Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիզկուլտուրայի եւ սպորտի մայր բուհում գնահատեցին մարզիչների աշխատանքը

Նոյեմբեր 02,2022 14:49

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում այսօր ցանկալի հյուր էին կանանց բռնցքամարտի, ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի եւ ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունների չեմպիոններն ու մրցանակակիրները, նրանց անձնական եւ հավաքականների մարզիչները: Նրանք բոլորը ՀՖԿՍՊԻ-ի շրջանավարտներ են կամ ուսանողներ:

Ողջունելով նրանց՝ ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանն ասաց. «Մեզ համար շատ կարեւոր է, որ այս դժվարին պայմաններում մեր մարզիկները միջազգային հեղինակավոր մրցումներում նման հաջողություններ են գրանցում: Մեր երկիրը, մեր ժողովուրդը դրա կարիքն ունեն: Ես վերջին շրջանում իմ հրապարակային ելույթներում ասել եմ, որ սպորտն այն ոլորտն է, որտեղ Հայաստանը կարողանում է միջազգային հարթակներում ամենաբարձր մակարդակով ներկայանալ: Ու երեւի կրկնեմ իմ այն միտքը, որ Հայաստանում չկա մեկ այլ ոլորտ, որտեղ մեր երկիրը նման բարձր հաջողություններ է գրանցում»:

Դավիթ Խիթարյանը նշեց, որ մարզիկների հաղթանակներում անգնահատելի դերակատարություն ունեն անձնական եւ հավաքականների մարզիչները: «Մարզիկներին սպորտի այբուբենը սովորեցնում ու վերջնական արդյունքի հասցնում են մարզիչները: Եվ մեր այսօրվա նախաձեռնության գլխավոր նպատակն է՝ եւս մեկ անգամ գնահատել ոչ միայն մարզիկների հաղթանակները, այլեւ դրան հասնելու ճանապարհին նրանց հետ օր ու գիշեր աշխատող մարզիչների աշխատանքը:

Բոլորդ, հավանաբար, հետեւում եք, տեղյակ եք կրթության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու պատճառաբանությամբ վերջին շրջանում բուհերի խոշորացման նպատակ հետապնդող գործընթացներին, որի արդյունքում նաեւ մեր ինստիտուտն է ներառվել միավորվող բուհերի ցուցակում: Մեր դիրքորոշումը շատ հստակ է եղել: Դեմ ենք: Մենք առաջարկում ենք ցույց տալ մեկ այլ ոլորտ, որտեղ բուհի շրջանավարտները կարողանում են հասնել այսպիսի մեծ հաջողությունների: Շատերը շփոթում են, թե մեր ինստիտուտը մարզիկներ պատրաստող դպրոց կամ ֆեդերացիա չէ: Այս մասով մենք, իհարկե, առարկություն չունենք: Բայց միշտ ընդգծում եւ հիմնավորում ենք, որ այդ մարզիկներին պատրաստում են մարզիչները, որոնք մեր բուհի շրջանավարտներն են եւ գիտելիքները, հմտությունները, նրանք ձեռք են բերում մեր ինստիտուտում: Եվ դրա վկայությունը նրանց սաների՝ օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ու գավաթների խաղարկությունում, միջազգային հեղինակավոր այլ մրցաշարերում փոքրիկ Հայաստանի համար նվաճած մեդալներն են: Մենք կարեւորում ենք ապագա մասնագետներին տրվող սպորտային գիտության դերը, առանց որի ժամանակակից սպորտում դժվար է հասնել հաջողության:

Ես եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր մարզիչ-մասնագետներին, որ այս դժվար պայմաններում քրտնաջան աշխատանքով, իրենց գիտելիքների վրա հենվելով կարողանում են պատրաստել այնպիսի մարզիկների, որոնք հասնում են մեծ հաջողությունների՝ ճանաչելիություն ու փառք բերելով մեր հայրենիքին»,-ասաց ռեկտորը եւ մարզիչներին պարգեւատրեց ինստիտուտի շնորհակալագրերով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930