Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սոչիի հանդիպման կարեւոր ազդակները. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 02,2022 10:51

Սոչիում հոկտեմբերի 31-ին եռակողմ հանդիպմանը նախորդած երկկողմ հանդիպումների արարողակարգային հատվածում արդեն ի հայտ եկան հակադրություններ՝ ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների, այլեւ Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների դիրքորոշումների միջեւ:

Ինչպես պարզվեց եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահի արած հայտարարությունից, այդ հակադրությունները եղել են նաեւ փակ բանակցությունների ժամանակ, այդ պատճառով էլ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունից հանվել են նախօրոք փորձագետների առաջարկած որոշ դրույթներ:

Չնայած այդ ամենին՝ Սոչիի հայտարարությամբ ամրագրվեց կարեւորագույն դրույթ, որի մասին արդեն տեւական ժամանակ խոսում է ՀՀ քաղաքական ղեկավարությունը: Փաստաթղթի առանցքային դրույթը՝ ուժի ու ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալը, բոլոր հարցերը բացառապես փոխադարձ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Ալմա-Աթայի 1991 թ. դեկլարացիայի հիման վրա լուծելը: Վերոնշյալ դրույթն ուղղակիորեն արձանագրում է, որ Ադրբեջանը ներխուժել է միջազգայնորեն ճանաչված ՀՀ ինքնիշխան տարածքներ: Սա նաեւ նշանակում է, որ երկրների միջեւ սահմանագծումն ու սահմանազատումն իրականացվելու են Ալմա-Աթայի 1991 թ. դեկլարացիայով, որի հիմքերը պետք է ներկայացնի ՌԴ-ն՝ իր արխիվներում պահպանվող, իրավական ուժ ունեցող քարտեզների տեսքով:

Հանդիպման արդյունքում հրապարակված հայտարարությունից պարզ է դառնում, որ շեշտադրվել է նաեւ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի ինտենսիվացման դրույթը: Սոչիում կատարվեց կարեւոր արձանագրում, որը հիմնարար է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար, այն է՝ կողմերը վերահաստատեցին 1991 թ. Ալմա-Աթայի դեկլարացիայում ամրագրված նախկին միութենական սահմանները, ինչը հիմք է եղել նաեւ ՄԱԿ-ի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի ճանաչման համար: Սա նշանակում է ոչ միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրս բերում, այլեւ Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհների՝ երկրների ինքնիշխանության ներքո դիտարկելու հիմք:

Այլ կերպ ասած՝ Սոչիում արձանագրվեց էական դրական քայլ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան հիմնահարցի լուծման գործընթացում: Վերջինիս մասին է խոսում այն միտումը, որ, ըստ էության, Արցախի խնդիրը տարանջատվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, ինչը վերացնում է կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտներից մեկը՝ միաժամանակ արձանագրելով Արցախի կարգավիճակի առկախ վիճակը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930