«Փաստինֆո». Հորդանանյան ընկերությունը հրաժարվել է զենք մատակարարել ՀՀ-ին, ըստ այդմ, ՀՀ ՊՆ-ն խզել է պայմանագիրը և պահանջում է 23 232 233 ՀՀ դրամ՝ որպես տույժ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի ստորագրած նամակից, որը տեղադրված է ՀՀ Ֆինանսների նախարարության կայքէջում։
Փաստաթղթի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության և «Ջադարա Էքուփփմենք ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերության միջև պայմանագիրը ստորագրվել է 2021 թվականի օգոստոսի 6-ին, և նույն տարվա ընթացքում ընկերությունը պետք է կատարեր պատվերը, սակայն պայմանագրով նախատեսված մատակարարումն ընկերությունը չի կատարել։
Հիմք ընդունելով պայմանագրով նախատեսված պարտավորությունը չկատարելու հանգամանքը՝ ՀՀ ՊՆ-ն հոկտեմբերի 10-ին միակողմանիորեն խզել է պայմանագիրը։
Բացի այդ, հորդանանյան ընկերությունը պարտավոր է ծանուցումը ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում վճարել 23 մլն դրամի (շուրջ 57,5 հազար դոլար)՝ որպես տույժ: