«Ցավով արձանագրեմ (եթե որեւէ մեկը մտածում է, որ չգիտեմ այդ մասին, ապա գիտեմ), որ սրճարաններում ծխելու արգելքը բավարար ձեւով եւ չափով չի գործում։ Ոստիկանության առաջ խնդիր եմ դրել, որ այդ հարցում լինենք հետեւողական»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ՀՀ 2023թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առողջապահական համակարգի խնդիրները շեշտելով՝ նա նշեց․ «Մեր մոտ այդ մշակույթը զարգացած է, որ բժշկի ենք դիմում այն ժամանակ, երբ հնարավոր չէ դիմել։ Երբեմն սոցիալական հնարավորություններից ելնելով՝ բժշկի դիմելը մարդիկ հետաձգում են։ Երբ տեսնում են, որ գործադիրը հնարավորություն է ստեղծում, կանխատեսումները փոխվում են։ Շահառուների իրական թիվն էլ է փոխվում, որովհետեւ մարդիկ սկսում են ոչ թե ավելի ուշ դիմել, այլ շուտ։ Այստեղից խնդիրներ են առաջանում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ