«Մինչեւ 2018թ․-ը Երեւանում շահագործվող եւ գրանցված 5000 մեքենաների դիմաց գույքահարկի բազաներում գրված է «զրո», այսինքն, դրանց գույքահարկի գանձման ուղղությամբ պետք է գործընթացներ մեկնարկեն։ Կան մտահոգություններ, որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն աշխատանք ունեն անելու եւ գույքագրելու»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
Նա նշեց, որ մշտադիտարկումներ իրականացվելու են նաեւ Երեւանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում։
Կարդացեք նաև
Անդրադառնալով մեկնաբանություններին, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ իշխանությունը ՊՎԾ-ի միջոցով փորձելու է ցեխ շպրտել իր նախկին թիմակից Հայկ Մարությանի եւ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ուղղությամբ ու ներկայացնել, թե ինչ լավն է իր թեկնածու Տիգրան Ավինյանը, Ռոմանոս Պետրոսյանը հորդորեց զերծ մնալ նման գնահատականներից․ «ՊՎԾ-ն երբեք ցեխ չի շպրտում եւ չի շպրտելու իրավական պետությունում։ Երաշխավորում եմ, որ մեր լիազորությունները կատարում ենք՝ առանց անձերի քաղաքական պատկանելիության»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ