«Շատ կարեւոր եմ համարում այն ցուցանիշները եւ նպատակները, որոնք մենք ունենք պաշտպանության ոլորտում։ 2023թ-ի համար պաշտպանական ոլորտի ծախսերը, 2018թ․-ի համեմատ, աճում են 113%-ով կամ 270 միլիարդ դրամով»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ՀՀ 2023թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ 2023թ․-ի պաշտպանական բյուջեն կազմում է 509 միլիարդ դրամ․ «Բանակի բարեփոխումների գործընթաց ենք ձեռնարկել, մի շարք օրենքներ ուղարկվել են ԱԺ։ Նպատակն է՝ սահմանել չափանիշ եւ դրան համապատասխան աշխատավարձ։ Գործընթացի նպատակը եւ իմաստն է անցում անել պրոֆեսիոնալ բանակի եւ ՀՀ պաշտպանունակության բարձրացմանը։ Ընդգծեմ, որ պաշտպանության ոլորտի ծախսերի էական ավելացումը եւ բարեփոխումը, պրոֆեսիոնալ բանակի անցնելու նպատակը որեւէ կերպ չեն հակասում խաղաղության այն օրակարգին, որը որդեգրել է ՀՀ կառավարությունը։ Բանակը կարեւոր ինստիտուտ է, որը պետք է կայանա։ Բարձր չափանիշների բանակ ունենալու խնդիր ունենք, մյուս կողմից, դա չի հակասում խաղաղության օրակարգին։ ՀՀ-ն այն առաջ է մղելու հետեւողականորեն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ