Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով. Մոսկվան այսպես է նայում՝ որոշել եք նարդի խաղալ, խաղացեք, տեսնենք՝ ով ինչ կշահի. «Հրապարակ»

Նոյեմբեր 02,2022 11:18

Սոչիի ինտրիգն ավարտված է բավականին չեզոք հայտարարությամբ, որը ցույց է տալիս, թե դեռ ինչքան երկար ճանապարհ ունենք մեզ հետաքրքրող հարցերի շուրջ Ադրբեջանի հետ հստակության հասնելու համար։

Զրուցել ենք ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ, որը պաշտոնական Մոսկվայի խոսնակներից է համարվում։

Խաղաղության  պայմանագրի մասով նորություն չկա, փաստորեն։  

– Խաղաղության պայմանագրի նախապատրաստումը գործնականում ընթանում է։ Ըստ որոշ տվյալների՝ կա ինչ-որ կմախք, որը, իբր, Ադրբեջանն է նախապատրաստել, որի վրա աշխատում է Հայաստանը, բայց դրա մասին ոչ մի բառ չկա հայտարարության մեջ։ Չեն հիշատակվում նաեւ ամերիկյան, բրյուսելյան պլատֆորմները։ Որքան ես գիտեմ, Բրյուսելում Ալիեւը եւ Փաշինյանը կրկին հանդիպելու են դեկտեմբերին, եւ շատ հնարավոր է, որ ստորագրեն ինչ-որ համաձայնագիր, խաղաղության պայմանագիր։ Ինտրիգն այն է, թե ինչ պայմաններով դա կլինի։ Որովհետեւ խաղաղության պայմանագրի տրամաբանությունը ենթադրում է, որ դուք ընդունում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ եթե Հայաստանը դա ստորագրում է, հետեւապես, նաեւ ընդունում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Դա տրամաբանական է։ Երրորդ պահն էլ այն է, որ հայկական դիվանագիտությունը ԵԽ-ի օգնությամբ փորձում է վերակենդանացնել Մինսկի խումբը, որպեսզի որոշի ԼՂ-ում մնացած հայկական անկլավի ճակատագիրը։ Բայց այստեղ կա երկակի քայլ՝ նկատի առնելով այն, որ պատերազմի ժամանակ Հայաստանը հրաժարվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղը։

Հայտարարությունից հետեւում է, որ ՌԴ խաղաղապահները պահանջված են, նրանց մանդատը երկարացվելո՞ւ է։ 

– Մեր խաղաղապահներն իրականում չունեն միջազգային մանդատ, ինչպես, օրինակ, Աբխազիայում, որտեղ այդ մանդատը խաղաղապահներն ունեին։ Իրավական առումով սա ընդամենը նշանակում է Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի զինուժի որոշակի կոնտինգենտի ներկայություն։ Իսկ այդ դեպքում մենք, ցավոք, պարտավոր ենք որոշել ՌԴ խաղաղապահների ճակատագիրը՝ նրանց այնտեղ տեղակայման ժամկետները բացառապես Բաքվի հետ երկխոսության արդյունքում, առանց Երեւանի։

Բայց Փաշինյանն ասել է, որ ՌԴ խաղաղապահների տեղակայման ժամկետը երկարացվելու է առնվազն 20 տարով։  

– Նիկոլ Փաշինյանը մի բան է ասում, բայց դուք ուզում եք, որ ես վերլուծեմ այն, ինչ կա իրականում,  չէ՞։ Իսկ իրականության մեջ իրավական առումով այդպիսի տարբերակ է բացվում։ Մյուս պահը՝ կարող է մանդատը երկարացվել, իսկ կարող է չերկարացվել։ Բացառիկ դեպքում հնարավոր է, որ Ալիեւը գնա Ղարաբաղին ինչ-որ կարգավիճակ շնորհելու, Սան Մարինոյի ստատուս տալու, բայց ինչ էլ լինի, դա լինելու է միմիայն  Ադրբեջանի կազմում։ Արդյունքում հակասությունները ֆորմալ առումով չեն վերացել։ Դիվանագիտական ջանքերը շարունակվում են, եւ հիմա բոլորը սպասում են, թե ինչ օգուտ է տալու արեւմտյան խաղը։ Մեզ համար անսպասելի էր այն, որ Պուտինը գրավեց նեյտրալ դիրք, որը հայտարարության մեջ մաքսիմումի է հասցված։

Միջանցքի մասին խոսք եղե՞լ է Սոչիում, հայտարարության մեջ չկա ոչինչ։ 

– Ադրբեջանն է նախաձեռնում այդ հարցը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա Զանգեզուրի միջանցքի մասին ոչինչ։ Հայաստանն իր տարբերակն է առաջարկում, եւ սա զուտ բանավեճի հարց է։ Բայց գոյություն ունի դելիմիտացիայի պրոբլեմ, որը հնարավոր չէ իրականացնել առանց ռուսական քարտեզների։ Բրյուսելի օրակարգն ունի նույն հարցերը, ինչ մոսկովյանը։ Նրանք կարող են ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց դելիմիտացիան ի՞նչ հիմքերով են իրականացնելու, Փաշինյանի ու Ալիեւի միջեւ անձնական պայմանավորվածությունների՞, թե՞ ինչ-որ այլ քարտեզների օգտագործմամբ։ Կարող են լինել 2018-2020 թվականների քարտեզները, որոնք Հայաստանը ներկայացրել էր Վերսալի կոնֆերանսի ժամանակ, 2019 թվականին։ Իսկ եթե Ռուսաստանի քարտեզներով է լինելու դելիմիտացիան, ապա ստացվում է, որ Ռուսաստանը ներկա է։ Ռուսաստանը՝ որպես ռեալ ուժ ու գործոն, գոյություն ունի, սակայն գրավել է նեյտրալության, հավասար հեռավորության դիրք ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Ադրբեջանից։

Մենք չե՞նք Ձեր ռազմավարական գործընկերը։  

– Պատճառները տարբեր են։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Երեւանն իրեն պատից պատ խփում Մոսկվայի ու Բրյուսելի արանքում, ու Ալիեւը չի խանգարում այդ խաղին։ Նրա համար  միեւնույն է, թե որտեղ ստորագրի խաղաղության պայմանագիրը՝ Մոսկվայո՞ւմ, Բրյուսելո՞ւմ, թե՞ Թեհրանում, որովհետեւ խոսքն իր պայմանների մասին է։ Մոսկվան էլ այսպես է նայում՝ որոշել եք նարդի խաղալ՝ խաղացեք։ Տեսնենք, թե ով ինչ կշահի։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930