Ներկայացվել են իշխանության, պետական եւ դատական մարմինների, պետական վերահսկողության եւ կոռուպցիայի կանխարգելման համար նախատեսված հատկացումները
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին շարունակվել է «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Պատգամավորների քննարկմանն են ներկայացվել ՀՀ իշխանության, պետական եւ դատական մարմինների, պետական վերահսկողության եւ կոռուպցիայի կանխարգելման համար նախատեսված ֆինանսական հատկացումները:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ 2023 թ. ՀՀ նախագահի աշխատակազմին նախատեսված է հատկացնել 1 մլրդ 686 մլն դրամ, ինչն ընթացիկ տարվա հատկացումից ավելի է մոտ 65 մլն դրամով:
ՀՀ Ազգային ժողովի համար նախատեսված հատկացումները 2023 թ. կկազմեն 6 մլրդ 920 մլն դրամ՝ ընթացիկ տարվա 6 մլրդ 218 մլն դրամի դիմաց: Ֆինանսավորման ավելացումը պայմանավորված է 2023 թ. հունվարի մեկից աշխատավարձերի դրույքաչափերի բարձրացմամբ:
ՀՀ վարչապետի աշխատակազմին հաջորդ տարի կհատկացվի 19 մլրդ 895,8 մլն դրամ՝ ընթացիկ տարվա սպասվող 21 մլրդ 883,7 մլն դրամի դիմաց:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի հարցին ի պատասխան՝ նախարարը պարզաբանել է, որ վարչապետի աշխատակազմին հատկացվելիք գումարի նվազումը պայմանավորված է որոշ հանգամանքներով: Մասնավորապես, կան ծրագրեր, որոնք 2023 թ. կա՛մ չեն շարունակվելու, կա՛մ իրականացվելու են այլ մարմինների կողմից:
Սահմանադրական դատարանին կհատկացվի 879 մլն դրամ ֆինանսավորում՝ 2022 թ. 834,6 մլն դրամի դիմաց:
Բարձրագույն դատական խորհրդին կհատկացվի 16 մլրդ 668 մլն դրամ: Այս տարվա հատկացումը կկազմի 15 մլրդ 149 մլն դրամ:
Արդարադատության նախարարությանը նախատեսված է հատկացնել 26 մլրդ 35 մլն դրամի ֆինանսավորում՝ ընթացիկ տարվա սպասվող 21 մլրդ 510 մլն դրամի դիմաց:
Գլխավոր դատախազության գծով ֆինանսավորումը կկազմի 7 մլրդ 623 մլն դրամ, այս տարի ֆինանսավորման չափը կկազմի 7 մլրդ 86 մլն դրամ:
Պետական վերահսկողական ծառայության համար գալիք տարում նախատեսված է 1 մլրդ 400,8 մլն դրամ, ընթացիկ տարում` 764,7 մլն դրամ:
Քննչական կոմիտեին 2023 թ. կտրվի 11 մլրդ 342 մլն դրամ՝ այս տարի սպասվող 9 մլրդ 755 մլն դրամի դիմաց:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը կկազմակերպի 753,5 դրամի շրջանակում: Ընթացիկ տարում այդ գումարը կկազմի 370 մլն դրամ:
Հակակոռուպցիոն կոմիտեին գալիք տարում կհատկացվի 2 մլրդ 441 մլն դրամ` ընթացիկ տարվա 1 մլրդ 14,6 մլն դրամի դիմաց:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կստանա 1 մլրդ 376,8 մլն դրամ. 2022 թ. սպասվում է, որ այդ թիվը կկազմի 1 մլրդ 312,2 մլն դրամ:
Նախարարը ներկայացրել է նաեւ 2021 թ. ֆինանսական հատկացումները:
ՀՀ Ազգային ժողով