Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ֆորումի ժամանակ հնչած գաղափարների, առաջարկների եթե նույնիսկ 10 տոկոսը իրականություն դառնա, մեծ քայլ կլինի

Նոյեմբեր 02,2022 16:42

Արդեն տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 28-30-ը Ստեփանակերտում կայացավ «Մե՛նք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության առաջին նիստը, որը նախաձեռնել էր  հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի կառավարության աջակցությամբ:

Այդ միջոցառմանը մասնակցում էին ավելի քան երկու տասնյակ գործարարներ, գիտնականներ, տարբեր ոլորտների մասնագետներ՝ տարբեր երկրներից, որոնք երկու օր շարունակ «մտագրոհի»՝ brain storming-ի եղանակով քննարկումներ էին անցկացնում փակ դռների հետեւում՝ Արցախը անվտանգային, բարոյահոգեբանական, ֆինանսատնտեսական եւ սոցիալական ճգնաժամից դուրս բերելու ուղիների փնտրտուքով: Բազմաթիվ ու բազմատեսակ գաղափարներ են հնչել, որոնք դեռ կվերլուծվեն, եւ դրանցից ոմանք միս ու արյուն կստանան:

Նիստի ավարտին «Առավոտը» մի քանի մասնակիցներից փորձեց ճշտել, թե ի՞նչ տվեցին այս քննարկումները, ի՞նչ արդյունքներ են ակնկալում դրանցից:

Մեր զրուցակիցները մի բանում բոլորը միակարծիք էին՝ անկախ ամեն ինչից, անկախ երկրի ներսում եւ առավել եւս՝ դրսում տիրող իրավիճակից, չի կարելի ձեռքերը ծալած նստել, պետք է գործել:

Ռուսաստանաբնակ մաթեմատիկոս, ֆինանսիստ, տարբեր հեղինակավոր կազմակերպությունների ֆինանսական խորհրդատու Հայկ Սարգսյանը նշեց, որ այս ֆորումի ժամանակ հնչած գաղափարների, առաջարկների եթե նույնիսկ 10 տոկոսը իրականություն դառնա, մեծ քայլ կլինի: Նա կարծում էր, որ անհնարին ոչինչ չկա, պետք է միայն աշխատել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսագրության մեջ:

Համաժողովի մասնակիցներից էր նաեւ երկրաբան, ակադեմիկոս, աշխարհահռչակ գիտնական, ժամանակին ԽՍՀՄ երկրաբանության նախարար, իսկ ներկայումս՝ Արցախի Հանրապետության պետական խորհրդատու Գրիգորի Գաբրիելյանցը, որն արդեն 15 տարի է՝ տեղափոխվել է Արցախ՝ բնակության:

Նա, մինչ նիստի սկսելը մի քանի կարեւոր հարցադրումներ էր արել, մասնավորապես, նշել էր, որ ցանկացած խնդրի հաջող լուծում կախված է այն բանից, թե որքան հաջող է դրված վերջնանպատակը. «Փողը նպատակ չի: Փողը նպատակին հասնելու համար գործիք է, միջոց է: Մենք պետք է մեր առջեւ դնենք նպատակը, եւ աշխատենք այն իրականացնելու ուղղությամբ: Այո, կապիտալը կարող է լինել անբարոյական, եթե չի ծառայում նպատակի իրականացմանը»: Նա նաեւ նկատել էր, որ ծանրագույն պարտությունը, մարդկային հազարավոր զոհերն ու տարածքների մեծ կորուստը կոտրել է ազգի ոգին, որն ամենակարեւոր ուժն է: Եվ որպես դեղատոմս առաջարկել էր՝ «Պետք է ձեւավորել մի միավորող նպատակ, որի շուրջ ժողովուրդը կրկին կմիավորվի, ոգին կբարձրանա: Չերչիլը պատերազմի ժամանակ ձեւակերպեց՝ եթե մենք չհաղթենք, ապա կմեռնենք: Շատ պարզ: Մարդիկ հասկացան, թե ինչու պետք է հաղթեն ու հաղթեցին»:

Նիստից հետո պարոն Գաբրիելյանցից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ միավորող նպատակ է պետք դնել, որը կկարողանա կրկին վերականգնել մարդկանց ոգին: Ըստ գիտնականի՝ պետք է լինի ազգային գաղափար. «Մեր անվտանգությունը, մեր պաշտպանվածությունը, մեր ապագան՝ սա պետք է լինի մեզ միավորող ազգային գաղափարը: Ի՞նչ անել, որ մեր այսօրվա երեխաները, որ վաղը դառնալու են այս երկրի ժողովուրդը, մեծանան անվտանգության մեջ»: Մեր հարցին՝ այս միջոցառումը ձեզ ինչ-որ հույսեր տվե՞ց, մի բանի կհասնե՞նք, գիտնականը ժպտաց՝ «Անպայման, լյոխ լյավ ա լինելու»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Վահան Զանոյանը գործարար է, գրող, բանաստեղծ: Նա նույնպես մասնակցում էր համաժողովին: Նրա կարծիքով՝ աշխարհը չի հարգում պարտությունից հուսահատված եւ ոչինչ չանող, չձեռնարկող ազգերին: Մենք իրավունք չունենք ձեռքներս ծալած նստենք, մտածելով, որ միեւնույն է, մեզնից ոչինչ կախված չէ, մենք պետք է գործենք եւ բոլոր ջանքերը ներդնենք, որ հասնենք առավելագույն արդյունքների. «Աշխարհը պետք է տեսնի, որ հայ ժողովուրդը եւ արցախցին շատ լուրջ է տրամադրված՝ իր հայրենիքը պահելու հարցում: Ես չեմ ուզում, որ մենք թաղվենք պարտվողական հոգեբանության մեջ, դա անձնասպանություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում.

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը նույնպես կարծում է, որ գլխավորը ձեռքերը ծալած չնստելն է: Ոչինչ չանելը տանում է դեպի կործանում, իսկ գործելը, ջանքեր ներդնելը անպայման որեւէ արդյունք կտան: «Մի բան է, որ մենք դիրքավորվենք, ասենք՝ ոչինչ անել չենք կարող, որովհետեւ աշխարհի խոշոր խաղացողներն այսպես են որոշել կամ այնպես են որոշել, ու սպասենք, թե ինչ են անելու: Մեկ այլ բան է, երբ գործենք, ինչ-որ բաներ փորձենք անել: Եթե կոլեկտիվ ամենքս մի բան անենք, գուցե ստացվի, իսկ ոչինչ չանելով երաշխավորված է մեր կորուստը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930