«Փաստորեն, մենք պատմական իրողության ենք մասնակցում»,-ասաց օդանավում ազգությամբ ռուս իմ ուղեկից Անդրեյը, երբ իմացավ, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաուղիներն այդ պահին իրականացնում է Երևան-Թբիլիսի առաջին չվերթը: Անդրեյը Մոսկվա-Երևան-Թբիլիսի ավիատոմս գնելիս պատահականության սկզբունքով ընտրությունը կատարել էր Fly Arna ավիաուղիների օգտին, նրան դուր էր եկել այն հանգամանքը, որ այս ավիափոխադրողը չվացուցակը այնպես է կազմել, որ Մոսկվայից դեպի Թբիլիսի (Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթներ չկան) մեկնողների համար ժամային առումով շատ հարմարավետ լինի: «Տեսնու՞մ եք, այս օդանավում նույնիսկ SkyTime անվճար սթրիմինգային ծառայություն կա, ես շատ եմ ճամփորդում և հազվադեպ եմ հանդիպում այս ծառայությանը, որի շնորհիվ կարող ենք թռիչքի ժամանակ ֆիլմեր և հեռուստածրագրեր դիտել, երաժշտություն և աուդիոգրքեր լսել, խնդրում եմ անպայման այս մասին գրեք ձեր հոդվածում»,-ասաց Անդրեյը:
Մինչ Անդրեյի հետ զրույցը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաուղիների գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսը Երևան-Թբիլիսի առաջին չվերթի կապակցությամբ կազմակերպված հանդիսությանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Մենք մեծ ոգևորությամբ այսօր մեկնարկում ենք Երևան-Թբիլիսի մեր առաջին ուղիղ չվերթը։ Հավատացած ենք, որ մեր ավիաընկերությունն իր ուղևորներին այս ուղղությամբ առաջարկում է ճամփորդելու լավագույն օրերն ու ժամերը, թռիչքներն իրականացվում են ամեն երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին, ինչը մարդկանց հնարավորություն կտա անցկացնելու իրենց հանգստյան օրերը Թբիլիսիում՝ ուրբաթ օրվա երեկոյան մեկնելով Երևանից և վերադառնալով կիրակի երեկոյան։ Սա նաև հիանալի հնարավորություն է Մոսկվայից Երևան ժամանող ուղևորների համար, քանի որ Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի ուղղություններով իրականացվող մեր թռիչքների չվացուցակը հնարավոր է դարձնում Մոսկվայից ժամանող ուղևորներին Երևանից անմիջապես մեկնել Թբիլիսի։ Մենք հավատացած ենք, որ մեր ուղղությունների ավելացմանը զուգահեռ կկարողանանք Թբիլիսիի հետ կապող ավելի շատ թռիչքներ առաջարկել մեր ուղևորներին»։
Էնթոնի Փրայսը տեղեկացրեց, որ մինչև այս տարվա վերջ կհայտնեն նոր ուղղությունների մասին, որոնց շարքում է նաև Բեյրութը. այս պահին Ազգային ավիափոխադրող ընկերությունը սպասում է չվացուցակին, որի հաստատումից հետո կհայտարարեն թռիչքների հաճախականության և ժամերի մասին։
Լրագրողներից մեկի այն հարցին, արդյոք ավիաընկերությունը նախատեսում է նաև տուրփաթեթներ առաջարկել՝ Էնթոնի Փրայսն ասաց. «Մենք աշխատում ենք շուրջ 500 տեղի տուրիստական գործակալությունների հետ, ինչպես նաև սերտ համագործակցում և՜ Հայաստանի և՜ Վրաստանի տուրիզմի կոմիտեների հետ՝ երկու ուղղություններով ճամփորդելու վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և հետաքրքիր տուրիստական փաթեթների ստեղծման շուրջ։ Հայաստանում վերջերս բացել ենք CozmoTravel անվամբ նոր տուրիստական գործակալություն, որը մասամբ պատկանում է Ֆլայ Արնային։ Այն մոտ ապագայում արդեն կառաջարկի տուրիստական փաթեթներ այն բոլոր ուղղություններով, դեպի ուր Ֆլայ Արնան թռիչքներ է իրականացնում»։
Կարդացեք նաև
Երբ ընդամենը 30-35 րոպե հետո օդանավը վայրէջք կատարեց Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» օդանավակայանում, ավիացիայում չգրված օրենքի համաձայն՝ տեղի գործընկերները օդանավը ջրեցին, որպես շնորհավորանք առաջին չվերթի բարեհաջող վայրէջքի:
Տեղեկացնենք, որ Հայկական ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնան ներկայանում է որպես Էյր Արաբիա խմբի low-cost ավիաընկերություն, այս պահին այն թռիչքներ է իրականացնում դեպի Մոսկվա, Սոչի և Շարմ Էլ Շեյխ ուղղություններով:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ