Լրահոս
Օրվա լրահոսը

Սոչիի սեւ անձրեւանոցը

Նոյեմբեր 02,2022 11:00

Սկիզբը՝ այստեղ:

Ի՞նչ է ենթադրում՝ «խաղաղությունը՝ հիմա, Արցախը՝ հաջորդ սերունդներին» բանաձեւը: Դրանից բխում է՝ «խաղաղություն՝ առանց Արցախի», եւ նոր հարց է ծագում՝ իսկ Արցախ կմնա՞ հաջորդ սերունդներին

Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը, ինչը սպասելի էր. երկար դադարից, ինչպես նաեւ Բրյուսելի հովանու ներքո անցկացված մի քանի բանակցություններից հետո Պուտինը «դեմք փրկելու» խնդիր ուներ, որպեսզի ցույց տա աշխարհին, որ Հարավային Կովկասում ՌԴ-ն չի զիջել Արեւմուտքին:

Պուտինը Սոչիում հյուրերին ընդունեց բարձր տրամադրությամբ, ցույց տալու համար, որ պահպանում է կողմերի հետ ջերմ կապեր: Նա վստահեցրեց, որ ռուսական կողմը կշարունակի ներդնել բոլոր ջանքերը` խաղաղության եւ կայունության հասնելու համար: Հանդիպման արդյունքներով ընդունվեց եռակողմ հայտարարություն, որում կողմերը դարձյալ շեշտեցին 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։ «Վերահաստատեցինք նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանման հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության եւ կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։ Համաձայնեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել մնացյալ, այդ թվում` հումանիտար խնդիրների հրատապ լուծման ուղղությամբ», ասվում է համատեղ հայտարարությունում:

Դարձյալ «հումանիտար» խնդիրների մասին հիշատակելով՝ ռուսական կողմը խուսափել է օրինակ՝ հայ ռազմագերիների եւ պահվող անձանց վերադարձը չապահովելու հարցում ադրբեջանական կողմի ուղղությամբ սլաք ուղղել: Բացի այդ՝ «հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման» մասին էլ նշելիս՝ Լեռնային Ղարաբաղի մասին որեւէ հիշատակում չկա այդ հայտարարությունում, մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ Պուտինը «Վալդայան ակումբում» ասել էր. «Եթե հայ ժողովուրդը եւ Հայաստանի ղեկավարությունը համարում են, որ Ղարաբաղն ունի յուրահատկություններ…»: Փաստորեն, երբ պետք է «արեւմուտքի տարբերակին» հակադրվել՝ Լեռնային Ղարաբաղը Մոսկվայի համար ունի «յուրահատկություններ», սակայն, երբ Ռուսաստանի հովանու ներքո պաշտոնական հայտարարություն է ընդունվում՝ այդ «յուրահատկությունները» հօդս են ցնդում:

Իրականում, Մոսկվայի պահվածքում որեւէ զարմանալի բան չկա: Հետաքրքրականն այլ բան է. Հայաստանում եւ Արցախում՝ ի պաշտպանություն «ռուսական տարբերակի», պաթետիկ ելույթներ են հնչում՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հույսի վերաբերյալ, եւ այս առումով առավելապես ուշագրավ կլինի լսել այդ ուժերի մեկնաբանությունները: Համենայնդեպս, առայժմ այդ շրջանակներից չի հնչել՝ «Փաշինյանը Սոչիում ծախեց Ղարաբաղը» մեղադրանքը, ինչը թույլ է տալիս արձանագրելու, որ այդ ուժերին հրահանգված է ընդամենը մերժել «Արեւմուտքի տարբերակը»: Այսինքն, Արցախի ճակատագիրն, իրականում, որոշ ուժերի համար արդեն «լուծված» է, մնացածը իրենց քաղաքական շահերն են ու խաղերը:

«Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը: Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել եւ լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրի», ասվում է հայտարարությունում։

Եվ դարձյալ ոչ մի խոսք՝ ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի գործած ագրեսիայի մասին: Պարզ է, թե ով կարող էր հակադարվել այդ թեմայի արծարծմանը, իհարկե՝ Ադրբեջանը: Բայցեւ արձանագրենք, որ Ռուսաստանը, որ հանդիսանում է Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը՝ չի կարողանում այնպիսի ձեւակերպումներով հայտարարություն ընդունել, որում կերեւա հարձակվող-տուժող կողմերը: Սա էլ իր հերթին, փաստում է այլ իրողություն. Ռուսաստանը ոչ լավ դաշնակից է, ոչ լավ միջնորդ, ոչ էլ լավ խաղաղապահ: Իրականում՝ հնարավոր չէ այս երեքը համատեղել, ակնհայտ է, որ կա շահերի բախում, այդ երեքը միաժամանակ հնարավոր չէ կատարյալ իրականացնել: Ցավը նա է, որ դա Մոսկվան չի ցանկանում խոստովանել:

«Ընդգծեցինք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարեւորությունը՝ տարածաշրջանում կայուն եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով։ Առկա աշխատանքային տարբերակների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ ՌԴ-ն հնարավոր օժանդակություն կցուցաբերի դրան: Շեշտեցինք ՀՀ-ի եւ ԱՀ-ի միջեւ դրական մթնոլորտի ձեւավորման կարեւորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների եւ կրոնական առաջնորդների միջեւ երկխոսության շարունակման, ինչպես նաեւ երկու երկրների ժողովուրդների միջեւ վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար», նշվեց Սոչիի հայտարարության մեջ։

Անդրադառնանք նաեւ մինչ բանակցությունները հնչած կարեւոր գնահատականներին:

Փաշինյան-Պուտին հանդիպմանը ՌԴ նախագահը նշել է. «Բոլորովին վերջերս Ձեր նախաձեռնությամբ հեռավար կերպով անցկացվեց ՀԱՊԿ պետությունների առաջնորդների նիստը: Մենք տեսնում ենք մեր գործընկերների մոտեցումները, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին եւ Ղարաբաղի շուրջ: Այդ հակամարտությունը ձգձգվում է արդեն տասնամյակներ, դրա համար էլ պետք է ինչ-որ ժամանակ այն ավարտել, համաձայն եմ դրա հետ: Գիտեմ, որ Դուք ունեք քաղաքական կամք դրա համար, եւ մենք ամեն կերպ աջակցում ենք: Մենք Ձեզ հետ պետք է, իհարկե, հիմա, այնուհետեւ եռակողմ ֆորմատով գտնենք առանցքային պահերը, որոնք թույլ կտան մեզ առաջ շարժվել: Ես թույլ կտամ ինձ հիշել, թե ինչպես հասանք զինված հակամարտության դադարեցման պայմանավորվածությանը: Եվ այն ժամանակ էլ մենք բոլորս ելնում էինք նրանից, որ ամենագլխավորը` խաղաղություն հաստատելն ու զարգացման համար պայմաններ ապահովելն է, այդ թվում` Հայաստանի տնտեսության զարգացման համար, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, նոր երթուղիների ստեղծումը, բոլոր հարցերը, որոնք կապված են տնտեսության զարգացման, սոցիալական ոլորտի հետ, վերջնաարդյունքում դա այն է, ինչի համար մենք աշխատում ենք: Այդ ամենը ծրագրվում է մարդկանց շահերից ելնելով: Դրա համար մենք պետք է այսօր խոսենք այդ բոլոր հարցերի շուրջ, եւ հույս ունեմ, որ առաջ կշարժվենք»:

Ուրեմն, Պուտինի համար՝ «ամենագլխավորը` խաղաղություն հաստատելն ու զարգացման համար պայմաններ ապահովելը» եւ նրա մեկնաբանությունից կարելի է ենթադրել, որ Մոսկվան շտապում է Հայաստան-Ադրբեջան խնդիրները կարգավորված տեսնել: Սա, իհարկե, խիստ դրական ցանկություն ու նպատակ է: Բայց՝ ինչպե՞ս…

Պուտինը նաեւ շեշտեց. «Մենք մշտապես ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, ինչպես ասացի ՀԱՊԿ առաջնորդների հետ հանդիպմանը` հեռավոր ժամանակներից մինչ օրս: Դրա համար սա մեզ համար ամեն դեպքում յուրահատուկ իրավիճակ է»:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձ կատարեց «Վալդայ» ակումբում Պուտինի կողմից հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեկնաբանություններին եւ Լեռնային Ղարաբաղի թեմային. «Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում մեզ համար ընդունելի են ռուսական կողմի՝ «Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքներն ու պարամետրերը» նախագծով առաջարկված մոտեցումները։ Հուսով եմ, որ Դուք կաջակցեք այսօրվա եռակողմ հանդիպման արդյունքներով հնարավոր հայտարարության տեքստում այս փաստաթղթին հղվելու առաջարկը։ Հայաստանն առաջարկել է, սակայն մինչ այժմ մենք չունենք հաստատում, որ ռուսական կողմը սատարում է այս առաջարկին։ Ցանկանում եմ ընդգծել, որ դա որեւէ կերպ չի հակասում պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Պրահայում այս տարվա հոկտեմբերի 6-ին։ Ի դեպ, պրահյան բանակցությունների ընթացքում ես ուղղորդվել եմ Ձեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրապարակային հայտարարություններով»։

Այնուհետեւ Փաշինյանը շեշտեց, որ հայկական կողմի համար կարեւոր է ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց, որտեղ նրանք ներխուժել են այս տարվա մարտին եւ որ ադրբեջանական զորքերը դեռ դուրս չեն եկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց։ Ինչ վերաբերում է ՀՀ-ի եւ ԱՀ-ի միջեւ պետական սահմանի սահմանազատման գործընթացին, ապա Փաշինյանը կարծիք հայտնեց, որ նախքան սահմանազատման աշխատանքների սկիզբը՝ դրան պետք է նախորդի ադրբեջանա-հայկական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու մեխանիզմների ստեղծումը. «Ռուսաստանի դիրքորոշումը կայանում էր նրանում, որ սահմանազատման հանձնաժողովի ձեւավորումն ու աշխատանքը ինքնին կդառնա սահմանների անվտանգության մեխանիզմ։ Անկեղծ ասած, այն ժամանակ մենք չէինք կիսում այս դիրքորոշումը, բայց ի վերջո որոշեցինք հիմնվել մեր ռազմավարական դաշնակցի, այսինքն՝ Ռուսաստանի մեկնաբանության վրա։ Չնայած դրան, այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը նոր ագրեսիա նախաձեռնեց Հայաստանի դեմ եւ օկուպացրեց մեր երկրի նոր տարածքներ։ Մեզ համար շատ կարեւոր է ՌԴ հստակ դիրքորոշումն այս հարցում, ըստ որի` անհրաժեշտ է ադրբեջանական զորքերը դուրս բերել ելման դիրքեր 2021թ. մայիսի 11-ի դրությամբ»:

Գալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, Փաշինյանը նկատեց, որ պատրաստ է ցանկացած պահի կոնկրետ որոշումներ ընդունել՝ հիմնվելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարության վրա։ «Իսկ հարցի էությունը հետեւյալն է. ՀՀ տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է լինեն ՀՀ լիակատար վերահսկողության ներքո եւ գործարկվեն ՀՀ օրենսդրությանը համապատասխան։ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը պետք է վերահսկողություն իրականացնի վերոնշյալ պայմանավորվածությունների կատարման նկատմամբ»։ Նա նաեւ հիշեցրեց, որ Ադրբեջանում պահվող ՀՀ բոլոր քաղաքացիների ազատ արձակման եւ հայրենադարձության հարցի կարեւորությունը. «Չնայած այն հանգամանքին, որ մենք տասնյակ անգամներ քննարկել ենք այս հարցը, եւ հակառակ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ հարցը մինչ օրս չի լուծվել»։

Այսպես, Պուտինը Սոչիում շեշտեց՝ «խաղաղություն հաստատելու ժամանակն է», «պետք է ինչ-որ ժամանակ այն ավարտել», այս գնահատականներում որքանով է անկեղծ ռուսական կողմը, թերեւս, միայն իրենց է հայտնի: Սակայն Սոչիում Պուտինի արած հայտարարությունների հենց հաջորդ օրը ի՞նչ ենք լսում ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի շուրթերից… «Կարող եմ կրկնել այն, ինչ բազմիցս հայտարարվել է ՌԴ իշխանությունների եւ անձամբ նախագահ Պուտինի կողմից։ Մեր մոտեցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը այն հարցն է, որ հարկ է թողնել եկող սերունդներին։ Երբ կձեւավորվեն ընդունելի պայմաններ, որոնք արդարացի կլինեն բոլոր կողմերի համար։ Եվ անկասկած է, որ կարգավորման ողջ փաթեթը պետք է Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությունների արդյունք լինի։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին եւ դրա դրույթներին, դատելով Սոչիի հանդիպման արդյունքներից՝ հարցեր կան, որոնք դեռեւս չի լինում համաձայնեցնել, բայց դրանց ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն»։

Այսինքն, Հայաստան-Ադրբեջան խնդիրը Պուտինը շտապում է լուծել՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնելով ապագա սերունդների՞ն: Եվս մի քանի տասնամյակ՝ Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ թողնելով ազդեցության լծակներ՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության պայմաններո՞ւմ: Մոսկվան, իհարկե, ունի իր շահերն ու նպատակները, այստեղ որեւէ զարմանալու առիթ չկա, պարզապես, պետք է հասկանալ, որ ԼՂ-ի խնդրի առկայության վերաբերյալ արձանագրմամբ հանդերձ՝ բոլորովին էլ չեն մեծանում Արցախը հայկական պահելու հնարավորությունները:

Ի՞նչ է ենթադրում՝ «խաղաղությունը՝ հիմա, Արցախը՝ հաջորդ սերունդներին» բանաձեւը: Դրանից բխում է՝ «խաղաղություն՝ առանց Արցախի», եւ սրանից էլ նոր հարց է ծագում՝ իսկ Արցախ կմնա՞ հաջորդ սերունդներին:

Սոչիի եռակողմ բանակցությունների ավարտին Պուտինի տեսքն արդեն այլ էր, նա նկատելի լարված էր, կարելի էր ենթադրել, որ բանակցությունները հեշտ չեն եղել, դրանց ավարտին արդեն Պուտինի տեսքը բավական հոգնած էր: Սակայն նա չմոռացավ կրկին քննադատել Արեւմուտքին: Արեւմուտքն իր քաղաքականությունը վարում է այնպես, որ դուրս թողնի Ռուսաստանը բոլոր տեսակի ձեւաչափերից, իսկ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում դա միանգամայն անիրական է, ասաց Պուտինը Սոչիում Փաշինյանի եւ Ալիեւի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում: «Ինչու առանց Ռուսաստանի մասնակցության, մեզ համար հասկանալի է, եւ ոչ մեկին բացատրելու կարիք չկա. մեր եվրոպացի գործընկերներն իրենց քաղաքականությունը վարում են այնպես, որ փորձեն Ռուսաստանը դուրս թողնել բոլոր տեսակի ձեւաչափերից: Միանգամայն պարզ է, որ որոշ իրավիճակներում դա միանգամայն անիրական է, անհնար, ինչպես օրինակ՝ այս դեպքում: Բայց մենք մեր կողմից միշտ ողջունում ենք ցանկացած մասնակցություն՝ ուղղված կարգավորմանը»,- ասել է Պուտինը:

Պուտինը, բնականաբար, խուսափեց բացատրել, թե ինչո՞ւ Ռուսաստանը մերժեց ամերիկյան կողմից 2 անգամ Մոսկվային արված առաջարկը՝ հանուն ԼՂ-ի՝ նստել ու բանակցել: ՌԴ-ն, գոնե այս մի դեպքով, ակնհայտ է, որ ինքն է իրեն դուրս թողել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից: Ինչո՞ւ, դա այլ հարց է, փաստը մնում է փաստ: Պարզապես, նաեւ պետք է հասկանալ, որ նման հրավեր հնարավոր է դեռ շատ երկար Մոսկվային չարվի: Ու նաեւ չի կարելի բացառել, որ Մոսկվան ինքը ստիպված լինի արդեն ԱՄՆ-ին ու Ֆրանսիային հրավիրել ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափ: Բայց արդյո՞ք նրանք կընդունեն ռուսական հրավերը՝ 2 անգամ Մոսկվային ուղղված Վաշինգտոնի «ձեռքը» չսեղմելուց հետո:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 02.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930