Հանգիստ վերլուծել Հայաստանի վարչապետի՝ Սոչիում եւ Թեհրանում տեղի ունեցած այցելությունների արդյունքներն, այս պահին դժվար է՝ տեղեկատվական աղմուկն է շատ: Հայաստանում տարբեր ներքաղաքական եւ արտաքին հոսանքների կողմնակիցներն առանձնացնում են Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության առանձին նախադասություններ կամ դարձվածքներ եւ դրանք մեկնաբանում են՝ ելնելով իրենց՝ նախապես ձեւավորված համոզմունքներից, հաճախ՝ նախապաշարումներից: Պարզ է, որ կուսակցականները եւ դրանց շահերն արտահայտողները այդպես էլ պետք է վարվեն. օրինակ, ասեն, որ իր այցերով Փաշինյանը փրկեց Հայաստանը կամ հակառակը՝ վերջնականապես կործանեց այն:
Ինչպես ասում են՝ ամեն մարդ, տվյալ դեպքում՝ կուսակցություն, իր «ճիշտն» ունի (правда իմաստով): Բայց կա նաեւ ճշմարտությունը (истина), որը ոչ թե ինչ-որ հայտարարություն է կամ բանաձեւ, այլ ճանապարհ է՝ ինչ-որ բան հասկանալու: Եվ եթե փորձենք այդ ճանապարհով գնալ, ապա իսկական քաղաքագետները, փորձագետները, վերլուծաբանները (ոչ թե այս կամ այն հոսանքի քարոզիչները), ինչպես նաեւ մտածող, «չքաղաքականացված» մարդիկ այս թեմայով պետք է մի քանի հարցի պատասխան փնտրեն:
Արդյոք Ռուսաստանում եւ Իրանում հանդիպումներից հետո Հայաստանի սահմանների ուղղությամբ ադրբեջանական բանակի նոր հարձակումների հավանականությունը նվազե՞լ է: Արդյոք երաշխիքներ ստեղծվե՞լ են, որպեսզի «սահմանագծում» եւ «սահմանազատում» կոչվող միջոցառումներից առաջ, դրանց ընթացքում կամ դրանցից հետո ադրբեջանական ստորաբաժանումները լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքը:
Ալիեւը դեմ է, որպեսզի բանակցություններում կամ դրանք արտացոլող փաստաթղթերում որեւէ ձեւով նշվեն «Լեռնային Ղարաբաղ» բառերը, որովհետեւ գտնում է, որ նման խնդիր չկա, եւ նման վայր էլ աշխարհիս երեսին չկա: Պուտինը, մի քանի անգամ հայտարարելով հանդերձ, որ դա միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է, այնուամենայնիվ, ցանկանում է, որ այն ունենա ինչ-ինչ հատուկ կարգավիճակ (բնականաբար, իր երկրի շահերը հաշվի առնելով, ոչ թե մեր գեղեցիկ աչքերի համար): Արդյոք Ռուսաստանը բավականաչափ լծակներ ունի՞ Ադրբեջանին ճնշելու համար, եւ արդյոք այդ լծակները չե՞ն պակասի՝ Ուկրաինայում այդ երկրի անհաջողությունների ֆոնի վրա:
Կարդացեք նաև
Իմաստ ունի՞ արդյոք շարունակել Ադրբեջանի հետ բանակցությունների «արեւմտյան» ուղղությունը: Այդ երկու գործընթացները համադրելի՞ են, թե՞ հակադրելի:
Հարցերն, իհարկե, ավելի շատ են: Իմ հնչեցրածները պարզապես հարցերի օրինակներ են: Ես ուզում եմ ցույց տալ մտածելու ուղղություն, հնարավորինս մաքրելով այն կուսակցական եւ հուզական «բեռից»: Ընդ որում, նրանք, ովքեր այդ հարցերին ունեն միանշանակ պատասխաններ, կարծում եմ, մոլորության մեջ են:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պարոն Աբրահամյան
Ընդունելով ձեր առաջարկը ես էլ մտածելու ուղղություններ տամ:
Ինչու Սոչիում չի հիշատակվել ազգերի ինքնորոշման մասին, մի բան, որ արվում էր մինչեւ 2018 թվականը:
Ինչու էլ փակ դռների ետեւում Ալիեւին չեն ստիպում ճանաչել Արցախի անկախությունը:
It’s simple, Armenia has lost a war and things have changed for the worse for us (to put it mildly). We are actually lucky to be called to that meeting and that Syunik is still in Armenian hands. That’s what happens when you lose, not fun!
Չարը հաղթում է, իսկ բարին’ պարտվում, երբ չարը պաշտպանում է իր չար էությունը եւ ստիպում բարուն հրաժարվել իր բարի էությունից եւ դառնալ չար: Նույն սկզբունքն էլ բարու հաղթանակի դեպքում է, երբ բարին չարի հետ կռվում պաշտպանում է իր բարի էությունը եւ ՍՏԻՊՈՒՄ չարին իր չար էությունը փոխի եւ դառնա բարի: Չգիտեմ, այտերը դեմ տալով չարին, որքանո՞վ ենք ստիպում չարին բարի դառնալ: Ինչքան ուզում ես բարի եղիր, բայց եթե չարին բարի չես դարձրել, քո բարությունը խաբեություն է, այդ թվում նաեւ’ ինքնախաբեություն: Մնանք բարի եւ ստիպենք չարին դառնալ բարի: