Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության անկախ պետական մարմինների հանրային պաշտոններում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իր անդամներին և իր հետ կապված ու ակտիվ քաղաքականությամբ զբաղվող անձանց պետական անկախ մարմինների պաշտոններում առաջադրելու և ընտրելու վերաբերյալ:
Մասնավորապես, վերջին շրջանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել և ընտրել է նույն կուսակցության վարչության անդամ (մինչև 2022թ. սեպտեմբեր ամիսը), պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանին: Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել և ընտրել է նույն կուսակցության անդամ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պաշտոնում կառավարող կուսակցության կողմից ընտրվել է այդ քաղաքական թիմի կազմում քաղաքական ակտիվ գործունեություն իրականացնող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը: Այս բոլոր թեկնածուների ընտրությունը հնարավոր է դարձել բացառապես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միաձայն քվեարկության արդյունքում, իսկ Վահագն Հովակիմյանի պարագայում՝ նաև հենց սեփական քվեի շնորհիվ՝ շահերի ակնհայտ բախման պայմաններում:
Խիստ անընդունելի ենք համարում պետական անկախ մարմինների պաշտոններում կուսակցական անդամների ընտրությունը, ինչը կասկածի տակ է դնում նշված մարմինների անկախությունն ու քաղաքական չեզոքությունը և էական բացասական ազդեցություն ունենում դրանց հանրային հեղինակության և վստահելիության վրա: Ավելին, տվյալ մարմինների առաքելությունն է հակակշռել և փոխզսպել գործադիրին և կառավարող քաղաքական ուժին: Մինչդեռ, այս գործառույթի պատշաճ իրականացումը լուրջ կասկածի տակ է դրվում անկախ մարմիններում ներկայացված կուսակցական անցյալով անձանց շրջանում շահերի բախման պատճառով:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նման գործելակերպը էական հետընթաց է ժողովրդավարության և թափանցիկ ու հաշվետու կառավարման սկզբունքներից: Այն նաև հանդիսանում է կոռուպցիայի՝ քրոնիզմի տեսակի ակնառու դրսևորում և իշխող կուսակցության կողմից պետական համակարգը, հատկապես՝ անկախ մարմինները, իրեն ենթարկեցնելու և նրանց գործունեության նկատմամբ քաղաքական ազդեցության հաստատելու միտում:
Կարդացեք նաև
Կառավարող քաղաքական ուժի կողմից սեփական կուսակցական անդամներին պետական մարմիններում ընտրությունն ու նշանակումը չի նպաստում նշված ոլորտներում համակարգային բարեփոխումների իրականացմանը, հանդիսանում է կառավարող կուսակցության և պետական անկախ մարմինների սերտաճման արատավոր գործընթաց և անխուսափելիորեն ազդելու է ինչպես հետագա ընտրությունների ազատ և արդար անցկացման, այնպես էլ՝ դատական համակարգում արդյունավետ բարեփոխումների, այդ թվում՝ դատական իշխանության անկախության ապահովման և հանրային վստահության վրա:
Խստորեն դատապարտում ենք կառավարող քաղաքական կուսակցության կողմից պետական անկախ մարմիններում կուսակցական անդամների ընտրությունը և պահանջում ենք վերադառնալ հաշվետու կառավարման սկզբունքներին, պետական պաշտոններում ընտրություններն իրականացնելիս ապահովել բարեվարքության սկզբունքն ու բացառել շահերի բախումը, այլ ոչ թե վերադառնալ Հայաստանի հասարակության մեծամասնության կողմից 2018թ. Թավշյա հեղափոխության արդյունքում մերժված գործընթացներին:
Պետական կառավարման նման արատավոր գործելակերպի վերարտադրությունը հիմնավոր կասկած է առաջ բերում, որ իշխող քաղաքական ուժը գնում է պետության զավթման ճանապարհով: Այս պրակտիկան կանխարգելելու և վերացնելու նպատակով անհրաժեշտ է հրատապ կարգով կատարել օրենսդրական փոփոխություններ՝ բոլոր անկախ մարմինների անդամների թեկնածուների համար նախատեսելով առնվազն վերջին երեք տարիներին կուսակցական անդամության և քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելու սահմանափակում:
Հայտարարությունը բաց է միանալու համար:
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ