Լրահոս
Օրվա լրահոսը

«Փախե՛ք «հոգեբան»-ից, եթե»

Նոյեմբեր 02,2022 12:44

Արդեն լայն տարածում է ստացել որոշ «հոգեբան»-ների կողմից անթույլատրելի՝ հոգեբանական էթիկայի նորմերի բազում խախտումներով, որոշ դեպքերում հոգեբանական աշխատանքի հետ աղերս չունեցող գործունեության ծավալումը։

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը, լինելով առաջինը, և ըստ էության պրակտիկ հոգեբանության հիմնադիրը Հայաստանում, պատասխանատվություն է կրում Հայաստանում իրականացվող հոգեբանական գործունեության բոլոր դրսևորումների համար։ Մենք անհանգստացած ենք նման մասնագետների ոչ պրոֆեսիոնալ, շատ դեպքերում վտանգավոր գործունեությամբ և տեղեկացնում ենք այն հնարավոր վտանգավոր քայլերի մասին, որոնց դեպքում օգտակար է անմիջապես հեռանալ նման մասնագետներից։

Պատկերավոր լինելու համար վերնագրել ենք ՝«ՓԱԽ Ե՛Ք «հոգեբան»-ից, եթե».

• Ձեր հրավերով համաձայնում է խորհրդատվություն իրականացնել սրճարանում, զբոսայգում կամ այլ հասարակական վայրում:
• Ձեզ հրավիրում է սուրճ խմելու և առաջարկում սրճարանում խորհրդատվություն իրականացնել:
• Առաջարկում է կամ համաձայնում է զուգահեռ աշխատել ընտանիքի տարբեր անդամների (բացառությամբ ընտանեկան կամ զույգերի թերապիա)կամ ընկերների և բարեկամների հետ:
• Ձեզ համեմատում է իր կամ իր ծանոթների հետ:
• Բացահայտ իր կողմ կամ դեմ լինելն է հայտնում այս կամ այն հարցի վերաբերյալ:
• Խոսում է Ձեզ անհասկանալի տերմիններով:
• Հիվանդություն է ախտորոշում և դեղեր նշանակում:
• Այցելուին ընդունում է ոչ ապահով միջավայրում (խորհրդատվության տարածքում կարող է իրենց լսեն կամ այլ մարդ մտնի սենյակ):
• Այցելուի հետ աշխատում է մեկ այլ այցելուի ներկայությամբ:
• Նույն ժամին զուգահեռաբար աշխատում է երկու և ավելի այցելուի հետ (միաժամանակյա աշխատանքի սեանս ցուցադրում):
• Այցելուի հետ աշխատանքի ժամանակ պատասխանում է հեռախոսի զանգերին, ինքն է զանգում կամ հեռախոսում ինչ-որ բան է փնտրում։
• Առանց այցելուի թույլտվության ձայնագրում է հանդիպումը։
• Քննադատում կամ խրախուսում է այցելուի այս կամ այն արարքը։
• Գնահատականներ է տալիս, պիտակավորում է, ամոթանք տալիս։
• Սեփական կյանքի օրինակները, դրվագները պարտադրում է այցելուին։
• Քարոզներ է կարդում, «դաստիարակչական» աշխատանք տանում
• Փորձում է ցուցադրել, որ ինքն այցելուից ավելի բանիմաց է, օգտագործում է «ես ավելի լավ գիտեմ, թե քեզ ինչ է պետք» և նման արտահայտություններ։
• Խտրական վերաբերմունք է ցուցաբերում այցելուի կրոնական, սեռական, ռասայական կամ որևէ այլ կողմնորոշման նկատմամբ։
• Արժեզրկող, գնահատողական վերաբերմունք է դրսևորում այցելուի հանդեպ, օգտագործում է «թեթև տար» և նման արտահայտություններ։
• Անհիմն հուսադրում է, երաշխիքներ է տալիս, օգտագործում է«լավ կլինի», «կանցնի կգնա» և նման արտահայտություններ։
• Խորհուրդներ է տալիս, օգտագործում է «գնա մազերդ այս գույնի ներկի, քանի որ իմ մայրիկի մազերն այդ գույնի են», «Դու ինձ լսիր, սպասիր, տես՝ ես քեզ ինչ եմ ասում» կամ նման արտահայտություններ։
• Սեռական ոտնձգությունների դիմում, սեռական հարաբերությունների առաջարկ է անում այցելուին կամ ցանկացած այլ կերպ խախտում մարմնական սահմանը՝ չափազանց մոտ է նստում, հպվում է…
• Համաձայնում է աշխատել ներկա կամ նախկին սեռական զուգընկերոջ հետ։
• Համաձայնում է գնալ տուն կամ որևէ այլ վայր, այցելուին հանդիպել իբրև նրա բարեկամներից որևէ մեկի ծանոթ և, առանց նրան տեղեկացնելու իր մասնագիտության մասին, փորձում իրականացնել «հոգեբանական» աշխատանք։
• Այցելուին հրավիրում է տուն։
• Ընդունում կամ տալիս է նվերներ։

Խնդրում ենք ուշադիր լինել, և եթե հոգեբանի հետ հանդիպման ժամանակ ինչ-որ բան կասկածելի է թվում, չեք հասկանում նրա որևէ խոսք, վերաբերմունք, վարմունք, գրեք մեզ և ստացեք պրոֆեսիոնալ մասնագիտական կարծիք։

Հոգեբանական գործունեություն իրականացնող բոլոր մասնագետներին ևս մեկ անգամ հորդորում ենք անվերապահորեն հետևել հոգեբանի էթիկական կոդեքսին։

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930