Իսկ ի՞նչ պետք է աներ Սերժ Սարգսյանը, կրակե՞ր, հիմա պետք է շնորհակալություն հայտնեմ, որ նա չի կրակել ժողովրդի վրա՞։ Եթե Կարեն Կարապետյանը հնարավորություն ունենար իշխանությունը խլելու, եթե ժողովուրդը դա թույլ տար, իրենք դա կանեին։ Հարգեք ՀՀ քաղաքացիներին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ