«Իրականում, վերջին 30 տարվա իրադարձությունները եւ Ադրբեջանի քաղաքականության օրինակները, այո, խոսում է Արցախի հայաթափման եւ էթնիկ զտումներ իրականացնելու քաղաքականության մասին»,- այսօր խորհրդարանում, ՄԻՊ գրասենյակի՝ 2023 թվականի բյուջեի քննարկումներից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ Արցախի ԱԺ-ն հայտարարություն ընդունեց՝ փաստելով, որ Ադրբեջանի կազմում Արցախի գտնվելն անթույլատրելի է, քանի որ դա կարող է հանգեցնել նոր էթնիկ զտումների. ի՞նչ կարծիք ունի ինքն այս մասին:
Քրիստինե Գրիգորյանը նկատեց, որ Ադրբեջանի արմենոֆոբ
քաղաքականության փաստագրումները արձանագրված են ՀՀ ՄԻՊ-ի՝ տարբեր տարիների զեկույցներում՝ հրապարակային եւ ոչ հրապարակային: ՄԻՊ-ը կարծում է, որ երբ խոսվում է արցախահայության անվտանգության մասին, պետք է այդ ռիսկերը նկատի առնվեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց նաեւ հարցին, թե ի՞նչ աշխատանք է կատարել ՄԻՊ գրասենյակը՝ Հայաստանի վրա սեպտեմբերի 13-14-ի վրա հարձակումից հետո ՝ մարդու իրավունքների տեսանկյունից: Ըստ պաշտպանի, բոլոր այն արձանագրումները, որոնք արվել են ՄԻՊ գրասենյակի կողմից, խոսում են այն մասին, որ Ադրբեջանը ձգտում է Հայաստանում ահաբեկման մթնոլորտ պահպանել:
Aravot.am-ի մեկ այլ հարցի՝ նախորդ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարում էր, որ 2021 թվականի՝ ադրբեջանական առաջխաղացումների մասին իր զեկույցները, որ ՀՀ իշխանության մոտ բավարար արձագանք չեն գտել, նաեւ՝ միջազգային կառույցներում պատշաճ չեն օգտագործվել ու իր հանդեպ, այդ հիմքով պիտակավորումներ են հնչում. օգտագործո՞ւմ է իր ստացած ժառանգությունը, Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ Արման Թաթոյանի հայտարարությունները գնահատելուց զերծ կմնա, բայց վստահեցրեց, որ իր պաշտոնավարման օրոք հրապարակված զեկույցները ուղիղ կապվում են ՄԻՊ գրասենյակի նախկինում կատարած աշխատանքի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադարձ եղավ այն իրողությանը, որ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի իր վերահսկողության տարածքներում հայտնված տարածքներից Հայաստանը զոհված զինծառայողների դիակները դուրս բերի: «Ադրբեջանը թույլ չի տալիս նաեւ մարմինները վերցնել՝ նաև իրենց պատերազմական հանցագործությունների ապացուցմանը խանգարելու առումով»,- ասաց Քրիստինե Գրիգորյանը՝ հավելելով, որ վերջնական թիվ չի կարող ասել, թե քանի՞ դիակ կա, որոնք հայկական կողմը չի կարողանում վերցնել:
Մանրամասները շուտով՝ տեսանյութում
Տեղեկացնենք, որ 2023 թվականին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին նախատեսվում է հատկացնել 612 մլն 307 հազար դրամ։ Խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Գերատեսչության փաստացի ծախսերը կկազմեն 542 մլն 400 հազար դրամ։ ՄԻՊ գրասենյակը պետք է իրականացնի ընդամենը մեկ ծրագիր՝ 5 միջոցառումներով։
2021 թվականին գերատեսչության փաստացի ծախսերը կազմել են 531 միլիոն 272 հազար դրամ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ