Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարգավիճակ բառը, որպես այսօրվա լուծման խնդիր, փորձել ենք մի կողմ դնել»․ Փաշինյանը Սոչիի հանդիպման փակագծեր բացեց

Նոյեմբեր 02,2022 14:18

«Արդյոք այդ հանդիպման արդյունքում կարո՞ղ եմ արձանագրել, որ քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ։ Այո, միանշանակ, դա շատ օգտակար եւ կարեւոր հանդիպում էր։ Իհարկե, այն ունեցել է հրապարակային եւ դռնփակ մաս։ Շատ կարեւոր հարցեր են հնչել»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ՀՀ 2023թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ կայացած իր եւ Ալիեւի հանդիպմանը։

Փաշինյանը նկատեց՝ այդ հանդիպումից առաջ ՀՀ-ում քննարկումներ էին այն մասին, թե արդյոք ՀՀ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունների եւ Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ գնում է այն հնարավոր տարբերակով, որն առկա է դաշտում․ «Խոսք էր գնում այն մասին, թե որքանով է կառավարությունը եւ բանակցող պաշտոնյաների քաղաքականությունը համապատասխանում ՀՀ եւ ԼՂ շահերին։ Կարծում եմ՝ Սոչիի կարեւոր նրբություններից մեկն այս հարցի պատասխանն էր։ Այնպես չէր, որ հարցի պատասխանը Սոչիից առաջ չկար, պարզապես հիմա հրապարակային կարող ենք տեսնել եւ համեմատել, թե մեր քաղաքականությունը որքանով է համապատասխանում տեսլականին, որն առաջարկվում է նաեւ ընդդիմության կողմից»։

Ըստ նրա՝ քննարկում կա, որ առկա է ռուսական եւ ոչ ռուսական հայեցակարգ․ «Փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ կառավարության քայլերը հակասում են ռուսական հայեցակարգին։ Այդպես չէ։ Նախկինում չէի կարող հրապարակայնացնել, բայց քանի որ հայեցակարգերի հեղինակներն իրենք են բացահայտել նրբությունները, ես կարող եմ այդ դիտանկյունից անդրադառնալ։ ՌԴ մեր գործընկերների կարծիքով՝ ճիշտ մոտեցումն այն է, որ ԼՂ կարգավիճակը հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։ Սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին չկա հնարավորություն գտնելու կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի։ Ամեն դեպքում։ Իմաստն այն է, որ կարգավիճակի հարցը հետաձգվի։ Կառավարության քաղաքականությունը համապատասխա՞ն է այս տեսլականին։ 100%-ով։ Մենք շատ ենք քննադատվել, բայց չենք կարողացել բացատրել, թե ինչու ենք այդպես վարվում։ Կա հարցի երեք բաղադրիչ՝ ԼՂ հայության անվտանգություն, իրավունքներ եւ կարգավիճակ։ Կարգավիճակ բառը, որպես այսօրվա լուծման խնդիր, փորձել ենք մի կողմ դնել հենց այդ տեսլականի բերումով, որովհետեւ համաձայն ենք ՌԴ-ի հետ, որովհետեւի դա կբերի անխուսափելի ճգնաժամի։ Ուրախ եմ, որ հիմա սա կարող եմ ասել»։

Փաշինյանի խոսքով՝ Սոչիում տեղում առաջարկել են երկարացնել ԼՂ-ում տեղակայված խաղաղապահների մանդատն անորոշ ժամանակով․ «Առաջարկը չի ընդունվել, բայց արձանագրեմ, որ իմ ընկալմամբ՝ հարցը դարձավ օրակարգային։ Ըստ նոյեմբերի իննի փաստաթղթի՝ խաղաղապահների ժամկետը երկարեցվում է ինքնաշխատ, եթե վեց ամիս առաջ կողմերից մեկը չի առարկում։ Ցանկացանք ֆիքսենք, որ առարկության ինստիտուտն այս պահից պետք է հաղթահարվի։ Այս փուլում առաջարկը չընդունվեց, բայց, իմ տպավորությամբ, հարցը դառնում է օրակարգային»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930