«2022թ․-ը բացառիկ է նրանով, որ ՀՀ ղեկավարն ուղիղ շփումներ է ունեցել բոլոր հարեւան երկրների ղեկավարների հետ առանց բացառության՝ շփումներ, հանդիպումներ, հեռախոսազրույցներ։ Իրան կարեւոր այց ունեցա եւ արձանագրեցի, որ նախորդ տարվանից արդեն չորս անգամ հանդիպել ենք»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ՀՀ 2023թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի հետ մեր շփումների մասին գիտեք։ Կարեւոր է, որ այս տարի հանդիպում եւ զրույց ենք ունեցել Թուրքիայի ղեկավարի հետ։ Իմ կարծիքով՝ եթե հարցնեք, թե իրադրության փոփոխություն կա՞, կարծում եմ, ունենք կարեւոր փոփոխություն, որը խորքը եւ գործնական արդյունքը գուցե տեսանելի չէ, բայց հասկացել եմ, որ, օրինակ, օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Թուրքիայի հետ հարաբերություններում հաղթահարված են կոմունիկացիոն բարդույթները։ Սա կարող է թույլ բան թվալ, բայց վստահեցնում եմ, որ նախկինում այդ հարցը եղել է՝ հանդիպե՞լ, թե ոչ, խոսե՞լ, թե ոչ։ Սա գործնական նշանակություն է ունեցել։ Այսօր դա վերացված է ոչ միայն կառավարության, այլեւ հանրության մակարդակով»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ