Լրահոս
Օրվա լրահոսը

«Արևորդի» 11-րդ բնապահպանական փառատոնը նվիրվում է կլիմայի փոփոխությանը

Նոյեմբեր 02,2022 16:34

Պետության կողմից մասնակցություն, թե ֆինանսական, թե մասնակցային գործընթացներում չկա, նույն քաղաքային իշխանությունները շատ ավելի ակտիվ են եղել դպրոցականներին բնապահպանական ակտիվ գործընթացներին մասնակից դարձնելու հարցում, քան հենց Բնապահպանության նախարարությունը, ի պատասխան Aravot.am-ի այն հարցի, թե փառատոնում ներկայացվող ֆիլմերը ի՞նչ արձագանք են ունենում պետական կառույցների մոտ, ասաց Վայր բնության և մշակութային արժեքներ պահպանման հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը՝ «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնին նվիրված ասուլիսում:

Նա ցավ հայտնեց, որ այդ պասիվ վերաբերմունքը պետության կողմից դեռ շարունակվում է: Ռուբեն Խաչատրյանի խոսքով, փառատոնը մեծ ազդեցություն է թողնում հասարակության՝ հատկապես, երեխաների վարքագծի վրա: «Այն փորձառությունը, որ ունեցել ենք տարիներ շարունակ ցուցադրելով տարբեր երկրների բնապահպանական խնդիրներին, օրինակ՝ հանքարդյունաբերությանը վերաբերող, կամ այլ թեմատիկ ֆիլմեր, չէին կարող ազդեցություն չունենալ, քանի որ մի շատ գեղեցիկ, վարակիչ բան կա, երբ որ աշխարհի մի ծայրում մարդիկ ունեն միևնույն խնդիրները և փորձում են լուծում տալ: Հասարակությունը շատ հաճախ հաջողությունների ֆոնին տեսնում է, թե ինչպես կարող են փոխել իրենց շրջապատող աշխարհը, որում իրենք ապրում են: Դրա վառ օրինակը երեխանների վարքագծի փոփոխությունն է, որի մասին ծնողներն են մեզ պատմել»,-նշեց նա:

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը տեղեկացրեց, որ այս տարի փառատոնը նվիրված է Երկիր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը: Փառատոնի շրջանակում նոյեմբերի 4-8-ը կցուցադրվեն վերջին տարիների բնապահպանական լավագույն 30 ֆիլմերն՝ աշխարհի տարբեր անկյուններից։ Նա ընդգծեց, որ այս տարի մեծացել է մրցանակային ֆոնդը, լիամետրաժ ֆիլմերի համար նախատեսված է 3500 դոլարին համարժեք դրամ, կարճամետրաժ ֆիլմերին՝ 1500 դոլարին համարժեք դրամ և երիտասարդական ֆիլմերին՝ 500 դոլարին համարժեք դրամ: Փառատոնի շրջանակում առանձին ծրագրով ներկայացված կլինեն նաև ոչ մրցութային բնապահպանական ֆիլմեր։

Փառատոնի առաքելության մասին խոսելիս «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման ՀԿ տնօրեն Եվա Մարտիրոսյանը նշեց, որ ի սկզբանե նպատակ են ունեցել հասարակության մոտ բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև նպաստել բնապահպանական կրթության կազմակերպմանը: Նա նաև տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակում, նոյեմբերի 11-14-ը նախատեսված  է «Կանաչ թղթակիցների դպրոցը»՝ ինտենսիվ ուսումնառության նորաստեղծ հարթակը, որի թիրախում մեդիա ոլորտում ներգրավված երիտասարդների շրջանում Հայաստանում էկո-լրագրության զարգացումն է և բնապահպանական ու կլիմայական խնդիրներին առնչվող թեմաների լուսաբանման որակի բարելավումը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930