Լրահոս
Օրվա լրահոսը

«Հո բռնցքամա՞րտ չի»․ Արայիկ Հարությունյանն այն մասին, թե ինչու Լուկաշենկոյին կոշտ չեն պատասխանել

Նոյեմբեր 02,2022 17:28

«Քանի որ ձեւաչափը փակ է եղել, նախաբանների շուրջ պայմանավորվածություն չի եղել՝ հրապարակել կամ ոչ։ Ամեն երկիր ինքն է ընտրել իր գործելաոճը։ Վարչապետ Փաշինյանն իր դիտարկումները ներկայացրել է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցադրմանը, թե ինչու ՀԱՊԿ վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը չհրապարակվեց, եւ թեեւ ձեւաչափը փակ էր, սակայն ՌԴ նախագահի եւ Բելառուսի նախագահի ելույթները հրապարակվեցին, մասնավորապես՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի շեշտադրումները սուր էին՝ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց․ «Վարչապետն այսօր անդրադարձել է Սոչիում կայացած հանդիպմանը եւ պարզաբանումներ ներկայացրել։ Ամեն մեկն ինքն է ընտրում, թե որ հատվածը ներկայացնի։ Այն դիտարկումներին, որոնք նախագահ Լուկաշենկոն արել է, ժամանակին պատասխաններ տրվել են։ Համարժեք կոշտ պատասխա՞ն, հո բռնցքամա՞րտ չի, որ կոշտ ու փափուկ․․․մենք մեր մարտավարությունն ունենք եւ դրանով ենք առաջնորդվում»։

Արայիկ Հարությունյանը չարձագանքեց հիշեցմանը, որ տարիներ առաջ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահից բացատրություններ էր պահանջում՝ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասած խոսքերի համար․ «Հայաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, եւ դա շատ մեծ բեռ է անցումային շրջանում գտնվող երկրի համար»։

Հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց իշխանությունը քննարկո՞ւմ է, Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ «Ամեն ինչ անում ենք, որպեսզի ՀԱՊԿ-ը կատարի պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930