«Ոչ ֆինանսական մի կարեւոր խոստում կամ հանձնառություն կա, որն, իմ կարծիքով, ունի կարեւոր քաղաքական եւ տնտեսական նշանակություն։ Մենք խոստացել էինք, որ պայմաններ կստեղծենք հայկական ավիացիայի վերածննդի համար։ Ճիշտն ասած, ցանկացա խոսել այս մասին, որովհետեւ վերջին օրերին այցեր եմ ունեցել այլ երկրներ եւ դա տեսանելի է։ 2018-19թթ․-ին, երբ վայրէջք էի կատարում «Զվարթնոց» օդանավակայանում, հանդիպում էի բացարձակ դատարկության»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ՀՀ 2023թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց․ «Շատ հաճախ մեր օդանավակայանում գեթ մեկ օդանավ չկար։ Եթե հատուկենտ պատահում էին, օտարերկրյա օդանավեր էին։ Հաճույքով եմ արձանագրում, որ մեկնելիս եւ վերադառնալիս արձանագրում ենք հայկական օդանավերի առկայություն մեր օդանավակայանում, ընդ որում տեսնում ենք, որ շարքն աճում է։ Այն պահից, երբ կառավարությունը հայտարարեց մասնավոր ընկերությունների հետ ներդրմամբ համատեղ ավիաընկերություններ հիմնելու մասին, նաեւ մասնավորում է դա հետաքրքրություն բերել։ Այսօր ավիացիոն փոխադրումների ոլորտում աշխուժություն ենք տեսնում․ սա ճշգրիտ վիճակագրություն չէ, բայց չվերթների մոտ 30%-ն իրականացնում են հայաստանյան ավիաընկերությունները։ Իհարկե, ավիացիայի ոլորտում ունենք խնդիրներ, սեւ ցուցակ, բայց համոզված եմ, որ ինստիտուցիոնալ կերպով այդ խնդիրները կհաղթահարենք»։
Նիկոլ Փաշինյանը նաեւ հավելեց․ «Տնտեսության համար կարեւոր է կանխիկի օգտագործման կրճատումը, որովհետեւ դա նաեւ հակակոռուպցիոն ազդեցություն ունի․ «Եթե կառավարությունը գնում է այդ ճանապարհով, ուրեմն անկեղծ է կոռուպցիայի դեմ պայքարում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ