Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամիների անփոխարինելի դաշնակիցը

Նոյեմբեր 02,2022 18:30

Արցախյան վերջին հանրահավաքը ռուս-թուրքական ֆարս էր արևմուտքի համար` մեր փառքն ու միաժամանակ ամոթը: Մարդկային բազմությամբ այն ի լուր աշխարհի բացականչեց, որ մենք դեռ մեր հող ու ջրում ենք, իսկ ռուսամետ ճառերը ցուցադրեցին, որ բարեկիրթ աշխարհի մաս լինել չենք ցանկանում, անգիտակից ենք ու մեր ոտքով գնում ենք կամ մեզ նպատակադրված տանում են կործանման՝ հակադրելով աշխարհին:

Ես, իհարկե, չեմ մեղադրում հանրությանը, նրանք թշնամու առաջ կանգնած են միայնակ և դատարկ ձեռքերով, անպաշտպան, ամենօրյա գոյաբանության խնդիր են լուծում, բայց արցախյան այսպես կոչված էլիտան իր կործանիչ մոտեցումների համար հանրահայտ պարոն Վարդան Ղուկասյանի կազմակերպած «այցելություններին» է արժանի: Հիմա կասեն հակառուս եմ: Բայց ես ընդդիմանում եմ միայն Պուտինի քաղաքականությանը և դեմ եմ նրանց, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը դա Պուտինն է, ուստի, ըստ իս, ես ռուսամետ եմ:

Այստեղ, քանի որ հետագայում անդրադարձ եմ կատարելու նաև Լուկաշենկոյին, հարկ է նշել, որ հիանում եմ նաև այն բելառուսներով, ովքեր 2020թ. պայքարում էին նրա դեմ և հանրահավաքների ժամանակ մինչև փողոցի նստարանների վրա կանգնելը հանում էին իրենց կոշիկները: Կարելի՞ է արդյոք ավելի քաղաքակիրթ լինել, քան այս մարդիկ էին և մի՞թե նրանց կարելի է դասել այդ մանր դրամաշորթ Լուկաշենկոյի շարքին: Ուստի խնդիրն ազգային չէ, այլ այլասերված անհատների խելագարության մեջ է: Մենք՝ հայերս, չենք հասկանում, որ երկիրը դա անձը չէ, այլ ժողովուրդն է և դա է պատճառը, որ քրիստոնյա լինելով անտեսում ենք հավատքի գաղափարախոսությունը և մեզ համար կուռքեր ենք ստեղծում, փրկիչներ որոնում:

Այն, որ Պուտինն անկարող է և, թեև իմ համոզմամբ, միևնույն ժամանակ չի ցանկանում փրկել Արցախը, այլ նպատակադրված ծվատում է մեզ, պարզ դարձավ Սոչիի վերջին հանդիպման ժամանակ, որտեղ Ալիևն ու Փաշինյանը միայն մեկ խնդիր էին լուծում՝ սիրաշահել վիրավոր գազանին նրա ատամների տակ չմնալու համար, որը կարծում եմ երկուսին էլ այս պահի դրությամբ հաջողվեց: Բայց Հայաստանին և Ադրբեջանին դեռևս սպառնում է Պուտին-Էրդողան գործարքը, որի իրականացումը «պլան բ» է երկուսի համար էլ իրենց դեմքը փրկելու և իշխանությունը պահելու համար: Պատկերացրեք Ուկրաինան հաղթի Ռուսաստանին և աշխարհը, քննարկելով արդյունքները, աներկբա հարցեր կունենա ուղղելու Էրդողանին իր երկակի խաղի կապակցությամբ: Էրդողանը, Ալիևը և Լուկաշենկոն հասկանում են, որ պատիժն անխուսափելի է, չկա Պուտինը՝ կորած են նաև իրենք:

Լուկաշենկո-Ալիև համագործակցության մասին նույնիսկ խոսելն է ավելորդ՝ նրանց կսրբի-կտանի սեփական ժողովրդի ցասումը, իսկ Էրդողանից հետո Թուրքիան կկանգնի ավելի մեծ խնդիրների առաջ՝ հայոց ցեղասպանության ճանաչումը: Ինչպես կարող է Էրդողանը կասեցնել դա՝ իհարկե Հայաստանը հրելով Ռուսաստանի գիրկը: Ուստի Պուտին-Էրդողան տանդեմն ամեն գնով փայփայում է միմյանց: Էրդողանն ամեն ինչ կանի, որ Պուտինը մնա և հրադադար լինի: Դրանից հետո վերջինս կիջեցնի երկաթյա վարագույրները և Թուրքիայի համար կենսական է, որ Հայաստանը մնա վարագույրի ետևում՝ չկա Հայաստան պետություն, չկա հայկական հարց:

Հարց է ծագում, չունենալով ընդհանուր սահմաններ Հայաստանի հետ, ինչպես կարող է Պուտինը կլանել մեզ, չի կարող, ուստի այստեղ է, որ արցախյան հարցը կդառնա փրկօղակ Ադրբեջանը և Հայաստանը միևնույն խաղաքարտով կլանելու համար, որից հետո Պուտինն ուկրաինական իր պարտությունը կպարզաջրի Հայաստանով և Ադրբեջանով, իսկ Էրդողանը Նախիջևանի և հայկական ցեղասպանության խաղաքարտը արևմուտքի համար անորոշ ժամանակով թաղելով՝ կրկին ֆորպոստ դառնալով նրանց համար:

Արցախյան վերջին ցույցը մատուցվեց որպես հայ ազգի ռուսամոլություն, իսկ ցորենի գործարքի չեղարկումը ստեղծեց շինծու լարվածություն ռուս-թուրքական հարաբերություններում, ինչպիսիք արդեն եղել են նախկինում, օրինակ՝ թուրքերի կողմից Ռուսաստանի դեսպանի սպանությունը, կործանիչի ոչնչացումը կամ արցախյան 2-րդ պատերազմի ավարտին Նախիջևանի ուղղությունից ՌԴ ուղղաթիռի ոչնչացումը: Վերոգրյալից ելնելով պնդում եմ, որ Հայաստանի փրկությունը ուկրաինական պատերազմի արդյունքում Ռուսաստանի անհերքելի կապիտուլյացիան է, որը Պուտին-Էրդողան դուետի գլխավոր սարսափն է:

Այս ամենը հասկանում են նաև արևմուտքում և նույնիսկ Ալիևը, ով ավելի մեծ թակարդում է քան մենք, քանզի ընտրությունն այնքան էլ մեծ չէ՝ անձնական ոչնչացում սեփական ժողովրդի ձեռքով կամ էլ Ռուսաստանում: Նա ով մտածում է, որ Թուրքիան բավականին էժանագին վճար է ստանում՝ կորցնելով Ադրբեջանը, չպետք է մոռանա շան գլխի մասին՝ Պուտինի և Էրդողանի վերջին հանդիպումը: Հստակ գիտակցելով, որ իրենից արևմուտքը չի կարող, սակայն, այսպես կոչված, դաշնակից Թուրքիայից ստիպված կլինի գնել գազը՝ Ռուսաստանն առաջարկեց իր գազամուղներն ուղղել Թուրքիա, Էրդողանին դարձնելով գազանավթային սուլթան: Պուտին-Էրդողան տանդեմը գիտակցելով, որ իրենց պայմանավորվածությունները հատում են Ադրբեջանի ինքնիշխան տարածքը, նույնիսկ հարկ չհամարեցին այդ հարցի քննարկմանը մասնակից դարձնել Ալիևին, ով իր հերթին ծպտուն անգամ չհանեց, երբ Արցախում տեղավորվում էր օլիգարխ Վարդանյանը:

Սա Պուտին-Էրդողան գործարքն է, սակայն խափանել այն մեր հայ հանրության սուրբ առաքելությունն է և դրա հնարավորությունը ես համոզված եմ, որ մենք ունենք: Իմ սուբյեկտիվ համոզմամբ այսօր միջազգային ասպարեզում Հայաստանի միակ խաղաթուղթը ժողովրդավարությունն է, իսկ խեղդող օղակը ՀԱՊԿ-ը և ագրեսոր Ռուսաստանի դաշնակցի պիտակը: Բնականաբար տեղյակ եք, որ Ալիևի ընկերները նոյեմբեր ամսին այցելելու են Հայաստան ՀԱՊԿ հոբելյանական շաբաշին և ես առաջարկում եմ նրանց պատշաճ դիմավորել: Ինչպես գիտեք Ալիևի լավագույն ընկեր, համադրությամբ Պուտինի խոսնակ Լուկաշենկոն արցախյան երկրորդ պատերազմից հետո մեզ բազմաթիվ վիրավորանքներ է հասցրել իր տիրոջ անունից: Նիկոլ Փաշինյանն անկարող է սանձել այդ դրամաշորթին, սակայն մենք ի զորու ենք պատասխան տալ և ապացուցել աշխարհին, որ մենք ոչ թե «պուտինամոլ» ենք, այլ՝ ազատություն տենչող քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկ: Քաղաքականությունը հնարավորության արհեստ կամ արվեստ է: Արհեստավորների միությունը ղեկավարում է Ռուսաստանը, իսկ արվեստագետներինը՝ ԱՄՆ-ը: Ավելի կոպիտ ասած արևմուտքում գործարարներ են, իսկ արևելքում «բառիգներ», ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով բանականությամբ, հասարակությունը այստեղ մեծ անելիք ունի, պետք է մեր «ոխերիմ բարեկամներին» նոյեմբերին դիմավորել հայկական հյուրընկալությամբ, օդանավակայանից սկսած «Ապրի՛ր Բելառուս, փա՛ռք Ուկրաինային և Ռուսաստանը կազատագրվի» պաստառներով և վանկարկումներով, որ աշխարհը տեսնի և հասկանա, որ հայերը ստոկհոլմյան համախտանիշով չեն տառապում, հայերի համար անկախությունը արժեք է և նրանք չեն աջակցում մարդասպաններին և արժանապատվություն ունեն:

 

Հ.Գ. Եթե Ուկրաինան կարողանում է տապալել Ռուսաստանը, մենք ի զորու ենք առնվազն խանձել Ալիևի բեղերը:

 

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930